Հայաստան-Գերմանիա ռազմավարական օրակարգ. ինչ են շահում կողմերը

Էլեն Մուրադյան
Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր է ստորագրվել՝ Եվրոպական միության հետ նմանատիպ փաստաթուղթ ստորագրելուց ընդամենը մեկ շաբաթ անց։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հռչակագիրը ստորագրել են դեկտեմբերի 9-ին Բեռլինում՝ պարտավորվելով համագործակցել քաղաքականության, տնտեսության և առևտրի, կարողությունների զարգացման, մշակութային փոխանակումների, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության հարցերով երկխոսության ոլորտներում։
Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի և Գերմանիայի գործընկերության ռազմավարական օրակարգի մասին հռչակագրի ստորագրումը պատմական իրադարձություն է և երկու երկրների հարաբերություններին հաղորդում է միանգամայն այլ որակ։
«Դիվանագիտության, տնտեսության, գիտության, մշակույթի, զարգացման տարբեր ծրագրերի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում Հայաստանը և Գերմանիան ապագայում ավելի սերտորեն կհամագործակցեն։ Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի հետ մեր հարաբերությունները։ Միայն այն փաստը, որ վարչապետ Փաշինյանը և դաշնային կանցլեր Մերցը՝ վերջինիս պաշտոնավարման կարճ ընթացքում արդեն իսկ երեք անգամ հանդիպել են, այդ թվում՝ ՀՀ վարչապետի Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում, արդեն իսկ վկայում է երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի մասին։ Միևնույն ժամանակ, մենք գիտակցում ենք, որ հարաբերությունները ունեն հսկայական ներուժ, որի բացահայտմանը կնպաստի ստորագրված հռչակագիրը»,- ասել է դեսպանը։
Գերմանական միջազգային հարաբերությունների խորհրդի ծրագրի ղեկավար Շթեֆան Մայստերը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ Եվրամիությունը գնալով ավելի է կենտրոնանում իր հարևանությամբ Ռուսաստանի ազդեցության նվազեցման վրա՝ օրինակ բերելով Մոլդովայում սեպտեմբերյան ընտրություններում եվրոպական ուժերի հաղթանակը։
«Բրյուսելի ուշադրությունն այժմ ուղղված է Հայաստանին, և նա ձգտում է աջակցություն ցուցաբերել Փաշինյանին, որը դիտարկվում է որպես հիմնական դերակատար՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացն ավարտին հասցնելու և Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու գործում», - ասաց Մայստերը։
Ըստ Մայստերի՝ Հայաստանի կարևորության աճը պայմանավորված է նրանով, որ Վրաստանում ժողովրդավարական նահանջ է արձանագրվում Ռուսաստանի աջակցությամբ, ինչի պատճառով տարածաշրջանում միայն Հայաստանն է մնացել հարաբերականորեն պլյուրալիստական և բաց երկիր։
«Քանի որ Մոսկվան առավել մեծ վերահսկողություն է ձեռք բերում Թբիլիսիի նկատմամբ, պարզ չէ, թե արդյոք ապագայում առևտուրը և տարանցումը կկարողանան շարունակվել Վրաստանի տարածքով»,- ասաց Մայստերը։
Հայաստանի ու Գերմանիայի միջև հարաբերությունների գծով հետազոտող Վահան Բալայանի դիտարկմամբ՝ Փաշինյանը երկօրյա այցն օգտագործում է Գերմանիայից ներդրումներ և բիզնեսներ գրավելու համար՝ առաջ մղելով Հայաստանի դերը որպես անվտանգ հանգույց Հարավային Կովկասում։
«Վարչապետ Փաշինյանի այցն ու դրա ծրագիրը կենտրոնացած են տնտեսական համագործակցության վրա՝ միաժամանակ ներկայացնելով Հայաստանի խաղաղության նոր մոտեցումը և տարածաշրջանի կայունությունը՝ որպես Գերմանիայից տնտեսական ներդրումների հիմք։ Միևնույն ժամանակ Հայաստանը հույս ունի ապահովել Գերմանիայի շարունակական աջակցությունը՝ իր հարաբերությունները ԵՄ-ի հետ խորացնելու գործում», - ասաց Բալայանը։
Ինչ վերաբերում է Հայաստան–ԵՄ հարաբերությունների ապագային, Մայստերը նշում է, որ Բրյուսելը լուրջ է վերաբերվում վիզաների ազատականացմանը, Հայաստանի ենթակառուցվածքներում ներդրումներին և Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքներին հակազդելուն։ Սակայն, չնայած դրան, Հայաստանը ԵՄ անդամակցության թեկնածու չէ, ինչպես Մոլդովան, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, Գյումրիում Ռուսաստանի ռազմական բազան և երկրի ռազմավարական ենթակառուցվածքների մեծ մասի նկատմամբ ռուսական վերահսկողությունը։
Civilnet










