Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ։ Դեկտեմբերի 9-ին կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, Եվրոպական Միությունում` առաջինը, և մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա շարունակման ու զարգացման հարցում»,- ասաց Փաշինյանը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ասուլիսի ընթացքում անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրին ասաց, որ այն «համագործակցության լայն հնարավորություններ է բացում նաև Եվրոպական միության համար»:
«Մենք ցանկանում ենք քայլ առ քայլ ինտենսիվացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ, և մեր համատեղ ընդունած հռչակագրի մեջ էլ դա ասվել է գրավոր: Դա ճիշտ ուղղությամբ ընթացող ճանապարհն է և պատմական շանս է Հայաստանի համար››,- ասաց Գերմանիայի կանցլերը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանի համար ԵՄ խորքային ինտեգրման նոր հնարավորությունների ստեղծմանը՝ այդ թվում տնտեսական, էներգետիկ և ինստիտուցիոնալ ոլորտներում Մերցը ասաց՝ «Մենք մեծ շահագրգռվածություն ունենք Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ։ Կոնկրետ նախագծերի շուրջ պայմանավորվածություն ունենք, Գերմանիան կօգնի Հայաստանին նաև մի շարք նախագծերում»։
Պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Բեռլինում տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի դաշնային նախագահ (ԳԴՀ) Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Civilnet











