Գլխավոր Լրահոս

Ես իմ երկրի դավաճան եմ համարվում, որովհետև խոսում եմ խնդիրներից. Մարիցա Բոդրոժիչ

Ես իմ երկրի դավաճան եմ համարվում, որովհետև խոսում եմ խնդիրներից. Մարիցա Բոդրոժիչ

Խորվաթական ծագմամբ գերմանացի գրող Մարիցա Բոդրոժիչի «Բալենու փայտից սեղանը» հարավսլավական մանկության, խորվաթական սարերի, դանուբյան ջրերի մասին պատմող ժապավեն է։ Հարավսլավիայի փլուզումը մինչ օրս շատերի համար պատմական սխալ է։ Ինչպես վկայում է «Գելափի» հարցումներից մեկը՝ սերբերի ճնշող մեծամասնությունը կարոտում է Հարավսլավիան։ Այս կարոտի վրա է ձևավորվել «Յուգոնոստալգիա» տերմինը։ Ի՞նչ են հիշում պատերազմի մասին խորվաթները, ինչպե՞ս է անցյալի սակրալացումը կամ գորովանքը օտարում մարդուն ներկայից։ Այս և այլ հարցերի է պատասխանում Բոդրոժիչը վեպում։ ՍիվիլՆեթը զրուցել է հեղինակի հետ։ Վեպի հայերեն թարգմանությունը լույս է ընծայել «Էջ» հրատարակչությունը։

- Արդյո՞ք կա կոսմոպոլիտ գրականություն, թե իր խորքում գրականությունը միշտ էլ ազգային է։ 

- Ես կասեի, որ գրականությունը ինքնին առանձին երկիր է իր առանձին կանոններով։ Այսինքն՝ գրելիս ես հաղթահարում եմ սահմաններ, դրանց առաջացրած բարդությունները, մեր հավաքական մտածելակերպը։ Գրականության բուն էությունը սա է. մոլորակի մեջ մի նոր մոլորակ գտնել, հողի տակ նոր հող, սիրուց այն կողմ մի նոր սեր, դիպչել մարդու անեզր հոգուն, սիրել աստղերի գեղեցկությունը կամ մի սիրուն ամառային օր՝ գիշերվա նուրբ երկինքը, սիրել Բեռլինի պես հսկայական քաղաքում օգնության կարիք ունեցող ու այս բիրտ ձմռանը միայնակ մնացած տարեց մարդուն այնպես, ինչպես սիրում ես փոքրիկիդ ձեռքը։ Մարդ պետք է կարողանա լքել հավաքականության տված ապահովությունը ու տեսնել, թե հետո ինչ է մնում, երբ ինքը ազատ է լքել, ազատ է վերադառնալ կամ առաջ անցնել։ Գրականությունը նմանատիպ փորձառությունների մասին է պատմում։ Այս ներքին ճանապարհային քարտեզը ինձ համար շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան որևէ ազգային պատկանելություն։

«Ու հենց այն մարդիկ, որ ցնծալով ողջունում էին նրան, առաջինը դուրս եկան փողոց ու տապալեցին անիծյալ բռնապետին. ինչպես տատս էր ասում, իրենց՝ պատուհանների նման լայն բացված սրտերով»։

- Մոնոմշակույթը ինչ-որ իմաստով տալիս է այդ ապահովության զգացումը։ Տպավորություն է, թե արևելաեվրոպական երկրներում և Արևելքում ընդհանրապես մշակութային համասեռություն կա։ Մենք նայում ենք նույն ֆիլմերը, հետևում նույն քաղաքական զարգացումներին, մենք բոլորս մասնակցում ենք մի ընդհանուր իրականության։ Ժամանակն ու Արևմուտքը գործում են հակառակ սկզբունքով։ Գրքում Ձեր նկարագրած երեք քաղաքներից երկուսում՝ Բեռլինում ու Փարիզում, կյանքը անհատական է։ Քիչ է հավաքական ուրախությունը, տագնապը կամ վախը։ Այստեղ ամեն մեկն իր կյանքն է ապրում։ Համաձա՞յն եք այս դիտարկման հետ։ Թեև գրքում սրան անմիջական անդրադարձ չկա, այն ավարտելուց հետո առաջինը հենց այս միտքն է գալիս։ 

