Ինչպես ռուսական հիմնադրամը վերածվեց «ամերիկյան հետաքննական գործակալության»

Լրագրող Նաիրի Հոխիկյանը դեկտեմբերի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ամերիկյան հետաքննությունը բացահայտել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով։ Հոխիկյանը հղում է արել VT Foreign Policy կայքին՝ այն ներկայացնելով որպես «ամերիկյան հետաքննական գործակալություն»։
«Ըստ ամերիկյան գործակալության՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հովանավորությամբ գործարար Խաչատուր Սուքիասյանը (Գռզո) տևական ժամանակ ներկրում է սինթետիկ թմրամիջոցներ և դրանք իրացնում է պետական կառավարման մարմինների միջոցով»,- գրել է Հոխիկյանը՝ կցելով հոդվածը։
Հոխիկյանի գրառումը բավական մեծ տարածում է ստացել։
Մինչդեռ, տեղեկության սկզբնաղբյուրը՝ այսպես կոչված «ամերիկյան հետաքննական գործակալությունը» արդեն տևական ժամանակ ապատեղեկատվություն է տարածում Հայաստանի վերաբերյալ։ Այս դեպքում էլ հոդվածում թմրանյութերի առևտուրը հաստատող ապացույցներ չկան։
Սկզբնաղբյուրը ամերիկյան հետաքննությունը չէ, այլ Պրիգոժինի հիմնադրամը
Թեև Նաիրի Հոխիկյանն իր գրառման մեջ նշել է, թե «հետաքննությունն» իրականացրել է ամերիկյան VT Foreign Policy հետաքննական գործակալությունը, անգամ Հոխիկյանի կցած կայքում նշվում է, որ «բացահայտումն» արել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Фонд борьбы с репрессиями), որն ուղիղ կապ ունի Ռուսաստանի հետ։

Հոդվածը նախ հրապարակվել է ռուսերեն՝ «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» կայքում, ապա անգլերենով վերահրապարակվել VT Foreign Policy կայքում։ Նշված հիմնադրամի հիմնադիրը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինն է։
Հոդվածը արագ տարածում է ստացել նաև X-ում՝ հիմնականում կեղծ կամ ռուսամետ օգտահաշիվների միջոցով։

Ինչպե՞ս է ներկայացվում սխեման
Հոդվածում նշվում է, որ «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ» ընկերության մենեջերը, անանուն մնալու պայմանով, իբր բացահայտել է Խաչատուր Սուքիասյանի կոռուպցիոն սխեմաները։ Ըստ հրապարակման՝ Սուքիասյանը Հայաստանում զբաղվում է Եվրոպայից ձեռք բերված սինթետիկ թմրամիջոցների վաճառքով ։
Կայքը, հղում անելով կառավարության իր աղբյուրներին, նաև պնդում է, թե Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունեցող անձինք և բիզնեսի ներկայացուցիչներ ներգրավված են թմրանյութերի վաճառքի մեջ, իսկ Փաշինյանը իբր ստանում է շրջանառության մինչև 20 տոկոսը։
Սակայն, անանուն աղբյուրներին հղում անելուց բացի, հոդվածում որևէ փաստաթուղթ կամ ապացույց չի ներկայացվում։
Հոդվածում նշվում է նաև, որ անօրինական նյութերի փոխադրումն իրականացվում է «Սիլ» խմբին պատկանող Sil Voyajer և Armen Cargo անվանումներով կոնտեյներային նավերի միջոցով, որոնք, ըստ MarineTraffic և VesselFinder կայքերի տվյալների, 2023–2025 թվականներին կատարել են առնվազն 17 ուղևորություն Համբուրգից կամ Բրեմերհավենից»։
MarineTraffic և VesselFinder կայքերում #CivilNetCheck-ը Sil Voyajer և Armen Cargo անվանումներով կոնտեյներային կամ բեռափոխադրող (cargo) նշանակությամբ նավեր չգտավ:
Կան SIL անվանումներով նավեր, որոնք հիմնականում գրանցված են որպես ժամանցային կամ ձկնորսական նավեր և չեն դասվում բեռնափոխադրող նավերի շարքին։ Նրանց մեծ մասը նավարկում է Նիդեռլանդների դրոշի ներքո։

Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում հերքել է լուրը՝ այն որակելով որպես հիբրիդային պատերազմների շրջանակում տարածվող հերթական կեղծիք։
Ի՞նչ է հայտնի հոդվածի հեղինակի մասին
Հոդվածի հեղինակ է նշված Լուկաս Լեյրոզը (Lucas Leiroz)։ Վերջինս VT Foreign Policy կայքում նախկինում հրապարակել է Հայաստանի վերաբերյալ մի շարք կեղծ տեղեկություններ, այդ թվում՝ Հայաստանում հղիների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց վրա իբր վտանգավոր նյութերի փորձարկումների, գործող «ժամանակակից համակենտրոնացման ճամբարների», ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից մանկապղծության ցանց ստեղծելու մասին հոդվածներ։ Նշված տեղեկությունները հերքվել են փաստեր ստուգող լրագրողների և պետական գերատեսչությունների կողմից։
Տես՝ Հայաստանը «գաղտնի լաբորատորիաների» թիրախում. ուր են տանում ապատեղեկատվական արշավի հետքերը
Բաց աղբյուրներում նա ներկայացվում է որպես բրազիլացի լրագրող և հետազոտող, հաճախ հարցազրույցներ է տալիս ռուսական լրատվամիջոցներին և մասնակցում Ռուսաստանում անցկացվող միջոցառումների։

Սիվիլնեթը օրեր առաջ էր հրապարակել ուսումնասիրություն, որտեղ ներկայացրել էր Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմների սխեմաները։ Դրանց թվում էր նաև պարբերաբար կեղծ լուրերի համար հարթակ ծառայած VT Foreign Policy կայքը և կայքում լուրերի հեղինակ հանդես եկող Լեյրոզը։
Տես՝ Հայաստանի դեմ ապատեղեկատվության հետքերով․ նարատիվներից՝ կազմակերպված ցանցեր
Թեմա
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck










