Դեկտեմբերի 16-ին Լյուքսեմբուրգում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելը ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում են Հայաստանի արտգործնախարարությունից։
Ռազմավարական գործընկերության հաստատմամբ Հայաստանի Հանրապետությունը և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը վերահաստատել են իրենց վճռականությունը խորացնելու հարաբերությունները քաղաքականության, տնտեսության, պաշտպանության, անվտանգության, արդարադատության, մշակույթի, կրթության, շրջակա միջավայրի ոլորտներում, ինչպես նաև ուսումնասիրելու դրանց ընդլայնման հնարավորությունները նոր ոլորտներում։
Հայաստանը և Լյուքսեմբուրգը վերահաստատում են իրենց գործընկերության հիմքում ընկած հիմնարար արժեքները, ներառյալ՝ ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման հանձնառությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն, ինչպես նաև բազմակողմանիության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի խթանումը:
Երկու երկրները վերահաստատում են ՀՀ ձգտումը՝ ամրապնդելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգային, մշակութային և սոցիալական կապերը Եվրոպական միության և ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ:
Ընդգծելով Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման կարևորությունը՝ Հայաստանը և Լյուքսեմբուրգը կխթանեն երկկողմ թեմատիկ կանոնավոր խորհրդակցությունների հաստատումը՝ կենտրոնանալով ԵՄ չափանիշներին Հայաստանի մոտարկմանն ուղղված աջակցության, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի («CEPA») և ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի լիարժեք և արդյունավետ իրականացման առաջմղման, ինքնիշխանության և դիմակայունության բարձրացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վրա:
Հայաստանը և Լյուքսեմբուրգը վերահաստատում են իրենց հանձնառությունն՝ ըստ հնարավորության զարգացնելու և ընդլայնելու տնտեսական և առևտրային հարաբերություններն՝ առաջնահերթություն տալով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին: Ճանաչելով Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող՝ համաշխարհային առևտրային շուկաների սահմանափակ հասանելիությամբ երկրի առջև ծառացած բազմակողմանի մարտահրավերները՝ կողմերը կընդլայնեն համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային առևտրի և տրանսպորտային կապակցվածության խթանման համար՝ այդ թվում միմյանց նախագծերին աջակցելու միջոցով, ինչպիսին է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
Civilnet