- Հարավում ու Հյուսիսում, տարբեր աշխարհամասերում ապրող մարդկանց միջև կան տարբերություններ, որոնք էլ ձևավորում են տարբեր աշխարհայացքներ։ Չնայած բոլոր պատերազմներին, տեղահանումներին, բարդություններին, տարատեսակ աղետներին, մենք նոր ինքնություն ստեղծելու, հարաբերությունների ու կապերի նոր  քարտեզ գծելու բացառիկ հնարավորություն ունենք։ 

Մենք կարող ենք ստեղծել մի ուժ, որ միավորում է մեզ, ուժ, որը ստեղծում է էթիկական մի նոր կողմնացույց ու ուղղորդում մեզ դեպի պատասխանատվություն, դեպի սեր ու դեպի նվիրում այս թանկարժեք կյանքին։ Նրանք, ովքեր պատրաստ են հրաժարվել իրենց կարծրացած ինքնություններից, սկսում են տարանջատել իրենց ապակառուցողական, ավերիչ մարդկանցից։ Սա կլինի ամենասակրալ բանը, որ կարող ենք անել։  

«Ես եղբայրներիս հետ ոգեւորված երգում էի Լեպա Բրենայի «Հարավսլավիայի երգը»։ Դա մեր երկրի գովերգն էր ու կոչվում էր Zivela Jugoslavija 8։ Մեզ համար միեւնույն էր՝ դա քարոզչություն էր, թե՝ ոչ, տողերը պարզունակ էին, բայց տրամադրություն էին բարձրացնում»։ 

- Հետաքրքիր վիճակագրություն կա, ըստ որի «Յուգոնոստալգիան» ավելի բնորոշ է սերբերին։ «Գելափի» հետազոտության համաձայն՝ սերբերի 81%-ը հավատացած է, որ Հարավսլավիայի փլուզումը պատմական սխալ էր։ Հաջորդը Բոսնիա ու Հերցոգովինան է՝ 77%, նրանց հաջորդում է Մոնտենեգրոն՝ քաղաքացիների 65%-ը։ Վերջին տեղում խորվաթներն են ու Կոսովոյի բնակիչները։ Կարո՞ղ ենք ասել, որ թե՛ մարդկանց, թե՛ պետությունների պարագայում որքան բարդ է ներկան, այդքան գայթակղիչ է անցյալը ռոմանտիզացնելն ու ներկայից օտարվելը։

- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորվաթ ֆաշիստները ցեղասպանեցին սերբերին, խորվաթական անթիվ ճամբարներում բազմաթիվ խորվաթաբնակ հրեաներ սպանվեցին։ Այսօրվա Խորվաթիայում շատ քիչ անդրադարձ կա պատմության այս անմարդկային շրջանին։ Ես իմ երկրի դավաճան եմ համարվում, որովհետև բազմիցս անդրադարձել եմ այս խնդրին։ Որոշ ժամանակ առաջ լույս սփռվեց այն փաստի վրա, որ Սարաևո եկած մի խումբ այսպես կոչված սաֆարի որսորդներ՝ տարբեր երկրներից եկած հարուստ մարդիկ, կրակ էին արձակել Սարաևոյի բնակչության վրա՝ երեխաների, առևտուր անողների, սովածների ու աղքատների վրա։ Անձնագրերը մեր մասին ոչինչ չեն ասում։ Միայն անչափելի խավարի մեջ խորասուզվելուց հետո կարող ենք օտարել մեզ արտաքին գործոններից, ծննդյան վկայականներից ու հարցնել՝ ով ենք մենք որպես մարդ արարածներ։

