2026-ի հունվար-փետրվարից Գերմանիայի դեսպանատանը հերթեր չեն լինի․ Փաշինյան

2026-ի առաջին ամիսներին Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը հերթեր չեն լինի։ Այս մասին դեկտեմբերի 10-ին Գերմանիայում հայ լրագրողներին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ շատ կարևոր նորություն իմացանք Բեռլինում, երբ Գերմանիայում ՀՀ դեսպանն ասաց, որ հունվարից կամ փետրվարից Գերմանիայի դեսպանատանը հերթեր չեն լինի։
Մենք բավականին երկար ժամանակ աշխատում ենք ԵՄ մեր գործընկերների հետ՝ ասելով, որ մարդիկ մեզ չեն հասկանում։ Որովհետև ասում են, թե լուրերով նայում են ու լսում, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորվել են, բայց միայն վիզա ստանալու դիմում ներկայացնելու համար ստիպված են 10 ամիս սպասել»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը հույս է հայտնել, որ այս շղթան կշարունակվի նաև մյուս դեսպանատների դեպքում։
Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրել է տնտեսական և բարեկեցության մակարդակի աճի մասին, նշելով, որ 2018-ի համեմատ դեպի Եմ ուղևորությունները 400-500 տոկոսով աճել են, իսկ դեսպանատներում 10 ամսով հերթեր են։
«Այդ ոնց է՝ մարդը ծակ կոշիկով, ձեռքերը թափ տալով, սոված-ծարավ, Գիքորի նման գնում է Հռո՞մ կամ Բեռլի՞ն։ Մարդիկ այսօր Սևանի փոխարեն գնում են Եվրամիություն, բայց մարդիկ ասում են՝ կառավարությունը նկարում է բարեկեցության աճի մասին թվերը»,- ասել է վարչապետը։
Civilnet










