Գլխավոր Լրահոս

Պատասխանատվությունն այլոց վրա բարդելու Փաշինյանի ու իր թիմի փորձը տապալվեց. Սերժ Սարգսյան

Պատասխանատվությունն այլոց վրա բարդելու Փաշինյանի ու իր թիմի փորձը տապալվեց. Սերժ Սարգսյան

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է կառավարության կողմից ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի հրապարակմանը։

Երրորդ նախագահի համոզմամբ՝ այդ քայլը պարզունակ ու անհեռանկարային փորձ էր՝ այլոց վրա բարդելու պատասխանատվությունը 2018-ի մայիսից հետո Լեռնային Ղարաբաղի հարցով իշխանությունների վարած ձախողյալ քաղաքականության աղետալի հետևանքների համար։ 

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ 2008-2018-ին Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է տասնյակ պայմանավորվածություններից, ընդունված հայտարարություններից ու համաձայնություններից։

«Բաքուն, հրադադարի բազմակի խախտումներով, բանակցային գործընթացի տորպեդահարմամբ մշտապես սադրել է Երևանին հրաժարվել բանակցություններից, որպեսզի Հայաստանի վրա բարդի խաղաղ գործընթացի ձախողման մեղքը։ Բայց դա ադրբեջանական կողմին ոչ մի կերպ չի հաջողվել»,- ասված է երրորդ նախագահի հայտարարության մեջ։ 

Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ 2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ակնհայտ էր խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի տարիների ընթացքում մշակված ամենի պահպանմանը, ամրագրմանը և հետագա կատարելագործմանն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: 

«Ակնհայտ էր նաև, որ դրանից նահանջը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Նույն կարծիքին էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ 

Սակայն Հայաստանի նոր իշխանությունները 2018-ի մայիսից հետո հայտարարեցին, թե որոշել են բանակցությունները սկսել «իրենց կետից», գործնականում հրաժարվելով նախորդ տարիների բանակցային աշխատանքի արդյունքներից, բայց ըստ որում չկարողանալով նույնիսկ համանախագահներին բացատրել, թե որտեղ է այդ «իրենց կետը»։ Եթե  մինչ իրենց բազմիցս հավաստվել էր, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, ապա այդժամ Երևանը միջազգային հանրության աչքում դարձավ բանակցային գործընթացի ոչ կառուցողական կողմ: Իսկ այն բանից հետո, երբ Հայաստանի նոր տիրակալը, «իրեն գժի տեղ դրած», սկսեց կասկածներ հայտնել, թե հակամարտությունը կարելի է լուծել բանակցությունների միջոցով, Բաքուն ստացավ այն, ինչը նրան չէր հաջողվում տարիներ շարունակ. որպես կազուս բելլի՝ պատերազմի սանձազերծման առիթ, մեղադրել Հայաստանին բանակցություններից հրաժարվելու մեջ»,- ասել է Սերժ Սարգսյանը։ 

Երրորդ նախագահը հավանական է համարում, որ հնարավոր էր կասեցնել 2020-ի պատերազմը, եթե պատրաստ լինեին համարժեք հակահարված տալ, և եթե աջակցություն ու ըմբռնում լիներ դաշնակիցների և միջազգային հանրության կողմից, որոնք վճռական միջոցներ կձեռնարկեին ռազմական գործողություններն անմիջապես դադարեցնելու համար։ Սարգսյանը, որպես օրինակ, հիշատակել է 2016-ի ապրիլյան քառօրյա մարտերը։

«Այն պնդումները, թե բանակցային գործընթացի ընթացքում Ռուսաստանը, համանախագահ մյուս երկրները հակամարտության կարգավորման նպատակով, իբր, առաջարկել են Ադրբեջանին վերադարձնել հայկական վերահսկողության տակ գտնվող 7 շրջանները Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով ո՛չ կարգավիճակի, ո՛չ անվտանգության երաշխիքների, ո՛չ էլ այլ բնութագրիչների առումով, ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև չեն դիմանում որևէ քննադատության: Այդ մասին բազմիցս հայտարարություններ են արել Մինսկի խմբի համանախագահ երկրները, այդ մասին ակնառու կերպով վկայում են նաև դեկտեմբերի 2-ին Հայաստանի ներկայիս իշխանավորների հրապարակած փաստաթղթերը։ 

