Հնդկաստանի համար Հայաստանը հետաքրքրություն ունի մի քանի հիմնական տեսանկյունից՝ Նյու Դելիի Պակիստանի դեմ ռազմավարության համատեքստում, քանի որ վերջինը սերտ համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ; Եվրոպայի և հյուսիսի հետ կապվելու Հնդկաստանի հաղորդակցային ծրագրերի (International North-South Transport Corridor) և հնդկական սպառազինության արտահանման տեսանկյունից։ Դեկտեմբերի 11-ին հնդկական առաջատար հնդկական առաջատար Observer Research Foundation (ORF) վերլուծական կենտրոնում միջազգային լրագրողների հետ փորձագետների հանդիպմանը արծարծվեցին նաև Հայաստանին վերաբերող հարցեր։ Լրագրողների խմբում ներկայացված էին Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների ներկայացուցիչները՝ բացառությամբ Ադրբեջանի, ինչպես նաև լրագրողներ Եվրոպայից, ԱՄՆ-ից ու Կանադայից։
Հնդկաստանի ընդլայնվող ներկայությունը Հարավային Կովկասում
Ըստ ORF-ի Ռազմավարական ուսումնասիրությունների ծրագրի գիտաշխատող Ալեքսեյ Զախարովի՝ Հնդկաստանի ներգրավվածությունը Հարավային Կովկասում այլևս երկրորդական չէ։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում կարող ենք տեսնել, թե ինչպես է Հնդկաստանը մեծացնում իր ներկայությունը Եվրասիայում, մասնավորապես Հարավային Կովկասում, - ասում է Զախարովը։- Հավանաբար նկատել եք, որ Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները զգալիորեն բարելավվել են, առավել տեսանելիորեն պաշտպանության, բայց նաև հաղորդակցության ոլորտներում»։
Զախարովը կարծում է, որ Նյու Դելիի մոտեցումը մասամբ իր ազգային անվտանգության զգայունություններից է բխում. «Հնդկաստանի համար կարևոր է հաշվի առնել երկրի դիրքորոշումը Քաշմիրի հարցում։ Ահա թե որտեղ են երևան գալիս Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարաձայնությունները»։

Չնայած Հնդկաստանի շարունակական տնտեսական համագործակցությանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ներառյալ Ադրբեջանի հետ էներգետիկ նախագծերը և Թուրքիայի հետ ամուր տնտեսական համագործակցությունը, ORF-ի փորձագետները շեշտում են, որ Հայաստանն այսօր Հնդկաստանի ամենամոտ գործընկերն է տարածաշրջանում: Նաև Վրաստանն է հավակնում այս դերին՝ տրանսպորտային և կապի ներուժի շնորհիվ։
«Վրաստանը փորձում է դիրքավորվել որպես տրանսպորտային հանգույց»,- ասում է Զախարովը: Նա հավելում է, որ Հնդկաստանը շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ՝ չնայած Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան համագործակցության վերաբերյալ անվտանգության լուրջ մտահոգություններին։
«Պակիստանի վերջին հակամարտությանը [խմբ. - նկատի ունի ամռան սկզբին Ջամմու և Քաշմիրի շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո սկսված սրացումը] մենք տեսանք թուրքական անօդաչու սարքերի լայն կիրառում։ Սա բազմաթիվ ձևերով սպառնում է երկրների միջև հարաբերություններին»,- ասում է փորձագետը։
ORF-ի ռազմավարական ուսումնասիրությունների ծրագրի մեկ այլ գիտաշխատող՝ Անտարա Ղոսալ Սինգհը, շեշտում է, որ Հնդկաստանի գլոբալ դերի ընդլայնմանը զուգընթաց ընդլայնվում է նաև նրա ռազմավարական քարտեզը, և Հայաստանն այժմ ամուր տեղ ունի դրանում։

«Հնդկաստանի վերելքի հետ մեր շահերը չեն սահմանափակվում միայն Հարավարևելյան Ասիայով: Մեր մարտահրավերները գլոբալ են։ Անցյալ ամառ մենք հակամարտություն ունեցանք Պակիստանի հետ և տեսանք, թե ինչպես են Թուրքիան և այլ երկրներ միջամտում․ սա է մեր հակամարտությունը միջազգային դարձնում։ Այս տեսանկյունից, Հայաստանը և Հունաստանը դառնում են մեր ռազմավարական հաշվարկի տարրեր։ Նրանք նախկինում երբեք չեն եղել այդպիսին, բայց հիմա Հայաստանը շատ կարևոր է Հնդկաստանի ռազմավարական մտածողության համար… և մենք ակնկալում ենք զգալիորեն զարգացնել այս հարաբերությունները»,- բացատրում է Անտարա Ղոսալ Սինգհը։
ORF-ի Եվրասիական ուսումնասիրությունների ծրագրի կրտսեր գիտաշխատող Ռաջոլի Սիդհարթ Ջայապրակաշն ընդգծում է Հնդկաստանի մտահոգությունները Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև եռակողմ համագործակցության վերաբերյալ։