«Սարերը չեն պատասխանել։ Ոչինչ չեն լսել։ Սարերն ականջ չունեն։ Փոխարենը դիպուկահարներն ունեն եւ՛ ականջներ, եւ՛ աչ­քեր։ Բայց նրանք հիմա այլ աշխարհից են, նրանք նվաճողներն են, որոնք առանց հոգու էլ կարող են գոյատեւել։ Այստեղ արյունն ամենուրեք է ու հոսում է ջրի պես։ Ուղիղ գետնի մեջ։ Երեխաների ոտքերից հոսող արյուն։ Ուղիղ դեպի կարտոֆիլի արմատները։ Տղամարդկանց ականջներից հոսող արյուն։ Ուղիղ դեպի խաղողի տնկիները»։

- Ինչպիսի՞նն է Ձեր հայրենիքն այսօր։ Հա՞շտ եք դրա հետ։ 

- Ես սիրում եմ իմ մանկության բնապատկերը։ Ամբողջ հոգով սիրում եմ Խորվաթիայի հարավը և այն փաստը, որ բազմազգ ու բազմակրող երկրում եմ ծնվել։ Ուրախ եմ, որ վաղ մանկությունից հարաբերվել եմ տարբեր կրոնների, տարբեր սուրբ գրությունների հետ, բախտ եմ ունեցել ճանաչելու քրիստոնյաների, հրեաների, մուսուլմանների՝ որպես պարզապես մարդկանց և միայն հետո եմ լսել, որ այս մի խումբը այսպիսինն է, մյուսն այնպիսինն է և այլն։ Սա ինձ շատ բան է տվել։ Ես երբևէ այս սկզբունքը չեմ դավաճանել, ու հենց դրա համար է, որ որոշ մարդիկ ինձ ատում են։ Նրանք կարծում են, թե ես ուզում եմ իրենցից խլել իրենց խորվաթական ինքնությունը, արատավորել այն կամ դավաճանել իմ արմատները։ 

«Ինչի՞ համար են կետադրական նշանները, եթե մենք, միեւնույն է, վերջում սլանում ենք դեպի մոռացություն»։ 

- Արդյոք կյանքի անցողիկությունն ու հավերժությունը չե՞ն դարձնում մեր կյանքերն ու հիշողությունները անկարևոր։ Եթե բոլորս անխուսափելիորեն դեպի մոռացություն ենք սլանում, ինչի վրա հիմնվենք, որ կարողանանք ապրել այնպես, ասես ապրելը կարևոր է։

- Ես կարծում եմ՝ մեր կյանքերը ժամանակից անդին են, ավելին են քան ժամանակը. մեր ամենափոքր քայլերը ստեղծում են նոր աշխարհներ, նոր տարածքներ, որոնք մնում են։ Երգիչը, որի մասին նշեցի, շատ փախստականների է օգնել պատերազմի ժամանակ, նա մեծ հոգի ուներ։ Այդ փախստականները իրեն երբեք չեն մոռանալու, նրանց զավակները չեն մոռանալու, ես չեմ մոռանալու, Դուք ևս չեք մոռանալու։ Մեր գործերը անմահ են։ Մենք պիտի շարունակենք ապրել բացարձակ վստահությամբ, որ մեր կյանքը կարևոր է։ 

«Գետը լի էր դիակներով։ Նա փորձեց հայացքը թեքել, բայց փո­խարենը քարացած նայում էր Դանուբին ու մտածում, որ մարմնի առանձին մասեր հավանաբար արդեն Նովի Սադ էին հասել, այն­ տեղ ձկնորսներից մեկին վախեցրել, իսկ հետո՝ ստորին հոսան­ քով, հասել Երկաթե դարպասին, Բանատյան լեռներում ինչ–որ մի մարդու ահաբեկել»։

