Ըստ BBC-ի հետաքննության՝ Վրաստանի ոստիկանությունը 2024-ի նոյեմբեր-դեկտեմբերի ցույցերի ժամանակ կիրառել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակվա քիմիական նյութ: Վրաստանում բողոքի ալիք էր սկսվել, երբ իշխող «Վրացական երազանք»-ը հայտարարեց երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հայտի դադարեցման մասին։ Ցույցերի առաջին փուլը ուղեկցվեց ծանր բախումներով և ցուցարարների ու լրագրողների դեմ ոստիկանության հատուկ դաժան գործողություններով։ Բացի այդ, «Վրացական երազանքը» մի շարք սահմանափակող օրենքներ ընդունեց՝ ուղղված փողոցային ցույցերի, մեդիայի, քաղաքացիական հասարակության և քաղաքական ընդդիմության դեմ։
Իսկ BBC-ի հետաքննությունը շատ արագ դարձավ վրացական մեդիայի և սոցցանցերի ամենաքննարկվող թեման: OC Media-ի հոդվածի թարգմանությունը՝ ստորև:
Ըստ ֆիլմի՝ գտնվել են ապացույցներ, որոնք մատնանշում են, որ 2024-ի նոյեմբեր-դեկտեմբերին վրացական իշխանությունը Եվրամիությունից շեղվելու իրենց քաղաքականութան դեմ բողոքի ցույցերին օգտագործել է քմիկիական նյութ, որը ֆրանսիական բանակը ժամանակին անվանում էր «կամիթ»։ Այս նյութը 1930-ականներից այլևս չի կիրառվում, քանի որ դրա երկարաժամկետ ազդեցությունը մտահոգիչ է:
Հետաքննությունն իրականացվել է քիմիական զենքերի մասնագետների, Վրաստանի հատուկ ծառայությունների ներսից տեղեկություն տրամադրողների, բժիշկների և ցույցերին տուժած քաղաքացիների հարցազրույցների ու խորհրդատվությունների հիման վրա։ Հիմնական բացահայտումներից մեկը 2019-ի փաստաթուղթ է, որը վերաբերում է ոստիկանության հատուկ ստորաբաժանմանը։ Այս և այլ նյութեր համադրելով՝ BBC-ն ենթադրում է, որ կամիթը կարող էր խառնված լինել ջրցան մեքենաների ջրին՝ ցուցարարների դեմ կիրառելու համար։
BBC-ի հետ զրույցում զենքերի մասնագետները նաև եզրակացրել են, որ «քանի որ ոստիկանության համար հասանելի են ավելի անվտանգ և ստանդարտ ցրիչ միջոցներ, նման հնացած և ավելի ուժեղ միջոցի կիրառումը կարող է համարվել որպես քիմիական զենքի օգտագործում»։
«Վրացական երազանք»-ը թունավորում է մեզ
BBC-ի հետաքննությունը իշխող «Վրացական երազանքի» քննադատների շրջանում վրդովմունքի ալիք բարձրացրեց:
2024-ի ձմռան բողոքի ցույցերին մասնակցած քաղաքացիները, ինչպես նաև այդ իրադարձությունները լուսաբանած լրագրողները, սոցիալական ցանցերում և իշխանությանը քննադատող մեդիա հարթակների հարցազրույցներում հիշեցրել են այն ախտանշանները, որոնք զգացել են ցույցերի ցրման ժամանակ՝ մաշկի այրոց, հազ, շնչառության դժվարացում, ալերգիկ ռեակցիաներ, քթային արյունահոսություն: Ոմանք էլ հայտնել են, որ մինչև այսօր շարունակում են զգալ հետևանքները։
Թբիլիսիում հակաիշխանական ամենօրյա ցույցերի մասնակիցները BBC-ի բացահայտումներին արձագանքեցին խորհրդանշական ակցիայով։ Խորհրդարանի շենքի մոտ, որը բողոքի ակցիաների ավանդական վայրն է, նրանք բաց թողեցին սպիտակ ծխի ամպեր՝ խորհրդանշելով ցուցարարների դեմ կիրառված միջոցները։ Շատերը ձեռքում պահում էին պաստառներ՝ «Վրացական երազանքն է մեզ թունավորում», «Ջուրը չպետք է զենք լինի» և «Ձեր քիմիական հարձակումներն անպատիժ չեն մնա» գրություններով։