«Բնականաբար, մենք որոշակի զգուշությամբ ենք հետևում Ադրբեջան-Թուրքիա կապերին՝ Պակիստանին ցուցաբերվող աջակցության պատճառով։ Մենք, անշուշտ, հասկանում ենք, որ Հայաստանը Հնդկաստանի ռազմավարական գործընկերն է, և Հնդկաստանը ոչինչ չի անի Հայաստանի շահերի դեմ», - ասում է նա։
Ընդգծելով Հայաստանի և Թուրքիայի կամ Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցող դիվանագիտական գործընթացները՝ Ջայապրակաշը նշում է, որ Նյու Դելին այդ պետությունների միջև սահմանափակ ռազմավարական մերձեցում է տեսնում։
«Չնայած Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարելավվել են՝ փոփոխություններն արմատական չեն, քանի որ շահերի ռազմավարական մերձեցում չկա։ Եթե կա խաղաղության վերաբերյալ համաձայնագիր, Հնդկաստանը համաձայն է դրա հետ»,- նշում է նա։
Հնդկաստանի վերաբերմունքը «Թրամփի ուղուն»
Հնդկաստանի՝ Թրամփի ուղու (TRIPP ծրագրի) նկատմամբ վերաբերմունքը Ջայապրակաշը նկարագրում է որպես «զգուշավոր լավատեսություն» ։
«Մինչ այժմ մենք ողջունել ենք զարգացումները, քանի որ դրանք տեղի են ունեցել բոլոր երեք երկրների [Հայաստան, Ադրբեջան և ԱՄՆ] հետ համագործակցությամբ: Հնդկաստանը ողջունում է որոշումը»,- ասում է նա, բայց նաև ընդգծում, որ անորոշությունները մնում են։ «Կան ձևաչափի վերաբերյալ մտահոգություններ… և միջանցքն ունի ԵԱՏՄ սահմանափակումներ, քանի որ ԵԱՏՄ-ն չի կարող գործել այդ նպատակով։ Հնդկաստանը ողջունում է, որ բոլոր երկրները միավորվել են, բայց դեռ վաղ է դատել, թե ինչպես այն կաշխատի»։
Չնայած Հնդկաստանը, հավանաբար, չի վանի Ադրբեջանին կամ Թուրքիային՝ ORF-ի վերլուծաբաններն ընդգծում են, որ Հնդկաստանի խորացող համագործակցությունը Հայաստանի հետ, հատկապես պաշտպանության և կապի ոլորտում, հիմնված է ռազմավարական տրամաբանության և անվտանգության երկարաժամկետ նկատառումների վրա։
Հնդկաստան-ԱՄՆ հարաբերություններ
Լրագրողների հետ հանդիպմանը հատուկ անդրադարձ կատարվեց նաև Հնդկաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններին և տարբեր տարածաշրջաններոում դրանց դրսևորումներին։
Հնդկաստանցի պաշտոնաթող դիվանագետ և ORF-ի վաստակավոր գիտաշխատող Աջայ Բիսարիան անցյալ տարին Հնդկաստան-ԱՄՆ հարաբերությունների համար անսովոր անհանգիստ է համարում, աշխարհաքաղաքական միջավայրն անվանում «Թրամփի փոթորիկ», քանի որ, ըստ նրա, ամբողջ աշխարհում գործընկերային հարաբերությունները լարվեցին։
Նրա կարծիքով՝ Հնդկաստանի երկարատև և բազմավեկտոր ռազմավարությունն այժմ վերակարգավորման կարիք ունի, քանի որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները դառնում են «ամենակարևորը և ամենաանկայունը»:
Բիսարիան ասում է, որ Հնդկաստանը հետևում է «կառավարել, պահպանել հանգստություն և բանակցել» պրագմատիկ, կարճաժամկետ մոտեցմանը։ Նա շեշտում է, որ շուտով սպասվում է շրջանակային առևտրային համաձայնագրի ստորագրում, որին կհաջորդի ավելի լայն երկկողմ պայմանագիր: Հնդկաստանի ռազմավարական համայնքը վերջերս ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացրել է Վաշինգտոնում քաղաքականության անկանխատեսելիության վերաբերյալ իր մտահոգությունների մասին, ինչն այս տարի «խարխլել է ԱՄՆ հուսալիությունը որպես գործընկերոջ»՝ չնայած այս հարաբերությունների անփոխարինելիությանը։
Միջնաժամկետ հեռանկարում Հնդկաստանը, ինչպես մյուս միջին տերությունները, դիվերսիֆիկացնում է իր արտաքին կապերը: Երկարաժամկետ հեռանկարում, նրա խոսքով, Հնդկաստանը այլընտրանք չի տեսնում, քան ամրապնդել սեփական տնտեսությունը և ռազմավարական կարողությունները:
ORF-ի փորձագետները նշում են, որ Հնդկաստանի ռազմավարական նպատակն է իր անկախության 100-ամյակին՝ 2047-ին, զարգացող երկրից մուտք գործել զարգացած երկրների շարքը։ Նրանք նաև նշում են, որ առաջիկա տարիներին Հնդկաստանը կդառնա մեծությամբ աշխարհի երրորդ տնտեսությունը։
Կարեն Հարությունյան, Նյու Դելի, Հնդկաստան
Read the article in English: New Delhi sees Armenia gaining strategic importance, Indian analysts say
Civilnet











