«Սա տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շրջանակներում առաջին կարևորագույն ձեռքբերումներից մեկն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տեղափախմանը։
Դետկեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետը։ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին դիմավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախ տեղի է ունեցել նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստը:
Բարձրագույն խորհրդի նիստին խոսելով առևտրական-լոգիստիկ համագործակցության զարգացման հեռանկարների մասին՝ Փաշինյանն ասաց, որ տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանն ու տարածաշրջանային կապերի ընդլայնմանը։
Դեկտեմբերի 19-ին ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակն է հասել Հայաստան, նոյեմբերի 6-ին ու 8-ին էլ ռուսական ու ղազախական ցորենն է հասել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։
Այս համատեքստում նա երախտագիտություն հայտնեց Ադրբեջանի նախագահին՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղղվող բեռների տրանզիտի արգելափակումը վերացնելու որոշման, ինչպես նաև երկկողմ առևտրի սկիզբ հանդիսացող պայմանների ստեղծման համար։
Փաշինյանը նաև շեշտեց, որ ընթացիկ տարին նշանակալից էր ԵԱՏՄ-ի միջազգային համագործակցության առումով։
«Ընդլայնվում է փոխգործակցությունը հիմնական գործընկերների՝ Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ։ Բացվում են նոր շուկաներ, ինչը նպաստում է արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև ամրապնդում է տնտեսության դիրքերը»-, ասաց Փաշինյանը՝ ողջունելով առևտրի համաձայնագրի ստորագրումը Ինդոնեզիայի Հանրապետության հետ։
Անդրադառնալով տնտեսությանը՝ Փաշինյանն ասաց, որ միասնական ծառայությունների շուկայի գործունեությունը բարելավում է մատակարարների որակը և մրցունակությունը, պարզեցնում ընթացակարգերը և ստեղծում ավելի բարենպաստ միջավայր բիզնեսի համար։
Նրա խոսքով՝ այս ուղղության զարգացումը պետք է ընթանա ավելի դինամիկ, քանի որ այն ուղղակիորեն ազդում է ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական աճի վրա։
Վերջում Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը՝ ի նպաստ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության և կայուն զարգացման։
Civilnet











