Գևորգ Թոսունյան
Երևանի և, ընդհանրապես, Հայաստանի այգիներում ամենամեծ վարձակալական կտորը գտնվում է անմխիթար վիճակում։ Մանկական երկաթուղին տևական ժամանակ է՝ լքված է։ Ի՞նչ է նախատեսվում երկաթուղու մասով ու ի՞նչ խնդիրներ կան այս տարածքի հետ։
Խանջյանի գաղափարից մինչև 2012-ի վերջին շունչը
1936-ին դրվեց այն հիմնաքարը, որի վրա հետագայում կառուցվեց Մանկական երկաթուղին։ Դրա գաղափարը ծագել էր մեկ տարի առաջ՝ 1935-ին՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի մտահղացմամբ։ Կայարանն ի սկզբանե կոչվում էր «Փարոս», հետո վերանվանվեց «Հայրենիք»։ Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ երկաթուղին շահագործման է հանձնվել 1937-ի նոյեմբերի 7-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի օրը։
1980-ականներին արդեն այգին ոչ բարվոք վիճակում էր. նախատեսվում էր այն վերակառուցել, սակայն ԽՍՀՄ փլուզումն ու նորանկախ Հայաստանի խնդիրները այս ծրագիրն իրականացնելու հնարավորություն չտվեցին։
Շուրջ 90-ամյա պատմություն ունեցող երկաթուղին վերականգնման վերջին աշխատանքները տեսավ իր 75-ամյակին՝ 2012-ին։ Երևանի քաղաքապետարանի և «Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացվեց շարժակազմի և գծերի վերանորոգում, միաժամանակ թարմացվում էր նաև «Հայրենիք» կայարանը։
Այսօր ինչպես շարժակազմի, այնպես էլ կայարանի դեպքում ամեն ինչ այնպիսին է, ինչպիսին 2012-ից առաջ էր՝ լքված ու անմխիթար։ Հետագայում քաղաքային իշխանությունները բարեկարգման նախաձեռնությունների մասին խոսել են, սակայն իրավիճակը չի շտկվել։
Պայմանագրային պարտավորություններ և իրական պատկեր
Մանկական երկաթուղու տարածքը վարձակալել է համանուն ընկերությունը՝ «Մանկական Երկաթուղի» ՍՊԸ-ն։ 2014-ի դեկտեմբերի 18-ին Երևանի քաղաքապետարանի և ընկերության միջև կնքվել է վարձակալության երկու պայմանագիր՝ 58,950.04 քմ և 588,93 քմ մակերեսներով հողամասերի վերաբերյալ։
Խոշոր՝ 58,950 քմ մակերեսով հողամասը տիրապետման և օգտագործման է հանձնվել մինչև 2025-ի հունիսի 15-ը։ Չնայած տարածքի ներկայիս անմխիթար վիճակին, պայմանագրով վարձակալը հստակ պարտավորություններ է ստանձնել, մասնավորապես, պահովել զբոսայգում առկա շենքերի, շինությունների, տրանսպորտային և տեխնիկական միջոցների պահպանումը, վերանորոգումը և տեխնիկական պատշաճ վիճակը, ինչպես նաև պահպանել և ավելացնել կանաչ տնկարկները, և օգտագործել տարածքը բացառապես որպես մանկական զբոսայգի։
Մեր այցի ընթացքում տարածքում առկա բազմաթիվ չորացած ծառերը փաստում են, որ այս դրույթները մնացել են միայն թղթի վրա։ Որոշ հատվածներում նկատվեցին ներարկիչներ, այս վիճակն առավել վտանգավոր է դարձնում այգին երեխաների համար։ Ժամանակ առ ժամանակ այգում պտտվում են նաև ոստիկաններ։
Ֆինանսական ճեղքվածք. վարձավճար և կուտակված պարտքեր
Հողամասի տարեկան վարձավճարը սահմանվել է տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար։ ՍիվիլՆեթը քաղաքապետարանից ստացել է այս վարձակալության տարեկան արժեքը, որը կազմում է շուրջ 900 հազար դրամ։
Քաղաքացիական օրենսգրքով վարձակալության ժամկետի ավարտից հետո այն շարունակում է գործել, եթե վարձակալը շարունակում է վճարումներ անել, սակայն տվյալ դեպքում կուտակվել են հսկայական պարտքեր։ Մյուս կողմից, ըստ պայմանագրի, ժամկետի ավարտից հետո (2025-ի հունիսի 15) ամբողջ գույքը, ներառյալ բարելավումները և ամրակայված գույքը, քաղաքապետարանի պահանջով կարող է անցնել համայնքին։
2014-ի «առեղծվածային» օտարումը
2014-ին մեկ այլ ուշագրավ հանգամանք է տեղի ունեցել։ Ի սկզբանե Մանկական երկաթուղին ունեցել է երկու հողամասային միավոր՝ 58,950.04 քմ և 965,66 քմ մակերեսներով։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ 965,66 քմ հողամասի 376,73 քմ մակերեսով հատվածը ներառված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների (օտարման ենթակա չլինելու) ցանկում։ Տարոն Մարգարյանի հ. 3934-Ա որոշմամբ՝ այդ հատվածն ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է ընկերությանը 9,5 մլն դրամով։
Սնանկության դատական քաշքշուկը
«Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ն ներկայում գտնվում է սնանկության փուլում։ Քաղաքապետարանը պնդում է, որ գործողությունների չի դիմում հենց դատարանի որոշմանը սպասելու պատճառով։ Համայնքի դիմումը դատավոր Արսեն Բաբայանի վարույթ է մտել 2024-ի դեկտեմբերին։ 2025-ի օգոստոսին դատարանն ավարտել էր գործը, սակայն համայնքի դիմումով քննությունը վերսկսվել է. հաջորդ նիստը նշանակված է 2026-ի հունվարին։
Այս ընթացքում այգու մեծ մասը, հատկապես կայարանի հատվածը, շարունակում է մնալ ամայի ու անխնամ։ Այգու որոշ կտորներ դեռևս խնամվում են։
Բաժնետերերի փոփոխությունը և «վիրտուալ» նախագծերը
Ընկերության բաժնետերերը Արմեն և Սամվել Գևորգյաններն են։ 2020-ի մայիսին ընկերության 60%-ը ձեռք էր բերել ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը («Ռուցոգ-ինվեստ հոլդինգ»)։ Նույն թվականի օգոստոսին ներկայացվել էր զարգացման մի նախագիծ՝ ընդամենը տեսանյութի տեսքով, որը այդպես էլ իրականություն չդարձավ։ 2024-ի ապրիլին Գրիգորյանն իր բաժնեմասերը հետ վաճառեց Գևորգյան եղբայրներին։
Այսպիսով, մինչ դատարաններում և քաղաքապետարանի սենյակներում առկախվում է այգու ճակատագիրը, Երևանի ամենախոշոր զբոսայգիներից մեկը շարունակում է քայքայվել՝ սպասելով իրավական այն հնարավորությանը, որ թույլ կտա վերականգնել առնվազն կանաչ ֆոնդը։
Civilnet











