Գլխավոր Լրահոս

Հայաստանը կկառավարի վիզաների ազատականացման միգրացիոն ռիսկերը. ՆԳ փոխնախարար

Հայաստանը կկառավարի վիզաների ազատականացման միգրացիոն ռիսկերը. ՆԳ փոխնախարար

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) պատրաստ է՝ զսպելու դեպի Եվրամիության երկրներ միգրացիոն հոսքերի կտրուկ աճը վիզաների ազատականացման դեպքում՝ շեշտը դնելով նախնական իրազեկման և հետընդունման (ռեադմիսիայի) խիստ մեխանիզմների վրա։ Այս մասին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում հայտնել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Ըստ պաշտոնյայի՝ գերատեսչությունը վերլուծել է անայցագիր ռեժիմին անցած երկրների, մասնավորապես, Վրաստանի փորձը։ Վրաստանում մինչև ազատականացումը, որը տեղի ունեցավ 2017-ին, ԵՄ-ում առաջին ապաստան հայցողների տարեկան թիվը գերազանցում էր 10,000-ը, իսկ ռեժիմի ուժի մեջ մտնելու հաջորդ տարում այդ ցուցանիշը կրկնապատկվել էր՝ հասնելով ավելի քան 30,000-ի։

«Վրաստանը տեղեկատվական արշավները սկսեց իրականացնել թվերի աճից հետո։ Մենք այդ աշխատանքը կատարում ենք նախօրոք՝ բացատրելով հանրությանը, որ ազատ վիզային ռեժիմը չի ենթադրում ապաստան հայցելու կամ աշխատելու իրավունք»,- նշել է Ղազարյանը` հավելելով, որ դա հնարավորություն է կարճաժամկետ զբոսաշրջային և գործնական այցերի համար: 

ՆԳՆ տվյալներով՝ ԵՄ երկրներում ՀՀ քաղաքացիների կողմից ապաստանի հայցերի պիկը գրանցվել է 2016-ին (ավելի քան 8,000 հայց)։ Դրանից հետո նկատվել է նվազման միտում, իսկ COVID-19 համավարակի սահմանափակումների պատճառով 2020-ին թիվը նվազել է մինչև 1,200: Այնուամենայնիվ հետագա տարիներին կրկին աճել է՝ 2024-ին կազմելով շուրջ 5,000։

Որպես անկանոն միգրացիայի դեմ պայքարի հիմնական գործիք՝ Երևանը շեշտադրում է գործուն ռեադմիսիոն (հետընդունման) համակարգը։ Հայաստանը ներդրել է հատուկ էլեկտրոնային հարթակ, որի միջոցով համագործակցում է ԵՄ միգրացիոն իշխանությունների և FRONTEX-ի (Եվրոպական միության սահմանային և առափնյա պահպանության գործակալություն) հետ։

«Մեր պարագայում ԵՄ-ից ստացված հետընդունման հայցերի դրական պատասխանների ցուցիչը գերազանցում է 90%-ը։ Սա եվրոպացի գործընկերների գնահատմամբ՝ ամենադրական վիճակագրությունն է իրենց փորձառության մեջ»,- հայտարարել է փոխնախարարը։

Ըստ Ղազարյանի՝ այս մեխանիզմների համադրումը թույլ է տալիս կառավարելի պահել միգրացիոն ռիսկերը և խուսափել զանգվածային արտահոսքի սցենարից։

Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024-ի հուլիսի 22-ին՝ Եվրոպական Միության արտաքին գործերի խորհրդի որոշմամբ։ Սա երկարատև գործընթաց է, որը նախատեսում է բարեփոխումներ մի շարք առանցքային ոլորտներում։

Հայկական կողմին վերջերս փոխանցված Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (VLAP) համալիր փաստաթուղթ է, որը ներառում է չորս առանցքային ուղղություն։ Նախատեսվում է, մասնավորապես, փաստաթղթերի անվտանգության ապահովում, ինչը ենթադրում է կենսաչափական (բիոմետրիկ) տվյալներով անձնագրերի ամբողջական ներդրում։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից են նաև սահմանների կառավարումն ու միգրացիան, որոնք պահանջում են սահմանային վերահսկողության արդիականացում և միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարում։

Բացի այդ, փաստաթուղթը շեշտադրում է հասարակական կարգն ու անվտանգությունը՝ պահանջելով խստացնել պայքարը կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ, ինչպես նաև ամրապնդել հիմնարար իրավունքների պաշտպանությունը, ներառյալ տեղաշարժի ազատությունը։ Այս բոլոր բարեփոխումների բարեհաջող ավարտից և Եվրամիության խորհրդի հաստատումից հետո միայն հայաստանցիները հնարավորություն կստանան առանց վիզայի կարճաժամկետ այցելություններ կատարել Շենգենյան գոտու երկրներ՝ յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում մինչև 90 օր ժամկետով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում