Շինհրապարակներում օդի որակի մոնիթորինգն ու փոշենստեցումը կդառնան պարտադիր

Մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրներում շինարարության գործոնը նվազեցնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն նոր պահանջներ է սահմանել: «Շինարարական արտադրության կազմակերպում» նորմերը նախատեսում են արդի տեխնոլոգիաների կիրառում շրջակա միջավայրի պահպանության համար: Փաստաթուղթն առաջիկայում կհրապարակվի arlis.am հարթակում և կմտնի գործողության մեջ:
Նոր կարգավորումների համաձայն՝ շինարարական աշխատանքների ողջ ընթացքում պետք է վերահսկվեն հրապարակի արտանետումները: Կառուցապատողները պարտավոր են իրականացնել փոշենստեցման միջոցառումներ՝ կիրառելով փոշեճնշիչ և ցածր արտանետումներով սարքավորումներ: Նորմերում մանրամասն նկարագրված է փոշեորսիչ համակարգերի և ջրային մառախուղ առաջացնող սարքերի կիրառման պահանջը: Բացի այդ, շինհրապարակները պարտադիր պետք է կահավորվեն օդի որակի մոնիթորինգային սարքերով:
Շինարարական հրապարակի կազմակերպման փուլում սահմանվել է պահանջ, ըստ որի ժամանակավոր ճանապարհները պետք է պատվեն բետոնով կամ այլ կոշտ ծածկույթներով: Մնացած հողային մակերեսները պետք է պատվեն խճի շերտով՝ բացառելով փոշու առաջացումը: Սահմանվել են նաև շինարարական հրապարակի պատշաճ կահավորման, կանոնավոր մաքրման, փոշեպաշտպան պատնեշների ու ցանցերի կիրառման, ինչպես նաև նյութերի փոխադրման և պահպանման հստակ կանոններ:
Շինարարության ընթացքում առաջացող փոշու և ծխի կառավարման միջոցառումների ամրագրումը հնարավորություն կտա չեզոքացնել ակտիվ շինարարության ազդեցությունը մթնոլորտի վրա ինչպես Երևանում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում: «Շինարարական արտադրության կազմակերպում» նորմերի մշակումն ընդգրկված է «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ:
«Նորմերի կիրառումը թույլ կտա նվազեցնել շինարարության գործոնը օդի աղտոտվածության խնդիրներում»,- նշվում է կոմիտեի հաղորդագրության մեջ:
Թեմա
Civilnet










