Գլխավոր Լրահոս

Եթե ՀՀ քաղաքացին Եվրոպայում բուժման նպատակով ապաստան հայցի, պետությունը պետք է փոխհատուցի. Եղոյան

Եթե ՀՀ քաղաքացին Եվրոպայում բուժման նպատակով ապաստան հայցի, պետությունը պետք է փոխհատուցի. Եղոյան

Եվրամիության հետ Հայաստանի համար վիզաների ազատականացման գործընթացը ենթադրում է ոչ միայն արտոնություններ, այլև կոնկրետ ֆինանսական պարտավորություններ։

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ՍիվիլՆեթի տաղավարում մանրամասներ հայտնեց ԵՄ-ից Հայաստանին փոխանցված գործողությունների ծրագրի վերաբերյալ՝ առանձնացնելով հատկապես առողջապահական ծառայությունների փոխհատուցմանը վերաբերող դրույթը։

Թեև գործողությունների ծրագրում Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման մասին ուղիղ պահանջ չկա, առկա է մեկ այլ՝ պետության համար ֆինանսական բեռ ենթադրող դրույթ։

Ըստ Արման Եղոյանի՝ Հայաստանը պետք է հանձնառություն ստանձնի փոխհատուցելու Եվրոպական միության անդամ երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների բուժօգնության ծախսերը, եթե նրանք այդ երկրներ են մեկնել և ապաստան են հայցել հենց առողջապահական խնդիրների հիմքով։

Պատգամավորը հաստատող պատասխան է տվել ՍիվիլՆեթի հարցին՝ եթե տարվա մեջ 10 քաղաքացի մեկնի ԵՄ որևէ երկիր, այնտեղ ապաստան հայցի ու ստանա, օրինակ, 1 մլն եվրոյի բժշկական սպասարկում, Հայաստանը պե՞տք է փոխհատուցի դա։

«Բնականաբար մեր նպատակն այն է, որ որքան հնարավոր է քիչ մարդ գնա ոչ միայն Ձեր նշած պատճառով… այլ շատ մարդ այստեղ հնարավորություն ունենա նույնանման առողջապահական ծառայություն ստանալու: Իսկ ինչը հնարավոր չլինի, ինչի հետևանքով, որ մարդիկ ապաստան հայցեն և գումարը ծախսվի, այո Հայաստանը պիտի…, լուծումն այդպես է», - նշեց պատգամավոր Եղոյանը:

Եղոյանի խոսքով՝ սա «ազնիվ և անկեղծ գործընկերության» ճանապարհն է։ Նա նշել է, որ հակառակ դեպքում՝ եթե սպասեն մինչև Հայաստանի առողջապահական համակարգը հասնի գերմանական մակարդակի, որպեսզի քաղաքացիները չմեկնեն, գործընթացը կարող է տասնամյակներ տևել։

«Հակառակ դեպքում չի լինի վիզաների ազատականացում, ուղղակի պիտի ընտրություն կատարենք»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը։

Եվրամիության հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի դրույթներից մեկն արձանագրում է ԵՄ-ի հետ առողջապահական ծախսերի հարցում համագործակցության բարելավման կարևորությունը: Նապատակն է լուծել «Շենգենյան գոտում գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից առողջապահական համակարգերի հետ կապված կուտակված չվերադարձված պարտքերի խնդիրը, այդ թվում՝ մշակելով համապատասխան տեղեկատվական արշավներ»։

Նշելով, որ տարեկան կտրվածքով Հայաստանից ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցողների թիվը միջինում կազմում է 3,000-4,000 մարդ, պատգամավորը հստակեցրել է, որ նրանցից ոչ բոլորն են դիմում առողջապահական խնդիրների հիմքով: Դիմողների մի մասը որպես պատճառ նշում է սեռական կամ այլ փոքրամասնության ներկայացուցիչ լինելը և դրա հետ կապված իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Այնուամենայնիվ, ըստ Եղոյանի, առողջապահական պատճառներով դիմողների թիվն էլ նշանակալի է: 

Անդրադառնալով տեխնիկական պահանջներին՝ Եղոյանը տեղեկացրեց, որ բիոմետրիկ անձնագրերի ներդրման գործընթացն արդեն մեկնարկել է։ Մրցույթը կայացել է, հաղթող ընկերությունը ընտրված է։ Ըստ նախնական պլանի՝ առաջին բիոմետրիկ անձնագիրը նախատեսվում է թողարկել 2025 թվականի հուլիսին։

Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թվականի հուլիսի 22-ին՝ Եվրոպական Միության արտաքին գործերի խորհրդի որոշմամբ։ Սա երկարատև գործընթաց է, որը նախատեսում է բարեփոխումներ մի շարք առանցքային ոլորտներում։

Հայկական կողմին վերջերս փոխանցված Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (VLAP) համալիր փաստաթուղթ է, որը ներառում է չորս առանցքային ուղղություն։ Նախատեսվում է, մասնավորապես, փաստաթղթերի անվտանգության ապահովում, ինչը ենթադրում է կենսաչափական (բիոմետրիկ) տվյալներով անձնագրերի ամբողջական ներդրում։ 

Ծրագրի կարևոր բաղադրիչներից են նաև սահմանների կառավարումն ու միգրացիան, որոնք պահանջում են սահմանային վերահսկողության արդիականացում և միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարում։

Բացի այդ, փաստաթուղթը շեշտադրում է հասարակական կարգն ու անվտանգությունը՝ պահանջելով խստացնել պայքարը կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ, ինչպես նաև ամրապնդել հիմնարար իրավունքների պաշտպանությունը, ներառյալ տեղաշարժի ազատությունը։ Այս բոլոր բարեփոխումների բարեհաջող ավարտից և Եվրամիության խորհրդի հաստատումից հետո միայն հայաստանցիները հնարավորություն կստանան առանց վիզայի կարճաժամկետ այցելություններ կատարել Շենգենյան գոտու երկրներ՝ յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում մինչև 90 օր ժամկետով: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում