Գլխավոր Լրահոս

Հայաստանի խոշոր ներկրողները հերքում են կապն ադրբեջանական բենզինի խմբաքանակի հետ

Հայաստանի խոշոր ներկրողները հերքում են կապն ադրբեջանական բենզինի խմբաքանակի հետ

Արշալույս Մղդեսյան

Հայաստանի վառելիքի շուկայի հիմնական խաղացողները հերքում են իրենց առնչությունն Ադրբեջանից ներկրված բենզինի առաջին խմբաքանակի հետ, որն արդեն ժամանել է երկիր: 

Ադրբեջանից վառելիքի ներկրումը երկու երկրների պատմության մեջ աննախադեպ է՝ հաշվի առնելով, որ վաղ 1990-ականներից՝ պայմանավորված Ղարաբաղյան հակամարտությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը առևտրատնտեսական որևէ հարաբերություն չունեին, և Ադրբեջանը մինչ օրս շարունակում է Հայաստանի շրջափակումը:

Ադրբեջանական ծագման վառելիքի ներկրման վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների ֆոնին ՍիվիլՆեթը հարցումներ է ուղարկել Հայաստանի վառելիքի շուկայի առաջատար ընկերություններին: Հիմնական խաղացողներից երեքը («Սի Փի Էս», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ») բանավոր հայտնեցին, որ այդ խմբաքանակի պատվիրատուն չեն:

Ընկերություններին ՍիվիլՆեթի ուղարկած հարցերը գրեթեր նույնական են. 

  1. Ձեր ընկերությունը ադրբեջանական նավթամթերքի ներկրողը կամ պատվիրատո՞ւն է։
  2. Եթե այո, սա դիտարկվում է որպես միանգամյա գործա՞րք, թե՞ երկարաժամկետ ռազմավարական պայմանավորվածություն։
  3. Ադրբեջանական կողմի հետ արդյոք ստորագրվե՞լ են երկարաժամկետ պայմանագրեր։
  4. Ինչպե՞ս են իրականացվելու դրամական փոխանցումները այս գործընթացի շրջանակներում:

Վառելիքի շուկայի առաջատարներից «Սի Փի Էս» ընկերության փոխտնօրեն Արա Հովհաննիսյանը հեռախոսակապով տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը «որևէ առնչություն չունի այդ խմբաքանակի ներկրման հետ»:

«Ֆլեշ» ընկերությունից նույնպես հերքեցին մասնակցությունը։

Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող SIL Capital խմբի մաս կազմող «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ից (​​նավթամթերքի մանրածախ առքուվաճառք իրականացնում է Gulf ապրանքային նշանի ներքո) ևս հայտնեցին, որ պատվիրատուն իրենք չեն՝ հորդորելով տեղեկատվությունը ճշտել սկզբնաղբյուրից, «որտեղ դա հրապարակվել է»: 

ՍիվիլՆեթի դիտարկմանը, որ տեղեկատվությունը սկզբնապես հայտնվել է ադրբեջանական լրատվամիջոցներում, իսկ հետագայում հաստատվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մակարդակով՝ առանց հստակեցնելու պատվիրատուի անունը, «Մեգա Թրեյդ»-ի ներկայացուցիչը հավելեց. «Որևէ մեկն ուղիղ չի ասի, թե ով է պատվիրատուն...»:

ՍիվիլՆեթին չհաջողվեց կապ հաստատել շուկայի մյուս երկու հիմնական խաղացողներից Royal Oil (Shell ապրանքանիշ) և  Maxhur (Max Oil ապրանքանիշ) ընկերությունների հետ: 

Ադրբեջանական SOCAR ընկերության արտադրության ԱԻ-95 տեսակի բենզինով բեռնված 22 վագոններից կազմված գնացքն արդեն Հայաստան է հասել Վրաստանի տարածքով:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրաժարվել է հրապարակել ներկրող ընկերության անունը: Նա նշել է, որ տեղեկությունն ‎առևտրային գաղտնիք է՝ հորդորելով «ընկերություններին հարցնել»:

Երկու երկրների միջև տնտեսական գործակցության առաջին քայլը կատարվում է 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ ձեռք բերված համաձայնություններից հետո: 

Մինչ այդ, Ռուսաստանից և Ղազախստանից երկաթուղով հացահատիկի մատակարարումներ էին եղել դեպի Հայաստան՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում