Արշալույս Մղդեսյան
Պետության մասնակցությունը մասնավոր ընկերություններում պայմանավորված է ոչ թե ազատ շուկայից հրաժարվելու, այլ ռազմավարական ոլորտներում հանրային շահն ու անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ. այս մասին ասել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ հարցազրույցում։
2018-ի հեղափոխությունից հետո պետությունը տարբեր ձևաչափերով մասնակցություն է ձեռք բերել մի շարք խոշոր ընկերություններում՝ «Վիվա Արմենիա»-ում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ), «Լիդիան Արմենիա»-ում, իսկ այժմ էլ սկսել է Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերության ազգայնացման գործընթաց։ ՀԷՑ-ի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կառավարության գործողություններն սկսվեցին անմիջապես այն բանից հետո, երբ նրա սեփականատեր Սամվել Կարապետյանն ի պաշտպանություն եկեղեցու հայտարարություն արեց հունիսին` աշխարհիկ և հոգևոր իշխանությունների խորացող հակասությունների թեժ փուլում:
Այդ ժամանակ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների ուղեկցությամբ մեկնարկեցին Սամվել Կարապետյանի և Հայաստանում նրա մյուս բիզնեսների նկատմամբ կառավարության և իրավապահների գործողությունները:
Հուլիսին Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտը (Arbitration Institute of the Stockholm Chamber of Commerce, SCC) կայացրեց որոշում, որ ՀԷՑ-ի նկատմամբ պետական վերահսկողության ու հնարավոր ազգայնացման քայլերը հակասում են Հայաստանի միջազգային ներդրումային պարտավորություններին։
Թունյանի խոսքով՝ ՀԷՑ-ը սովորական բիզնես չէ. «Այս կազմակերպությունը շարքային կազմակերպություն չի: Դա ոչ միայն տնտեսության, այլ նաև երկրի անվտանգության մասին է»։ Ըստ Թունյանի՝ ՀԷՑ-ում կառավարման խնդիրները տարիներ շարունակ կուտակվել են և դարձել տեսանելի քաղաքացիների համար. «Երբ պարբերաբար հոսանքի անջատումներ են լինում, մարդիկ վնասում են իրենց տեխնիկան, դա արդեն համակարգային խնդիր է»։
Թունյանը համաձայն չէ այն տեսակետին, թե ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները լուրջ հարված են երկրի ներդրումային միջավայրին։ «Հայաստանի ներդրումային միջավայրին ավելի շատ վնասել են տարիներով գոյություն ունեցած ոչ թափանցիկ սխեմաները, հովանավորչությունն ու օրենքի գերակայության բացակայությունը»,- նշել է նա։
Տե՛ս՝ Տնտեսագետները մտահոգիչ են համարում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի նախաձեռնությունը
Նրա խոսքով՝ հենց ՀԷՑ-ի շուրջ գործընթացների հրապարակայնությունն է տարբերությունը նախորդ տարիներից։ «Այս ամենը տեղի է ունենում բաց, հանրային հայտարարությունների ու տեսանելի քայլերի ֆոնին»,- ասել է Թունյանը։
Ինչի՞ համար է պետությունը բաժնեմասեր պահում խոշոր ձեռնարկություններում
Թունյանի խոսքով՝ ներկայում պետական կառույցներում ընթանում են քննարկումներ, թե ինչ նպատակով պետք է պահպանվեն պետության բաժնեմասերը մասնավոր ընկերություններում։
«Մարդկանց հարցը շատ պարզ է՝ մենք ուզում ենք բյուջեի համար շահաբաժին ստանա՞լ, թե՞ վերահսկողության գործիքներն ուժեղացնել»,- ասել է նա՝ հավելելով, որ վերահսկողությունն ապահովելու համար պարտադիր չէ ունենալ մեծ փաթեթ։ «Եթե հարցը վերահսկողությունն է, դրա համար պարտադիր չէ ունենալ 15 կամ 20 տոկոս բաժնեմաս․ կարող է լինել 1 տոկոս կամ նույնիսկ զրո»,- նշել է Թունյանը։
Պատգամավորը հայտնել է, որ մասնավոր ընկերություններում պետական բաժնեմասերի առնչությամբ այս պահին քննարկվում է exit strategy (ելքի ռազմավարություն). իշխանությունը հակված է այդ փայաբաժինները օգտագործել` կապիտալի շուկա դուրս բերելու այդ ընկերություններին՝ նպատակ ունենալով IPO-ի (բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման) միջոցով դրանք ի վերջո օտարել հանրությանը:
Նրա խոսքով՝ բաժնետոմսերի տեղաբաշխումը կարող է միաժամանակ բարձրացնել թափանցիկությունն ու զարգացնել կապիտալի շուկան։ «Մեր նպատակն է, որ բաժնետոմսերը հայտնվեն հնարավորինս շատ քաղաքացիների ձեռքում, ոչ թե մեկ-երկու խաղացողների»,- ընդգծել է Թունյանը։
Ըստ նրա՝ պետական մասնակցության երկարաժամկետ տրամաբանությունը պետք է հստակ ձևակերպվի և հանրայնացվի առաջիկայում։ Որպես ժամկետ բանախոսը նշեց 2026-ի սկիզբը: «Պետությունը պետք է հստակ ցույց տա՝ ինչ տեսլական ունի և ինչ է անելու իր ունեցած բաժնեմասերի հետ»,- ասել է Բաբկեն Թունյանը։
Civilnet