- Վեպի ամենաուժեղ հատվածը բնության և անշունչ աշխարհի անտարբերությունն է մարդկային ողբերգությանն ու աղետին։ Դանուբը դուրս չեկավ իր ափերից՝ որպես ցասում կատարվողի նկատմամբ, Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի վրայով անցնող թռչունների ծլվլոցը 1944-ի արևոտ երկնքում նույնն էր, ինչ այսօր՝ խաղաղ ժամանակ։ Այս խզվածքը մարդու ու մարդուց դուրս աշխարհի միջև մտածվա՞ծ եք նկարագրել, թե սա արդեն իմ անձնական խմբագրումն է Ձեր տեքստի։ 

- Ռոբերթ Անթելմը Բուխենվալդի մասին իր հուշերում գրում է ծառերի մասին, ասես դրանք ազատության ու կենսունակության ականատեսներ էին, ասես կարող էին իրեն ու մյուս բանտարկյալներին վերադարձնել իրենց մարդկայնությունը։ Ամեն անգամ մահվան գոտուց դուրս գալիս նրանք հնարավորություն էին ստանում ևս մեկ անգամ նայել բնությանը, տեսնել դրա փոխակերպումները։ Ես շատ եմ մտածել Դանուբի մոտ տեղի ունեցած սպանդի մասին։ Մարդիկ հավատում էին, որ ջուրը կքշի-կտանի իրենց գործած դաժանություններեը, բայց ինձ համար կարևոր էր ցույց տալ, որ անգամ հոսող ջուրը ունի հիշողություն, որ մարդու մարմինն ու խոցելիությունը անանջատ են այդ ջրից, որ կա ավելի մեծ հիշողություն, որ ստեղծել է բնությունը, որ անգամ եթե այդ հանցագործությունները կարելի է լեգիտիմացնել ստերով ու ատելությամբ, ջուրը չի մոռանում։ Համենայնդեպս, գոնե այնքան ժամանակ, որքան չի մոռանում մարդը։  

«Յուրաքանչյուր անէացմանը զուգընթաց ծառը շարունակում է աճել դեպի ապագա, մենք դա գիտենք, ոչինչ չի մնա ու ամեն ինչ կմնա: Հատակի փայտը մեղրի երանգ ունի։ Ես ողջ եմ։ Ես կամ։ Գնացի՛նք, ապագան սպասում է։ Այն այստեղ է։ Ամենուրեք։ Ման­կության ճաղերի հետեւում ու Սենի կամուրջներից մեկի վրա, Շառ­լոտենբուրգի թթենիներից մեկի տակ»։

- Արդյո՞ք այս գորովանքը անցյալի հանդեպ չի օտարում ձեր հերսոներին ներկայից։

- Ինչ-որ իմաստով, այո, օտարում է։ Իմ հերոսները կրում են իրենց ընտանիքների պատմությունները, նրանք դեռ պիտի տանեն այս ծանր բեռը, պիտի դեռ ճաշակեն դրա համը։ Միայն այդպես է հնարավոր նորի մեջ մտնել, լրիվ նոր ու ամբողջական ներկայի մեջ։ Բալենու փայտից սեղանը նույնպես ականատես է, այնպիսին, ինչպիսին Դանուբի ջրերն են, միայն թե այստեղ նոր բան է ստեղծում, նոր սցենար է գրվում, նոր իրականություն։  

«Լռում եմ։ Թույլ եմ տալիս, որ լռությունը մի­ ջովս անցնի։ Խոհանոցիս հին սեղանը կպահեմ։ Այն պետք է մնա որպես վկա, որ տեսնում է ամեն ինչ ու ինձ հուշում է, որ տեսնել՝ նշանակում է փոխել»։

- Ո՞րն է Ձեր բալենու փայտից սեղանը։

- Իմ՝ Բալենու փայտից սեղանն իմ կյանքն է։ Այն այս կղզիանման մոլորակների ու բետոնապատ աշխարհի՝ բեռլինյան իմ ամենօրյա կյանքի միջակայքում է։ Կյանքն ամենագեղեցիկ խաղն է, միևնույն ժամանակ ինչ-որ սակրալ լրջություն կա դրա մեջ։ Պետք է լավ խաղալ այս խաղը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում