Հայաստանը որևէ նախապայման չունի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, սակայն նույնը պարզ չէ Ադրբեջանի պարագայում։ Դեկտեմբերի 10-ին Գերմանիայում հայ լրագրողների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրության շուրջ Բաքվի կողմից բարձրացվող «մտահոգություններին»՝ վարչապետը նշել է, որ խնդիրը լուծելու ամենակարճ ճանապարհը՝ խաղաղության համաձայնագրի կնքումն է, որովհետև դրա վավերացումից հետո Հայաստանը, անկախ ցանկությունից, չի կարող տարածքային պահանջներ ունենալ Ադրբեջանից:
«Ես պարզ հարց եմ տալիս՝ Ադրբեջանն ուզում է, որ մեր Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ լինեն, թե իրոք անկեղծորեն մտածում է։ Եթե անկեղծորեն մտածում է, որ պրոբլեմ կա էդտեղ, այդ պրոբլեմը լուծելու ամենակարճ ձևը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է։ Որովհետև, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, մենք մեր օրենսդրությանը համապատասխան պարտավոր ենք ուղարկել Դահմանադրական դատարան՝ ստուգելու այդ համաձայնագրի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Համապատասխանելու դեպքում այն ուղարկվում է Ազգային ժողով՝ վավերացնելու։ Դրանից հետո Սահմանադրության համապատասխան կետով՝ վավերացված միջազգային պայմանագրերի և մեր ներքին օրենսդրության միջև հակասությունների դեպքում միջազգային պայմանագիրն ունի ավելի բարձր իրավական նշանակություն։ Այդ դեպքում Հայաստանը ցանկության դեպքում էլ չի կարող տարածքային պահանջ ունենալ Ադրբեջանից»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքին գործն է և չի քննարկվում Ադրբեջանի հետ։
«Այսօր ես չունեմ լեգիտիմություն՝ Հայաստանի ժողովրդին ասել՝ եկեք Սահմանադրությունը փոխենք։ Որովհետև ժողովուրդն ինձ կասի, որ 2024-ի սեպտեմբերին մեր Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ Ալմա-Աթիի հռչակագիրը, որը հիշատակված է խաղաղության պայմանագրի նախաբանում, համապատասխանում է մեր Սահմանադրությանը։ Այդ դեպքում ինչու փոխենք մեր Սահմանադրությունը, դա կնշանակի մեր քմահաճույքի համար ենք փոխում այն։ Բա որ դրանից հետո հաջորդ քմահաճույքներն ի հայտ գան»,- ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի անընդունելի տերմինաբանությանը՝ արևմտյան ադրբեջանցիներ, Արևմտյան Ադրբեջան, Փաշինյանը նշեց, որ դա չի նպաստում խաղաղությանը։
«Ես Ադրբեջանին առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ՝ Ղարաբաղի հայերի և Արևմտյան ադրբեջանցիների մասին թեմաները փակելու ուղղությամբ։ Այդ թեման հանելով, նշանակում է՝ բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Հայաստանում չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան։
Եթե մենք սկսենք վերադարձի հարցը՝ Ղարաբաղի հարցը շարունակվելու է»,- ասել է Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ Ղարաբաղի հարցի շարունակությունը նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում՝իր անկանխատեսելի հետևանքով։
«Նրանք, ովքեր ասում են Ղարաբաղի հարցը չի լուծվել, ասում են, որ Հայաստանը պետք է նոր պատերազմ անի»,- ասել է Փաշինյանը։
***
Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանում, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» կողմից անցկացվել է երրորդ միջազգային կոնֆերանսը՝ «Մշակութային ժառանգություն և Վերադարձի Իրավունք. Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտեցման և խաղաղության ուղի» թեմայով, որին մասնակցել են մոտ 100 օտարերկրյա հյուրեր ավելի քան 60 երկրից։
Կոնֆերանսի հիմնական շեշտադրումը եղել է այն, որ համայնքի գլխավոր առաքելությունն է ապահովել Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձը, իսկ «Արևմտյան Ադրբեջանի Համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբերլին ասել է, թե վերադարձի իրավունքի ճանաչումը միակ ճանապարհն է հայերի և ադրբեջանցիների համակեցության համար։
Civilnet











