Գլխավոր Լրահոս

Թրամփը հետ է կանչում 30 դիվանագետի, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանին 

Թրամփը հետ է կանչում 30 դիվանագետի, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանին 

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում շուրջ 30 կարիերային դիվանագետի, որոնք զբաղեցնում էին դեսպանական և այլ բարձր պաշտոններ, հաղորդում է AP գործակալությունը՝ հղում անելով Պետդեպարտամենտում անանուն պաշտոնյաների։

Այս քայլն իրականացվում է ԱՄՆ-ի արտերկրում դիվանագիտական ներկայությունը վերաձևավորելու շրջանակում՝ այնպիսի կադրերով, որոնք լիովին աջակցում են նախագահ Դոնալդ Թրամփի «America First» («Ամերիկան՝ առաջինը») առաջնահերթություններին։

Հետ կանչվող դիվանագետների թվում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, որն այդ պաշտոնը ստանձնել էր 2022-ի հունիսին։

Առնվազն 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին անցած շաբաթ տեղեկացվել է, որ իրենց պաշտոնավարման ժամկետը կավարտվի հունվարին։  

Նշված բոլոր դիվանագետները իրենց պաշտոնները ստանձնել էին Ջո Բայդենի վարչակազմի օրոք, սակայն կարողացել էին պահպանել դրանք Թրամփի երկրորդ ժամկետի առաջին ամիսներին իրականացված նախնական «կադրային մաքրման» ընթացքում, որը հիմնականում ուղղված էր քաղաքական նշանակումների դեմ։ Սակայն իրավիճակը փոխվել է չորեքշաբթի, երբ նրանք Վաշինգտոնից սկսել են ստանալ ծանուցումներ իրենց մոտալուտ հեռացման մասին։

Դեսպանները ծառայում են նախագահի հայեցողությամբ, թեև սովորաբար մնում են իրենց պաշտոններում երեքից չորս տարի։ Պաշտոնյաների խոսքով՝ այս փոփոխություններից տուժածները չեն կորցնում արտաքին ծառայության իրենց աշխատանքը և ցանկության դեպքում կվերադառնան Վաշինգտոն՝ այլ նշանակումներ ստանալու համար։

Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել կոնկրետ թվերը կամ նշված դեսպանների անունները, սակայն պաշտպանել է փոփոխությունները՝ դրանք բնութագրելով որպես «ցանկացած վարչակազմի համար ստանդարտ գործընթաց»։ Գերատեսչությունը նշել է, որ դեսպանը «նախագահի անձնական ներկայացուցիչն է», և նախագահն իրավունք ունի ապահովելու, որ տվյալ երկրներում իրեն ներկայացնող անձինք առաջ մղեն «America First» օրակարգը։

Ամենաշատ փոփոխությունները գրանցվել են Աֆրիկայում․ դեսպաններ են հեռացվում 13 երկրներից՝ Բուրունդի, Կամերուն, Կաբո Վերդե, Գաբոն, Կոտ դ’Իվուար, Մադագասկար, Մավրիկիոս, Նիգեր, Նիգերիա, Ռուանդա, Սենեգալ, Սոմալի և Ուգանդա։

Երկրորդ տեղում Ասիան է, որտեղ դեսպանական փոփոխություններ են կատարվում վեց երկրում՝ Ֆիջի, Լաոս, Մարշալյան կղզիներ, Պապուա Նոր Գվինեա, Ֆիլիպիններ և Վիետնամ։

Եվրոպայում փոփոխությունները վերաբերում են չորս երկրի՝ Հայաստանին, Մակեդոնիային, Չեռնոգորիային և Սլովակիային։ Երկուական երկրներ են ընդգրկված նաև Միջին Արևելք - Հս. Աֆրիկա տարածաշրջանում (Ալժիր և Եգիպտոս), Հարավային և Կենտրոնական Ասիայում (Նեպալ և Շրի Լանկա), ինչպես նաև Արևմտյան կիսագնդում (Գվատեմալա և Սուրինամ)։

Դեսպանների հետկանչի մասին առաջինը հայտնել է Politico-ն։ Այս քայլերը մտահոգություն են առաջացրել ԱՄՆ որոշ օրենսդիրների և ամերիկացի դիվանագետներին ներկայացնող արհմիության շրջանում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում