ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ծառայության ժամկետը 18 ամիս դարձնելու օրենքի նախագիծը

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին օրենքի նախագիծը։
Նախագիծը սահմանում է, որ 2026-ի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիները 24-ի փոխարեն կծառայեն 18 ամիս։
«Կառավարության 2021-2026-ի ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը: Այդ կապակցությամբ՝ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն: Օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս՝ սկսած 2025-ի ձմեռային զորակոչից»,- ասված է նախագծում։
Civilnet










