Գլխավոր Լրահոս

Ադրբեջանական նավթամթերքի խմբաքանակն ուղարկվում է Հայաստան. Պապոյան

Ադրբեջանական նավթամթերքի խմբաքանակն ուղարկվում է Հայաստան. Պապոյան

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, մեկնարկել է ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակի տեղափոխումը Հայաստան։ Ադրբեջանական APA գործակալության լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Վերջինս նշեց, որ ամեն ինչ պատրաստ է, սակայն ձեռնպահ մնաց հայաստանյան ընկերության անունը նշելուց։

Ըստ հրապարակված տվյալների՝ ադրբեջանական պետական SOCAR ընկերության արտադրության «ԱԻ-95» տեսակի բենզինով բեռնված 22 վագոններն արդեն ուղարկվել են Հայաստան։ Մատակարարման շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 28-ին Գաբալայում՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ։

Գործակալությունը գրում է, որ գործարքը կրում է բացառապես առևտրային բնույթ. ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ վառելիքը վաճառվելու է միջազգային շուկայական գներին համապատասխան։

Վառելիքի տեղափոխումն իրականացվում է Վրաստանի տարածքով։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը դեկտեմբերի 8-ին հաստատել էր, որ ստացել է միանգամյա տարանցման հայտ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրացական երկաթուղուն» հանձնարարվել է անվճար հիմունքներով իրականացնել այս բեռնափոխադրումը։

Նոյեմբերի 6-ին և 8-ին Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից երկաթուղով ցորեն է ներկրվել Հայաստան։ Դա վերջին 35 տարվա ընթացքում առաջին երկաթուղային փոխադրումն էր։

***
Դեկտեմբերի 6-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ քննարկվում է նավթի և նավթամթերքի արտահանումն Ադրբեջանից Հայաստան։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից հայտնել են, որ Վրաստանը տուրքեր չի գանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին տարանցիկ փոխադրման համար։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում հրաժարվել էր հայտնել, թե որ ընկերություններն են ներկրելու ադրբեջանական նավթամթերքը։, նշելով, որ դա առևտրային գաղտնիք է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում