Հունվարի 1-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուները և նպաստառուները մինչև 20 % հետվճար կստանան

2026-ի հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 % հետվճար՝ գործող 12 %-ի փոխարեն։ Արդյունքում՝ կենսաթոշակառուները և նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000-ի փոխարեն։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Նախարարությունից նշում են, որ նոյեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից օգտվում է 366 հազար 432 քաղաքացի․ ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 327 մլրդ դրամի անկանխիկ գործարք, և հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է շուրջ 30 մլրդ դրամ։
2026-ի ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստների, այդ թվում՝ կենսաթոշակների և երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վճարումը կիրականացվի անկանխիկ եղանակով։
Ներկայումս իրենց կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով են ստանում կենսաթոշակառուների և նպաստառուների 10%-ից էլ պակաս քաղաքացիներ՝ շուրջ 58 հազար անձ, որոնք ևս ապրիլի 1-ից հնարավորություն կունենան օգտվել հետվճարի ծրագրից՝ ստանալով իրենց կենսաթոշակը կամ նպաստը անկանխիկ եղանակով։
Թեմա
Civilnet










