Խցանումների հաղթահարման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի

Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով վարչապետի որոշմամբ կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ: Որոշումը հրապարակվել է e-gov.am-ում։
Որոշման համաձայն՝ կհաստատվի միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը։ 15-օրյա պարբերականությամբ վարչապետին կզեկուցվի կատարած աշխատանքների արդյունքների մասին։
Մեկամսյա պարբերականությամբ կիրականացվի լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում:
Միջգերատեսչական աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր:
***
Հոկտեմբերի 16-ին կայացած կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ստեղծել ճգնաժամային խումբ՝ Երևանում տրանսպորտային խցանումներն ու անկառավարելի երթևեկությունը կարգավորելու համար։
Հոկտեմբերի 15-ին, նա ականատես էր եղել մայրաքաղաքի «սարսափելի քաոսին»՝ հեծանիվով Կառավարության շենքից Բաղրամյան 26 ուղևորվելիս։ Փաշինյանը նշել էր, որ մեքենաների կտրուկ ավելացումը հանգեցրել է ոչ թե սովորական խցանումների, այլ լիակատար քաոսի։
Վարչապետն ընդգծել էր, որ անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել և խթանել հեծանվային, այդ թվում՝ էլեկտրական հեծանիվների օգտագործումը, քանի որ, նրա խոսքերով, «ավելի լավ է մի քիչ քրտնել, քան շատ նյարդայնանալ»։
Թեմա
Civilnet