Նույն երեկո 8 վրացական ընդդիմադիր կուսակցություններ համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ կոչ անելով սկսել միջազգային հետաքննություն ֆիլմում ներկայացված փաստերի ուղղությամբ։ Նրանց ձևակերպմամբ՝ «երկրում, որում բոլոր պետական ինստիտուտները ենթարկվում են մեկ քաղաքական ուժի, անկողմնակալ ներքին քննությունն ակնհայտորեն անիրատեսական է»։
Վրաստանի քաղհասարակության 25 կազմակերպություն ևս արձագանքեց ֆիլմին՝ պահանջելով, որ կառավարությունը հրապարակայնորեն պատասխան տա հարցին. «Ի՞նչ քիմիական նյութեր է ոստիկանությունն օգտագործել խաղաղ ցույցերի դեմ 2024-ի նոյեմբեր-դեկտեմբերին»։
«Մոտ օրերին մենք կդիմենք միջազգային կազմակերպություններին և կառույցներին՝ ապահովելու համապատասխան որակավորմամբ մասնագիտական խմբերի ժամանումը և այս հանցավոր սխեմայի բացահայտումը»,- նշել են հայտարարության հեղինակները։
Նշված նյութերի կիրառման վերաբերյալ մտահոգությունները բարձրաձայնվել էին դեռ 2024-ին։ Այն ժամանակ «Վրացի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» մանրամասներ էր պահանջում Ներքին գործերի նախարարությունից՝ կասկածով, որ «ոստիկանությունն ակտիվորեն կիրառել է քիմիական նյութեր, այդ թվում՝ արցունքաբեր գազ և քիմիական գրգռիչներ, որոնք խառնվել են ջրցան մեքենաների ջրին»։
Նախկին ու ներկա նախարարների մեկնաբանությունները
Պետական պաշտոնյաները երբևէ բացահայտ չեն հերքել, որ ցույցերը ցրելիս ջրցան մեքենաների ջրին կարող էին հավելումներ արվել։ 2024-ի նոյեմբերի 30-ին՝ ամենաթեժ օրը, ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն հայտարարել էր. «անհրաժեշտության դեպքում հնարավոր է ջրցան մեքենաներում օգտագործել օրենքով թույլատրելի նյութեր»։
«Սա կարող է լինել գազ, այլ նյութեր, նույնիսկ ներկեր և այլն։ Երբ կա անհրաժեշտություն և իրավական հիմք, ոստիկանությունը կիրառում է այդ միջոցները»,- ասել էր նա։
BBC-ի ֆիլմից հետո քննարկումներն անցան այլ մակարդակ․ խոսքն այլևս ոչ միայն ջրցան մեքենաների ջրին նյութեր ավելացնելու, այլև Ներքին գործերի նախարարության կողմից հենց «կամիթ» կոչվող կոնկրետ քիմիական նյութի ձեռքբերման ու օգտագործման մասին է։
Հետաքննության թեմայով ելույթ ունեցան ինչպես գործող Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն, այնպես էլ նախկին նախարար Վախթանգ Գոմելաուրին, որը նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2019–2025-ին:
Գոմելաուրու մեկնաբանությունը իշխանամետ «Իմեդի» հեռուստաալիքին շատերն ընկալեցին որպես փաստացի հաստատում, որ կամիթն առնվազն անցյալում առկա է եղել նախարարության զինանոցում։ Նրա ձևակերպմամբ՝ «նյութերը, որոնց մասին խոսում են, Ներքին գործերի նախարարությունն իսկապես ձեռք է բերել և օգտագործել, բայց միայն մինչև 2012-ը», այսինքն՝ Միացյալ ազգային շարժման իշխանության տարիներին՝ «Վրացական երազանքի» իշխանության գալուց առաջ։
«Եթե չեմ սխալվում, վերջին գնումը պետք է արված լիներ 2009 կամ 2010 թվականին, դրանից հետո Ներքին գործերի նախարարությունն այն ո՛չ ձեռք է բերել, ո՛չ էլ օգտագործել»,- հավելել է նա։
