Հայաստանի և ԵՄ-ի միջև տարբեր ուղղություններով, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ոլորտում համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ մեկնաբանելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալլասի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը ԵՄ-ից աջակցություն է խնդրել 2026-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով։
«Տարբեր ուղղություններով Հայաստանի դիմակայունության բարձրացման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել։ Գործընկերության զարգացմանը զուգահեռ դիտարկվում, մշակվում, հաստատվում են ՀՀ ժողովրդավարական, տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ։ Այդ սկզբունքով ընդունվեցին, օրինակ՝ այս պահին իրականացման ակտիվ փուլում գտնվող «Դիմակայունություն և աճ» ծրագիրը, Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման մասին որոշումը։
Բացառություն չէ ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համահունչ ապահովելու ճանապարհին հնարավոր հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով փոխգործակցությունը, ԵՄ աջակցությունը՝ հաշվի առնելով այս ուղղությամբ ԵՄ ու անդամ երկրների փորձն ու գործիքակազմը։ Համապատասխանաբար, այո, կան այդ ուղղությամբ համատեղ քննարկումների արդյունքում ձևավորված նախաձեռնություններ, որոնց շուրջ որոշումների կայացման պարագայում հանրությունը պատշաճ կտեղեկացվի»,- ասել է Բադալյանը։
Այսօր Եվրոպական Միության Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել էր, որ այս շաբաթը լինելու է դիվանագիտական ծանր շաբաթ։ Քննարկումների առանցքում լինելու է Ուկրաինայի ֆինանսավորման «կենաց-մահու», ինչպես նաև Հայաստանի ֆինանսավորման հարցը։
Դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։
Civilnet











