Գլխավոր Լրահոս

ԱՄՆ Արևելյան թեմը մտահոգություն է հայտնել Հայաստանում պետություն-եկեղեցի լարվածության կապակցությամբ

ԱՄՆ Արևելյան թեմը մտահոգություն է հայտնել Հայաստանում պետություն-եկեղեցի լարվածության կապակցությամբ

Ամերիկայի Արևելյան թեմի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջնորդն ու Թեմական խորհուրդը հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ՝ խորը մտահոգություն հայտնելով Հայաստանում պետության և եկեղեցու միջև սրվող իրավիճակի և վերջին իրադարձությունների կապակցությամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ այս երկու հիմնարար հաստատությունները, սփյուռքի հետ միասին, կենսական նշանակություն ունեն ազգի գոյատևման համար, ուստի կողմերին կոչ է արվում ցուցաբերել զսպվածություն և պահպանել ազգային միասնությունը։

Թեմական ղեկավարությունն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու ժողովրդավարական գործընթացները պետք է հարգվեն նույնքան, որքան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը, կանոններն ու դարավոր արարողակարգերը։ Ըստ հայտարարության՝ աշխարհաքաղաքական անորոշության և համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում գտնվելու այս վճռորոշ պահին անհրաժեշտ է, որ ազգային հաստատությունները մնան ամուր և կատարեն իրենց դերերը. պետությունը պետք է առաջնորդի ժողովրդավարությունը՝ պահպանելով անվտանգության և համերաշխության հավասարակշռությունը, իսկ եկեղեցին շարունակի ինքնության ու հավատքի պահպանման իր առաքելությունը։

Հատուկ անդրադարձ է կատարվել վերջին շրջանում եպիսկոպոսների ու եկեղեցականների ձերբակալություններին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված սպառնալիքներին։ Թեմի գնահատմամբ՝ ցանկացած գործողություն, որը թուլացնում է պետության կամ եկեղեցու կարողությունը, նպատակ ունի թուլացնել հայ ազգը թե՛ ներքին, թե՛ միջազգային հարթակներում։ Հայտարարության մեջ շեշտվում է, որ այս օրհասական օրերին հրատապ է ազգային հիմնական հաստատությունների ամրապնդումը, այլ ոչ թե քանդումը, որպեսզի յուրաքանչյուրը նպաստի երկրի առաջընթացին։

Ամերիկայի Արևելյան թեմը հորդորել է հոգևորականությանը և հավատացյալ ժողովրդին մնալ հաստատակամ հավատքի մեջ և աղոթքով զորակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ հայցելով աստվածային առաջնորդություն, իմաստություն և խաղաղություն Հայաստանի Հանրապետության ու ողջ հայ ժողովրդի համար։

***

Վարչապետին աջակցող և կաթողիկոսի հրաժարականը պահանջող տասը արքեպիսկոպոսները դեկտեմբերի 18-ին հավաք էին հրավիրել Մայր Աթոռում:

Այդ օրը Մայր տաճարի բակում էին հավաքվել ոչ միայն տասը արքեպիսկոպոսների աջակիցները, այլև կաթողիկոսի աջակիցները: Հավաքի անվտանգությունն ապահովում էին մեծ թվով ոստիկաններ:

Հավաքն ավարտվեց նրանով, որ տասը եպիսկոպոսները հավաքվածներին տեղեկացրին՝ վեհափառի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում