Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026-ի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:
Դեկտեմբերի 15-16-ը Փարիզում տեղի են ունեցել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։
ՊՆ-ից հայտնում են, որ խորհրդակցությունների ընթացքում Լևոն Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության տնօրինության նորանշանակ ղեկավար Գիյոմ Օլանիեի հետ, որից հետո պատվիրակությունների կազմով քննարկումներ են տեղի ունեցել տնօրինության ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էրիկ Պատիեի հետ։
Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են համագործակցության շրջանակում 2025-ին իրականացված աշխատանքները, և նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը:
Կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցությանը ռազմավարական բովանդակություն և ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու կարևորությունը:
Որոշում է կայացվել հաջորդ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններն անցկացնել Երևանում։
***
Հայաստանն ու Ֆրանսիան սկսեցին ակտիվ համագործակցել պաշտպանության ոլորտում 2023-ից, երբ ստորագրվեցին համագործակցության մասին փաստաթղթեր։ 2024-ին փետրվարի 21-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ հայտարարեց, որ Ֆրանսիան կշարունակի զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Այս տարվա նոյեմբերին Ֆրանսիայի պաշտպանության նախարարության զեկույցի համաձայն՝ 2024-ին Ֆրանսիան Հայաստանին տրամադրել է 29 արտահանման լիցենզիա, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 2,756 մլրդ եվրո։ Այս գումարը կապ չունի վաճառքի փաստացի ծավալների հետ, այն սահմանում է թույլատրված մատակարարումների վերին շեմը՝ յուրատեսակ «հովանոցային թույլտվություն» գալիք տարիների համար, որի շրջանակում ֆրանսիական պաշտպանական ընկերությունները կարող են գործարքներ կնքել առանց լրացուցիչ բյուրոկրատական ընթացակարգերի և առանց Ֆրանսիայի կառավարության թույլտվություններին սպասելու։
Իրականում, ինչպես հետևում է զեկույցից, 2024-ի վերջի դրությամբ Հայաստանի կնքած պայմանագրերը կազմել են 278,5 մլն եվրո։ Սիվիլնեթի սյունակագիր Էդուարդ Առաքելյանի գնահատմամբ՝ նման ծավալի լիցենզիաների տրամադրումը՝ արդեն իսկ ստորագրված համեմատաբար փոքր պայմանագրերի պարագայում, ցույց է տալիս Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի պաշտպանական ներուժի ամրապնդման հարցում՝ կենտրոնանալով բարձր տեխնոլոգիական պատերազմ վարելու համար ամենաժամանակակից և կենսական նշանակություն ունեցող համակարգերի վրա։
Նա նաև գրել է, որ Ֆրանսիան, ըստ էության, Հայաստանի համար հնարավորություն է բացել լայնածավալ գնումների և արդիականացման ապագա ծրագրերի համար՝ դիտարկելով Հայաստանը որպես երկարաժամկետ ռազմատեխնիկական գործընկեր, այլ ոչ թե պարզապես մեկանգամյա հաճախորդ։ Տրամադրված լիցենզիաները վերացնում են վարչարարական ուշացումների ռիսկերը՝ ստեղծելով նոր պայմանագրերի և դրանց հետագա փոփոխությունների արագացված հաստատման մեխանիզմ։
Civilnet











