Սիրանուշ Ադամյան
Հայաստանի՝ Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր կնքելու ջանքերը կարող են խորացնել ներքին լարվածությունները, քանի որ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 փախստականներ դժվարությամբ են վերագտնում իրենց կյանքը, նշվում է Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group, ICG) երկուշաբթի հրապարակված զեկույցում։
Զեկույցի հեղինակը ICG-ի Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան է։
«Եթե այս լարվածությունները չլուծվեն, Ղարաբաղից տեղահանությունը կմնա բաց վերք Հայաստանի քաղաքականության և հասարակության համար»,- նշում է զեկույցի հեղինակը՝ նախազգուշացնելով, որ Լեռնային Ղարաբաղի տեղահանվածներին ինտեգրելու Հայաստանի դժվարությունները ռիսկի են ենթարկում Բաքվի հետ երկարաժամկետ խաղաղության ձգտման նրա ջանքերը։
2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո երկրամասի ամբողջ հայ բնակչությունը տեղահանվեց։ Հայերի էթնիկ զտմանը նախորդեց Ադրբեջանի կողմից շուրջ տասը ամիս տևած շրջափակումը։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը սկզբում արդյունավետ էր կառավարում փախստականների հոսքը՝ փոխհատուցելով վարձավճարներն ու կոմունալ ծառայություններ վարձերը։ Սակայն այդ միջոցները հետագայում կտրուկ կրճատվեցին։
Զեկույցու փաստում է, որ մեկ անձի հաշվով մոտ 130 դոլարի ամսական վարձավճարի աջակցությունը կրճատվեց 2024-ի կեսերին և հիմնականում դադարեց հունիսին։ Այժմ օգնությունը սահմանափակվում է շուրջ 45,000 խոցելի խմբերի պատկանող փախստականներով՝ թոշակառուներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ստանում են ամսական մոտ 80 դոլար։ Ծրագրի ավարտը նախատեսված է 2026-ի սկզբին։
«Խաղաղության շտապ ձգտումը Ղարաբաղի փախստականների մոտ լքված լինելու զգացում է առաջացրել՝ տնտեսական, քաղաքական և բարոյական առումով»,- նշում է զեկույցի հեղինակը՝ հավելելով, որ չլուծված դժգոհությունները կարող են դառնալ «բաց վերք» հասարակության համար։
Ամենասուր խնդիրը շարունակում է մնալ բնակարանային հարցը։ Հայաստանի կառավարությունը խթանում է միանվագ բնակարան ձեռք բերելու ծրագիրը՝ առաջարկելով մեկ անձի հաշվով 8,000-ից 13,000 դոլար։ Սակայն, զեկույցի համաձայն, այդ գումարը հաճախ բավարար չէ, հատկապես Երևանին մոտ տարածքներում, որտեղ կենտրոնացած են աշխատատեղերը և բարձր են անշարժ գույքի գները։
Ծրագրի շահառու շուրջ 25,000 ընտանիքներից մինչև դեկտեմբերի կեսերը միայն 3,810-ն են ստացել բնակարան գնելու վկայականներ, և ընդամենը 1,631 ընտանիք է ավարտել գնման գործընթացը՝ ըստ զեկույցում նշված տվյալների։
Վարձավճարի աջակցության կրճատման ֆոնին հազարավոր փախստականներ կրկին լքում են Հայաստանը՝ առավել հաճախ գնալով Ռուսաստան։ Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ 2023-ից հետո շուրջ 16,000 փախստական է լքել Հայաստանը, մինչդեռ ԼՂ նախկին պաշտոնյաները նշում են, որ թիվը «առնվազն 24,000 է և հավանաբար շատ ավելի մեծ»։
Տնտեսական դժվարություններից բացի, զեկույցն ընդգծում է Ղարաբաղի հայերի նկատմամբ հանրային միջավայրի գնալով ավելի թշնամական բնույթը։ Փախստականները «հաճախ ասում են, որ իրենց օտարված են զգում Հայաստանում», իսկ նրանց թիրախավորող խոսքը այնքան է տարածվում, որ կարող է բնութագրվել որպես «ատելության խոսք»։
Զեկույցում նշվում է, որ իշխանամետ գործիչներն ու մեդիա հարթակները փախստականներին ներկայացնում են որպես երախտամոռ, քաղաքականապես շահարկվող կամ Հայաստանի արտաքին հակառակորդների հետ համակողմանիորեն կապ ունեցող, հատկապես օգնության կրճատումների դեմ բողոքի ցույցերից հետո։ Այդ ցույցերից հետո պաշտոնական հռետորաբանությունը հասել է այն աստիճանի, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նախազգուշացրեց՝ «ատելության խոսքն ու խտրականությունը պետք է վերացվեն հանրային դիսկուրսից»։
Քաղաքական առումով զեկույցը փախստականների հարցը դիտարկում է Հայաստանի ավելի լայն խաղաղության ջանքերի համատեքստում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ հայկական պահանջից և խուսափում է բանակցությունների ընթացքում բարձրացնել փախստականների վերադարձի, սեփականության իրավունքների կամ մշակութային ժառանգության հարցերը։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերջնականացնում են խաղաղության համաձայնագրի տեքստը, թեև այն դեռ չի ստորագրվել, և կողմերը ԱՄՆ-ի աջակցությամբ սկսում են աշխատել տրանսպորտային ուղիների վերաբացման ուղղությամբ։
Զեկույցը նաև նշում է, որ փախստականների հարցը «խորացնում է իշխող վերնախավի քաղաքական անապահովության զգացումը», որը վախենում է, որ Ղարաբաղի տեղահանված հայերը «կարող են քաղաքականապես համախմբվել՝ պահանջելու իրավունքներ կամ փոխհատուցում իրենց հայրենիքի կորստի համար»։
Թեև փախստականները դժվար թե դառնան որոշիչ քաղաքական ուժ 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, զեկույցը զգուշացնում է, որ նրանց մարգինալացումը կարող է սնուցել ավելի լայն դժգոհություններ և խորացնել բևեռացումը։
Միջազգային ճգնաժամային խումբը նշում է, որ Հայաստանի կառավարությունն ու նրա աջակիցները պետք է «հետ քաշվեն փախստականների նկատմամբ ձևավորված թշնամական և պաշտպանական մոտեցումից» և փոխարենը «ձևակերպեն դրական տեսլական» նրանց ինտեգրման համար։ Միևնույն ժամանակ նշվում է, որ միջազգային գործընկերները կարող են նպաստել հարաբերությունների բարելավմանը՝ շարունակելով ֆինանսավորել և աջակցել փախստականների ինտեգրմանը և զերծ պահելով խտրական հռետորաբանությունից։
Զեկույցը նաև նշում է, որ փախստականներն ու նրանց պաշտպանները պետք է ընդունեն, որ Լեռնային Ղարաբաղ վերադարձը իրենց առաջ քաշած պայմաններով «իրատեսական չէ»՝ հաշվի առնելով տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողությունը և միջազգային անվտանգության ներկայության մերժումը։
Զեկույցը եզրափակում է, որ առանց փախստականների տնտեսական, քաղաքական և սոցիալական ինտեգրման ավելի համառ ջանքերի՝ տեղահանությունը կարող է մնալ «բաց վերք», նույնիսկ այն պարագայում, երբ Հայաստանը փորձում է շրջել տասնամյակների հակամարտության էջը։
Read the article in English: Armenia’s peace drive risks sidelining Karabakh refugees, International Crisis Group says
Civilnet