Գելաձեն երեքշաբթի օրը տվեց այլ հայտարարություն՝ ընդգծելով, որ նախարարությունը երբեք կամիթ չի ձեռք բերել։
«Պարոն Վախթանգը նկատի ուներ այն տարբեր նյութերը, որոնք գնվել են 2009-ին: Ձեր ակնկալիքները սխալ են՝ խոսքը կամիթի մասին չէ: Ցույցերի ընթացքում Ներքին գործերի նախարարությունն առողջության համար վտանգավոր որևէ նյութ չի կիրառել»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում։
ԱԱԾ-ն սկսում է կանչերը
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ու իշխանամետ մեդիան BBC-ի հրապարակմանը պատասխանեցին հարձակողական քարոզարշավով՝ այն որակելով կեղծ և հայտարարելով, որ պատրաստվում են դիմել դատարան։
Պատասխանը երկար սպասել չտվեց․ BBC-ն ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքին հայտնեց, որ ֆիլմը լիովին ծառայում է հանրային շահին, և հեռուստաալիքը պաշտպանում է իր լրագրողական աշխատանքի արդյունքը։
Բացի BBC-ից, պետության զայրույթը ուղղվեց նաև հարցազրույցներ տված պետությանը քննադատողների կողմ:
«Երբ դուք օգնում եք կոնկրետ կազմակերպությանը տարածել պետությանը վնասող կեղծ տեղեկատվություն, դա կարող է գնահատվել որպես հանցավոր արարք»,- զգուշացրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պնդելով, որ «կեղծ տեղեկատվությունը դիտավորյալ է փոխանցվել BBC-ին և պետության շահերի դեմ է»։
«Ես չեմ որոշում՝ հանցագործությունը տեղի ունեցել է, թե ոչ․ դա համապատասխան մարմինների պարտականությունն է։ Բայց ընդհանուր առմամբ պետության շահերի դեմ ուղղված կեղծ տեղեկատվություն տրամադրելը կարող է հանցագործություն համարվել»,- հավելել է նա։
Կոբախիձեի հիշատակած «համապատասխան մարմինը» արդեն իսկ քննություն է սկսել։ Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ քննություն սկսվել է երկու հոդվածով։
ԱԱԾ-ի տեղեկացմամբ՝ քննությունը կդիտարկի քաղաքացիների առողջությանը հասցված վնասի մասին պնդումները՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածի շրջանակում, ինչպես նաև կվարի քննություն «օտարերկրյա կազմակերպությանը թշնամական գործունեության մեջ օժանդակելու» մեղադրանքով․ սա ակնարկում է, որ քննության թիրախում կարող են հայտնվել նաև BBC-ին հարցազրույցներ տված մարդիկ:
Պետական անվտանգության ծառայությունն արդեն կանչ է ուղարկել բժիշկ և ակտիվիստ Կոնստանտին Չախունաշվիլուն։ Նա BBC-ին հարցազրույց տվածներից է և միաժամանակ այն հետազոտության համահեղինակը, որի շրջանակում ցրումների հետևանքով տուժած տասնյակ քաղաքացիներ անցել են բժշկական հետազոտություններ։ Այդ ուսումնասիրությունը մեջբերվել է BBC-ի նյութում։ Ուսումնասիրության համահեղինակ, Կոնստանտին Չախունաշվիլու եղբայր Դավիդ Չախունաշվիլին ևս գրել է սոցիալական ցանցերում, որ իրեն նույնպես կանչել են ԱԱԾ։
ԱԱԾ է կանչվել նաև ընդդիմադիր «Դրոա» կուսակցության անդամ Թամար Խունդաձեն։ BBC-ի նյութի հրապարակումից հետո նա սոցիալական ցանցերում և հեռուստատեսությամբ խոսել էր այն մասին, թե ինչպես է ինքը տուժել ցույցերը ցրելու ժամանակ։
Civilnet











