Գլխավոր Լրահոս

Նուբարաշենի աղբավայրի հարցը՝ տարիների պատմություն. խոշոր ներդրումներ և նոր գործընթացներ

Նուբարաշենի աղբավայրի հարցը՝ տարիների պատմություն. խոշոր ներդրումներ և նոր գործընթացներ

Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 15-ի գործակարգավարական խորհրդակցության օրակարգի առանցքային հարցերից մեկը Նուբարաշենի աղբավայրի խնդիրն էր։ Քաղաքային իշխանությունները հայտարարեցին, որ աղբավայրի հարցի լուծման ուղղությամբ աշխատանքները տարվում են երկու զուգահեռ ուղղություններով՝ հաշվի առնելով նախկինում չստացված փորձը։

Վերջին մեկուկես տասնամյակում իշխանությունները խոսում են Երևանում նոր աղբավայրի կառուցման մասին, բայց նորն այդպես էլ հնին չի փոխարինում, իսկ գումարները ծախսվում են։ 

Դեկտեմբերի 15-ի գործակարգավարական նիստին «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը տեղեկացրեց, որ ՎԶԵԲ-ի (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) հետ համագործակցությամբ էական առաջընթաց կա։ Հայտարարվում է «Երևանի կոշտ թափոնների ծրագրի շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության խորհրդատվական ընկերության ներգրավման» մրցույթը։

«Ամենայն հավանականությամբ այսօր կհայտարարվի մրցույթը միջազգային խորհրդատվական ընկերություններ ներգրավելու համար, որի շրջանակներում նախատեսվում է ծրագրի պատրաստումը»,- ասաց Բաբայանը։

Ըստ նրա՝ ծրագրի պատրաստումը ենթադրում է տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրություն, հանրային ներդրումային ծրագրի մշակման աջակցություն, գնումների փաթեթների մշակում և գործընթացի կառավարում։ Խորհրդատվական աշխատանքների համար նախատեսված է 22 շաբաթ։

«Ամեն ինչ հաջող ընթանալու դեպքում, այսինքն՝ ընկերություններ ներգրավելու դեպքում, 2026-ին մենք հավանաբար հնարավորություն կունենանք մրցութային գործընթացներ մեկնարկել՝ նախքան վարկային համաձայնագրերի շուրջ բանակցությունները ավարտին հասցնելը, եթե կառավարության հետ հնարավոր լինի այս մասով պայմանավորվածություններ ձեռք բերել»,- նշեց Բաբայանը։

Նոր ներդրումային փաթեթ՝ աղբի վերամշակման գործարան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ քաղաքապետարանն այս հարցում երկու գործընթացով է առաջ շարժվում, քանի որ կան «որոշակի չստացված փորձեր»։

Երկրորդ գործընթացը վերաբերում է աղբի վերամշակման գործարանի կառուցմանը։ Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանի խոսքով՝ գործարանի կառուցման ներդրումային փաթեթը մշակվել է։

«Փաթեթը այս պահին շրջանառվում է։ Ակնկալում ենք, որ այս շաբաթվա վերջում այն կստորագրվի ձեր կողմից, այնուհետև կհայտարարվի մրցույթը։ Մրցույթի տևողությունը նախատեսել ենք 60 օր, այսինքն՝ ներդրողները կունենան շուրջ 60 օր իրենց կողմից ներկայացվող առաջարկները մեզ ուղարկելու համար»,- ասաց Հայկազյանը։

Մրցույթը վերաբերում է Նուբարաշենի գործող աղբավայրին հարակից 5 հեկտար տարածքում աղբի վերամշակման գործարան հիմնելուն, որը կունենա նաև հոսքագծեր աղբի տեսակավորման (սեգրեգացիայի) համար։

Չիրականացված խոստումների պատմությունը

Նուբարաշենի քաղաքային աղբավայրը գործարկվել է 1950-ական թվականներին։ Աղբավայր է տեղափոխվում տարեկան միջին հաշվով 290-295 հազար տոննա կենցաղային աղբ։

Աղբավայրի խնդիրը նոր չէ։ 2015-ից հետո Երևանում նոր աղբավայրի կառուցման համար ներդրվել է շուրջ 26 միլիոն եվրո, սակայն նոր աղբավայրն այդպես էլ հնին չի փոխարինել։

Այդ ընթացքում աղբավայրի տարածք և աղբի կուտակման ակտիվ հատվածը աճել է։

Վերջին անգամ հարցը լուծմանը մոտ էր թվում 2019-ին։ Այդ ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը պնդում էր, թե աղբավայր կառուցող ընկերության անունը հայտնի կդառնա տարեվերջին։ Տարին ավարտվեց, բայց անունն այդպես էլ հայտնի չեղավ, իսկ մրցույթը չեղարկվեց։

Վերջին 15 տարիների ընթացքում միակ շոշափելի հաջողությունը 2009-ին Նուբարաշենի կենսագազի հավաքման և այրման կայանի կառուցումն ու շահագործումն էր, ինչպես նաև «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի հիմնումը։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում