«TRIPP Company»-ն կգրանցվի Հայաստանում և կստանա անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք․ Փաշինյան

«TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում ելույթի ժամանակ:
«Մենք արդեն հաջորդ տարի կանցնենք փաստացի իրականացման և շինարարության փուլին։ Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ միասին ինտենսիվ բանակցություններ ենք վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ»,- ասել է վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ «TRIPP ուղի» նախագիծը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը, ունեն լիարժեք ներուժ` դառնալու Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ՝ ապահովելով Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև անխոչընդոտ կապ։
«Այս նախագծի իրականացումը, որը լիովին համապատասխանում է մեր Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, տարածաշրջանում կստեղծի լրացուցիչ կապեր և փոխկախվածություններ՝ դառնալով խաղաղության ևս մեկ կարևոր գործոն»,- ասել է վարչապետը։
Վարչապետը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների աստիճանական բացման քաղաքական համաձայնագիրն արդեն իրականություն է դառնում։
«Հոկտեմբերին նախագահ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ Սա շատ նշանակալի և դրական զարգացում է։ Այն, ինչ անհնար էր թվում ընդամենը մի քանի ամիս առաջ, այժմ իրականություն է. Ղազախստանից Հայաստան երկաթուղով հացահատիկ է տեղափոխվել Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Մեր հերթին, ինչպես հրապարակավ հայտարարել ենք, Հայաստանը պատրաստ է թե՛ քաղաքական առումով, թե՛ տեխնիկապես հնարավորություն տալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռների տարանցմանն իր տարածքով։
Այս ամենը հաշվի առնելով՝ վստահ եմ, որ հաստատված խաղաղության նկատմամբ ամենօրյա հոգատարության, Վաշինգտոնի հռչակագրի ոգուն հավատարիմ մնալու և գործընթացը խաթարող խոսույթներից հրաժարվելու միջոցով՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները կկարողանան ինստիտուցիոնալացնել երկու երկրների միջև երկարատև խաղաղությունը»,- ասել է վարչապետը։
Խոսելով տարածաշրջանի մասին, Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև առկա իրավիճակին։ Վարչապետի խոսքով՝ այդ շփումները տեղի են ունենում գրեթե բոլոր մակարդակներում։
«Գործնականում մենք շատ ակտիվ բանակցություններ և հարաբերություններ ենք պահպանում պաշտոնական Անկարայի հետ, նույնիսկ դե յուրե դիվանագիտականհարաբերությունների բացակայության պայմաններում։ Եվ ես հույս ունեմ, որ Թուրքիան կկայացնի երկար սպասված քաղաքական որոշումը՝ բացելու Հայաստանի հետ սահմանը և հաստատելու դիվանագիտական հարաբերություններ։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, «TRIPP ուղի» նախագիծը, Հայաստանի և Ադրբեջանի բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ, կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ կարող են Հարավային Կովկասը դարձնել ամենագրավիչ տարանցիկ միջանցքներից մեկը՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք երթուղիների հետ միասին։ Եվ մենք եռանդուն աշխատում ենք այս պատմական հնարավորությունն իրացնելու ուղղությամբ»,- ասել է վարչապետը։
Civilnet










