Թրամփի հրամանով Green Card-ի ծրագիրը սառեցվում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով հրամայել է կասեցնել Green Card-ի վիճակախաղի ծրագիրը՝ որպես հիմնավորում նշելով Բրաունի համալսարանում և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) տեղի ունեցած արյունալի իրադարձությունները։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները պարզել են, որ երկու հաստատություններում իրականացված հարձակումների գլխավոր կասկածյալը՝ 48-ամյա Կլաուդիո Նևես Վալենտեն, ԱՄՆ-ում բնակության իրավունք էր ստացել հենց այս վիճակախաղի միջոցով 2017-ին։
Նախագահը նշել է, որ ծրագիրը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը, քանի որ այն թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացիներին մուտք գործել երկիր պատահական ընտրության սկզբունքով՝ առանց անձնական տվյալների և մասնագիտական որակների խորքային ու բավարար ստուգման։
Թրամփի փաստարկմամբ՝ ներկայիս համակարգը հնարավորություն է տալիս «վտանգավոր անհատներին» օգտվել ԱՄՆ ներգաղթային օրենսդրության բացերից, ինչի հետևանքով տեղի են ունենում նմանատիպ ողբերգություններ։
Նախագահը հանձնարարել է Ազգային անվտանգության դեպարտամենտին և Պետքարտուղարությանը սառեցնել վիզաների տրամադրման բոլոր ընթացիկ գործընթացները՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը պետք է անցում կատարի բացառապես «արժանիքների վրա հիմնված» ներգաղթային համակարգի, որը առաջնահերթություն կտա երկրի համար օգտակար և ստուգված անձանց։ Թեև այս որոշումը ենթակա է իրավական բողոքարկման Կոնգրեսի և դատարանների կողմից, այս պահին ծրագրի բոլոր հետագա փուլերը համարվում են կասեցված։
Civilnet