2008-ի դեկտեմբերից մինչև 2011-ի հունիսի 24-ին Կազանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը կողմերը Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ բանակցություններ են վարել «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցման շուրջ: Կայացել են նախագահների երկկողմ (Հայաստան և Ադրբեջան) և եռակողմ (Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան) տասներկու գագաթնաժողովներ, արտգործնախարարների երեք տասնյակ հանդիպումներ։ Ադրբեջանն ամեն անգամ հետ է կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Բարձրակետը Կազանի գագաթնաժողովն էր, երբ հակառակ համանախագահ երկրների սպասումների՝ Ադրբեջանը փաստացի հրաժարվեց հիմնականում արդեն համաձայնեցված տեքստից, առաջադրելով ավելի քան 10 փոփոխություն։ 

Կազանից հետո էլ՝ 2011-ից մինչև 2018 թվական, համանախագահները շարունակել են ջանքերը կարգավորման ուղիներ գտնելու ուղղությամբ։ Կազանի գագաթնաժողովում քննարկված «Հիմնարար սկզբունքների» նախագծից հետո (վերջին աշխատանքային փաստաթուղթը, որն ի պահ է հանձնվել ԵԱՀԿ քարտուղարությանը՝ բոլոր աշխատանքային փաստաթղթերի հետ միասին, որոնց շուրջ բանակցություններ են ընթացել մինչեւ 2011 թվականը) չի եղել ոչ մի աշխատանքային փաստաթուղթ, որը կողմերի միջև բանակցությունների առարկա դառնար: Պատահական չէ, որ Ս.Լավրովը բազմիցս հայտարարել է, որ «ոչ մի փաստաթուղթ, բացի նրանցից, որոնք ի պահ են հանձնվել ԵԱՀԿ-ին, գոյություն չունի»: 

2011-ից 2018-ին մշակված բոլոր առաջարկները կողմերին փոխանցվել են «non paper» ձևաչափով և 2011-ի հունիսին Կազանում քննարկված փաստաթղթից տարբերվել լոկ ձևով, բայց ոչ էությամբ: Այդ «non paper»-ների վերջին տարբերակները ձևակերպված էին մեկ ամբողջություն ներկայացնող փոխկապակցված երեք փաստաթղթերի տեսքով, որոնք միասին պահպանում էին Կազանի փաստաթղթի գրեթե բոլոր տարրերը և իրենցից ներկայացնում պատկառելի հենք, որում ամրագրված էր համակողմանի մոտեցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: 

2018-ի հունվարի 18-ին Կրակովում կողմերին ներկայացված «non paper»-ը բաղկացած էր ընդամենը մեկ էջում շարադրված երեք կետերից, որոնք, ինչպես առաջարկում էին համանախագահները, կարող էին ներառվել Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր հետագա համատեղ հայտարարության մեջ: Բաքուն մերժեց նաև այդ առաջարկը։ 

Միայն 2019-ի հունիսին՝ Փաշինյանի իշխանության գալուց մեկ տարի անց, կողմերին հանձնվեց Կազանի գագաթնաժողովից հետո համանախագահների ստորագրած առաջին պաշտոնական (այլ ոչ թե «non paper») փաստաթուղթը՝ նույնպիսի առաջարկություններով, ինչպիսիք ներկայացվել էին 2019-ի ապրիլին առանց համանախագահների ստորագրության»,- ասված է նախագահի հայտարարության մեջ։ 

Երրորդ նախագահը ներկայացրել է, թե 2008-ից ի վեր դրույթներ են մշակվել համանախագահների հետ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: 

Միջանկյալ կարգավիճակ։ Մինչև վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ՝ իր եղանակավորման բոլոր մանրամասների նկարագրությամբ, այն է՝ օրենսդիր, գործադիր և տեղական իշխանության մարմինների, դատարանների, ինքնապաշտպանության սեփական ուժերի և իրավակարգի ուժերի ձևավորում ու գործունեություն, դիտորդի կարգավիճակի տրամադրում ԵԱՀԿ-ում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին անդամակցելու իրավունք, որտեղ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը չի դիտարկվի որպես խոչընդոտ, արտաքին կապերի իրականացում համաձայնագրով նախատեսված ոլորտներում, օտարերկրյա անմիջական ներդրումներ, աջակցություն միջազգային դոնոր կազմակերպություններից ու օտարերկրյա պետություններից և մուտք միջազգային շուկաներ: Այս ամենը գործնականում, ինչպես նշում էին իրենք՝ համանախագահները, նշանակում էր «ստատուս քվո պլյուս», այլ բնավ ոչ Ղարաբաղի առկա կարգավիճակի չեղարկում։ 

Վերջնական իրավական կարգավիճակ: Նախատեսվում էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է համաժողովրդական քվեարկության միջոցով, որը կամրագրեր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը (համանախագահներն իրենց բոլոր առաջարկություններում պնդել են դա, չնայած Բաքվի այն պահանջին, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն պետք է նախատեսել Ադրբեջանի ողջ տարածքում), որն իրավաբանորեն պարտադիր բնույթ ունի։ Ընդ որում ընդգծվում էր, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումը ոչնչով չի սահմանափակվելու, ենթադրելով ցանկացած կարգավիճակի ընտրություն: Լեռնային Ղարաբաղի քվեարկությանը մասնակցող բնակչություն ասելով՝ նկատի էին առնվում ցանկացած ազգության անձինք նույն համամասնությամբ, ինչպես դա եղել է Լեռնային Ղարաբաղում 1988-ին, համաձայն հակամարտության սկսվելուց առաջ անցկացված վերջին մարդահամարի արդյունքների (ըստ մարդահամարի՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն այն ժամանակ կազմել է 76%)։ 

Անվտանգության երաշխիքներ։ Միջանկյալ կարգավիճակի պայմաններում նախատեսվում էին անվտանգության բազմամակարդակ երաշխիքներ. Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի չկիրառման Ադրբեջանի պարտավորություն, խաղաղության պահպանման միջազգային գործողություն՝ խաղաղապահ ուժերի տեղակայմամբ, որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր Հայաստանի դերի ճանաչում, անվտանգության ապահովում Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի միջոցով, անվտանգության երաշխիքներ համանախագահ երկրների կողմից, ինչպես նաև այդ նպատակով ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի ընդունած համապատասխան բանաձև։ 

Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք։ Նախքան վերջնական կարգավիճակի որոշումը, Լաչինի շրջանով միջանցքի օգտագործման անվտանգությունը և բոլոր հարցերը պետք է ապահովվեին և լուծվեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից՝ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ գոյություն ունեցող ստատուս քվոյի պայմաններով։ 

Այդ միջանցքի վերջնական կարգավիճակը և լայնությունը պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համատեքստում։ 

Տարածքների վերադարձ։ Փաթեթային պայմանավորվածության շրջանակներում՝ այնպիսի բնութագրիչների վերաբերյալ, ինչպիսիք են վերջնական կարգավիճակի, միջանցքի և այլ տարրերի որոշումը, միջազգային և այլ հստակ երաշխիքներից ու անվտանգության միջոցների գործարկումից հետո, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երաշխիքները, խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո նախատեսվում էր հինգ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի և Կուբաթլիի վերադարձ, որոնք պետք է ապառազմականացվեին, և հենց շփման գծում, այլ ոչ թե Ղարաբաղում պետք է տեղակայվեին խաղաղապահ ուժերը: 

Լաչինի ոչ միջանցքային մասի և Քելբաջարի շրջանի վերադարձը նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման վերաբերյալ համաժողովրդական քվեարկության անցկացման կազմակերպչական հարցերի համաձայնեցման հետ կապակցված։ 

Հաղորդակղության ուղիների բացում: Հակամարտության կարգավորման համաձայնագրի իրականացման շրջանակներում Կազանի փաստաթղթում, ինչպեսև հետագա մշակումներում, առաջարկվում էր հետ կանչել բոլոր վերապահումներն ու հատուկ կարծիքները համապատասխան միջազգային համաձայնագրերից, որոնք սահմանափակում են հաղորդակցության ուղիների ազատությունը, վերացնել շրջափակումները, ապահովել տրանսպորտային և այլ անարգել կապեր, բացել բոլոր սահմաններն ու կողմերի տարածքներով անցնող կապուղիները (այդ սահմանափակումները մտցվել էին հենց Ադրբեջանի կողմից): Կրկնենք, խոսքն ամբողջ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման մասին էր և շեշտադրում չկար կոնկրետ շրջանի կամ շրջանների վրա։ 

Սերժ Սարգսյանը հայտնել է, որ համանախագահների բոլոր առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային լուծում՝ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցման փուլային իրագործմամբ: 

«Շատ տարօրինակ, եթե չասենք՝ խորշելի են դիտվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գոյություն ունեցող տասնյակ փաստաթղթերից Հայաստանի այսօրվա կառավարիչների հրապարակած ոչ մեծ, ընտրովի ցանկում հղումները 1994-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի և 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարություններին: Ոչ պակաս պարադոքսալ է Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ 1993-ի ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևերի հրապարակումն ու հղումները։ Բոլոր այդ փաստաթղթերը, բացի Ադրբեջանից, ոչ ոք՝ ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ էլ համանախագահ երկրները, չեն հիշել և հղում չեն արել դրանց առնվազն 2008-ից հետո տասը տարի»,- ասված է երրորդ նախագահի հայտարարության մեջ։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում