Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնվել է, սակայն ճանապարհն ամբողջությամբ չի գործում

Երևանի քաղաքապետարանում դեկտեմբերի 15-ին քննարկվեց Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնման ընթացքը։
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը զեկուցեց, որ հիմնական փլուզված հատվածը կառուցապատողի կողմից վերականգնվել է։
«Ներկայումս ապահովված է նշված ճանապարհին երկու երթևեկելի գոտիներով տրանսպորտային միջոցների անցանելիությունը։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նշված ճանապարհի լիովին շահագործումը հնարավոր կլինի իրականացնել հարակից տարածքում ընթացող շինարարական աշխատանքներին զուգահեռ»,- հաղորդեց Ռուբեն Խոջոյանը։
Նիստի ընթացքում ցուցադրված տեսանյութում, սակայն, երևում էր, որ երթևեկելի երկու գոտին ամբողջությամբ վերականգնված չէ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ճշտող հարցին, թե փոքր հատված է մնացել, Ռուբեն Խոջոյանը պարզաբանեց, որ խոսքը մոտ տասը մետր տարածքի մասին է։
«Այդտեղ փաստացի երկու մեքենաների անցանելիությունը ապահովված է, խցանումների պահին ուղևորությունը կթեթևանա համեմատաբար»,- ասաց Խոջոյանը։
***
2022-ի մայիսի 20-ին փլուզվեց Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածը։ Քաղաքապետարանը խոստացավ, որ արագ կվերականգնի փլուզված մասը։ Նախնական վարկածն այն էր, որ փլուզմանը կարող էր նպաստած լինել այդ հատվածով անցնող անձրևատարի տեխնիկական անսարքությունը:
2022-ի մայիսի 27-ին էլ քաղաքային իշխանությունը պնդեց, որ «Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը: Գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը»։
Նույն տարվա հունիսին էլ քաղաղաքապետարանը վստահեցրեց, թե «Lենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհի փլուզված հատվածի վերակառուցումը մտել է վերջնական փուլ»։
Հուլիսի 11-ին էլ քաղաքային իշխանությունը FIP-ին էր վստահեցրել, որ ճանապարհն ամբողջությամբ կվերականգնվի երկու ամսվա ընթացքում։ «Ճանապարհի երթևեկելի չորրորդ գոտին նախատեսվում է գործարկել երկու ամսվա ընթացքում»,- քաղաքապետարանի պատասխանն է մեջբերել կայքը։ Նմանաբնույթ պատասխան էր ստացել նաև Օragir.news-ը։ Ասել էին, թե սեպտեմբերին կվերականգնվի ճանապարհի չորրորդ գոտին։
Թեմա
Civilnet










