Պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից․ Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով։ Այս մասին ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։
«Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին։ Պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել Եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը։
Մայր Աթոռը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։ Մայր Աթոռ ուղղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության ու միասնականության։ Սուրբ Էջմիածնի անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին և առ մեր Սուրբ Եկեղեցին։
Տերը օգնական հայոց ազգին»,- ասված է հաղորդագրության մեջ։
***
Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին և դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Եպիսկոպոսները պահանջում են Գարեգին Բ-ին «հանգստի կոչել», ինչը համարում են անհետաձգելի անհրաժեշտություն։
Civilnet










