Պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Բեռլինում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի դաշնային նախագահ (ԳԴՀ) Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Հայտնում է ՀՀ կառավարությունը։
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԳԴՀ նախագահի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով:
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը և ընդգծել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը: ԳԴՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը բոլոր ոլորտներում:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնման շուրջ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովի անցկացումը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային նշանակության այլ թեմաների:
Civilnet











