Գլխավոր Լրահոս

Մոսկվան «հանձնառու է» Թբիլիսիի հետ հարաբերությունների կարգավորմանը

Մոսկվան «հանձնառու է» Թբիլիսիի հետ հարաբերությունների կարգավորմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվան «հանձնառու է» Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ գովաբանելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության արտաքին քաղաքականությունը՝ այն բնութագրելով որպես «հավասարակշռված և բազմակողմ»։

OC Media-ի հոդվածի թարգմանությունը՝ ստորև։

Այս հայտարարությունները արել է Միխայիլ Կալուգինը՝ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության ղեկավարը, ռուսական պետական «Ռոսիա Սեգոդնյա» լրատվամիջոցին տված հարցազրույցում։

Հարցազրույցում Կալուգինը հիմնականում խոսել է Հարավային Կովկասի երկրների՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, այդ թվում՝ ինչպես լրատվամիջոցն է բնութագրել, «Արևմուտքի՝ տարածաշրջանում դիրքերն ամրապնդելու աճող փորձերի մասին»։

«Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում անփոփոխ են»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը տարածաշրջանի «ոչ միայն հարևանն է», այլ «ինքնին կովկասյան պետություն»։ Նա մեղադրել է «արևմտյան երկրներին»՝ Հարավային Կովկասը «խռովելու», տարածաշրջանային երկրների և Ռուսաստանի միջև «սեպ խրելու» և Մոսկվային նրանց հետ «առճակատման մեջ ներքաշելու» «քայքայիչ փորձերի» մեջ։

«Նրանց հիմնական նպատակը մեզ վնասելն է՝ զոհաբերելով ուրիշների շահերը և ևս մեկ տարածաշրջան ներգրավելով իրենց հակառուսական սխեմաների մեջ»,- հավելել է Կալուգինը։

Վրաստանի հետ հարաբերությունների և դիվանագիտական կապերի վերականգնման հեռանկարների մասին հարցին պատասխանելով՝ Կալուգինը նշել է՝ «մենք ձգտում ենք Վրաստանի հետ կայուն հարաբերությունների»։

«Թբիլիսին դրսևորում է առողջ պրագմատիզմ և հավասարակշռված, բազմակողմ արտաքին քաղաքականություն»,- ասել է նա՝ հավելելով, որ Վրաստանը «որոշել է չմիանալ հակառուսական պատժամիջոցների կոալիցիային»։

Կալուգինը կրկնել է «Վրացական երազանք» կուսակցության պնդումները, թե որոշ արտաքին ուժեր փորձել են Վրաստանին ներգրավել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած լայնածավալ պատերազմի մեջ՝ բացելով «երկրորդ ճակատ» Մոսկվայի դեմ։

«[Վրաստանը] մերժել է Ռուսաստանի դեմ “երկրորդ ճակատ” բացելու անհեռատես սցենարը, որը նրան պարտադրվում էր դրսից»,- ասել է Կալուգինը։

Նա նաև նշել է, որ Թբիլիսիի ներկայիս արտաքին քաղաքականության արդյունքում «վերջին տարիներին զգալի տնտեսական առաջընթաց ենք տեսել», և «եթե Վրաստանը 2022-ին Արևմուտքին հաճոյանալու համար ընտրեր մեզ հետ առճակատման ուղին, այս դրական զարգացումներից ոչ մեկը տեղի չէր ունենա»։

«Ռուսաստանը հանձնառու է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Կարևոր է, որ Վրաստանը չդառնա Ռուսաստանի դեմ խաղերի խաղաքարտ»,- եզրափակել է նա։

Սա առաջին դեպքը չէ, երբ Մոսկվան գովաբանում է Թբիլիսիի արտաքին քաղաքականությունը։ Նման հայտարարություններ նախկինում ևս արել են ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց շրջապատի ներկայացուցիչներ, հատկապես Վրաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։

Նոյեմբերին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն գովաբանել էր վրացական իշխանությունների «դիմացկունությունը»՝ պնդելով, որ նրանք կարողացել են «դիմակայել ընտրությունների ընթացքում իրավիճակը ապակայունացնելու նպատակով իրականացվող քայքայիչ գործողություններին»։

Ավելի վաղ՝ 2024-ի դեկտեմբերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական պետական լրատվամիջոցներին ասել էր, որ «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն փորձում են Թբիլիսիին դնել կեղծ երկընտրանքի առաջ», և «վրացական իշխանությունները, կարծես, ցանկանում են կառուցել ազգային շահերին համապատասխան ինքնիշխան քաղաքականություն»։

«Վրացական երազանքի» քաղաքականությունը գովաբանել են նաև Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ինչպես նաև Կրեմլի քարոզիչ և պետական RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, մեկնաբանելով Կալուգինի հայտարարությունները, նշել է, որ Թբիլիսին «կողմ է հարաբերությունների կարգավորմանը», սակայն դրա «նախապայմանը Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչումն է»։

«Ով չի հարգում մեր ինքնիշխանությունը՝ լինի հյուսիսից, արևելքից, արևմուտքից թե հարավից, աշխարհագրական ուղղությունը նշանակություն չունի, նա կհանդիպի համապատասխան վերաբերմունքի»,- ասել է Պապուաշվիլին՝ ըստ իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության։

Վրաստանի հարաբերությունները արևմտյան գործընկերների հետ հատկապես սրվել են 2024-ի վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո՝ սահմանափակող օրենքների ընդունման, ԵՄ անդամակցության գործընթացի սառեցման և հետագա բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության կիրառած բռնության ֆոնին։ ԱՄՆ-ն և մի շարք եվրոպական երկրներ պատժամիջոցներ են կիրառել վրաց պաշտոնյաների նկատմամբ։

Այս համատեքստում քննադատները հաճախ մեղադրում են վրացական իշխանություններին երկիրը եվրատլանտյան տարածքից հեռացնելու և Ռուսաստանի ուղեծիր տեղափոխելու մեջ։ Իշխող կուսակցությունը, իր հերթին, մերժում է այդ բնութագրումը՝ հայտարարելով, որ վարում է «ինքնիշխան» քաղաքականություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում