Գլխավոր Լրահոս

Թբիլիսիի քաղաքապետը կասեցրել է խոստացված ու չկառուցված մետրոյի նախագիծը

Թբիլիսիի քաղաքապետը կասեցրել է խոստացված ու չկառուցված մետրոյի նախագիծը

Միխաիլ Գվաձաբիա, Հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ վաղուց խոստացված վերգետնյա մետրոյի նախագիծը, որն այդպես էլ կյանքի չկոչվեց, «ժամանակավորապես» կասեցվել է՝ առաջնահերթությունը տալով գործող մետրոպոլիտենի գծերի ընդլայնմանը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագծի վրա աշխատելու հանձնառություն էր ստանձնել 2018-ին՝ Կալաձեի քաղաքապետ դառնալուց մեկ տարի անց։ Այն ժամանակ կառավարությունը խոստանում էր, որ վերգետնյա մետրոյի շինարարությունը նոր երթուղիներ կապահովի շուրջ 260,000 մարդու համար։

Ըստ Կալաձեի՝ շինարարության նախաձեռնողն այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեն էր, իսկ Թբիլիսիի քաղաքապետարանին հանձնարարված էր իրականացնել ուսումնասիրություններ և նախապատրաստել նախագիծը։ 

«Մենք վարձեցինք եվրոպական ընկերություններ, որոնք իրականացրեցին ուսումնասիրություններ և պարզեցին, որ նախագիծը կարժենա մոտ 300 մլն եվրո», - ըստ IPN-ի՝ ասել է Կալաձեն՝ հավելելով, որ դրանից հետո նախագծի արդիականությունը հարցականի տակ է դրվել։

«Երբ սկսեցինք քննարկել, թե արդյոք ճիշտ էր նման հսկայական գումար ծախսել այս նախագծի վրա՝ հաշվի առնելով «Ախմետելիի թատրոն» և «Վարկեթիլի» մետրոյի գծերի ընդլայնման հրատապ անհրաժեշտությունը, մենք որոշեցինք ժամանակավորապես կասեցնել այն»,- ասել է քաղաքապետը։ 

«Վարկեթիլին» և «Ախմետելիի թատրոնը» Թբիլիսիի մետրոպոլիտենի առաջին գծի երկու վերջնակայարաններն են, որը բաղկացած է 16 կայարանից և միացնում է քաղաքի արևելքը հյուսիսին։ Կալաձեն սեպտեմբերին հայտարարել էր առաջին գիծը երկու կողմից մեկական կայարանով ընդլայնելու ծրագրերի մասին, ինչը կօգնի թեթևացնել ցանցի ծանրաբեռնվածությունը։

Նախնական նախագծի համաձայն՝ շինարարությունը պետք է սկսվեր 2019-ին և ընթանար երկու փուլով։ Առաջին փուլում (2021-2022-ին) արևելյան Թբիլիսիի «Սամգորի» կայարանը պետք է միանար Լիլո թաղամասին և Թբիլիսիի միջազգային օդանավակայանին՝ յոթ նոր կայարանների կառուցմամբ և «Սամգորիի» հիմնանորոգմամբ։ 

Երկրորդ փուլով նախատեսվում էր Թբիլիսին կապել հարևան Ռուսթավի քաղաքին։ Թեև 2021-ին քաղաքապետարանը պնդում էր, թե նպատակահարմարության ուսումնասիրությունն ավարտված է, նախագծի իրականացմանը խոչընդոտեց COVID-19 համավարակը։ Այդուհանդերձ, նույնիսկ համավարակից հետո համայնքային իշխանությունները սակավաթիվ տեղեկություններ էին հաղորդում նախագծի մասին՝ վեցամյա խոստումը թողնելով անկատար։

Վերգետնյա մետրոյի հարցում առաջընթացի բացակայությունը չի խանգարել Կալաձեին հանրային տրանսպորտի բարելավման նոր խոստումներ տալ։ 2025-ի նոյեմբերին նա խոստացավ քաղաքի հյուսիսային շրջաններում ներդնել տրամվայի գիծ՝ վերականգնելով տրանսպորտի այն տեսակը, որը մայրաքաղաքից անհետացել էր տարիներ առաջ։ Կալաձեն այս ծրագրի մասին հայտարարել էր 2025-ի հոկտեմբերի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մեկուկես ամիս առաջ։ Ընտրությունների նա հաղթեց ձայների առավելությամբ՝ մի քանի ընդդիմադիր խմբերի կողմից ընտրությունների բոյկոտի ֆոնին։

Ընտրություններից երեք շաբաթ անց Կալաձեն հայտնեց տրամվայի գծի նախագծման և կառուցման մրցույթի մեկնարկի մասին, որն ի սկզբանե պետք է ամփոփվեր դեկտեմբերին։ Սակայն դեկտեմբերի կեսերին պարզ դարձավ, որ վերջնաժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով՝ մինչև փետրվար։ Քաղաքապետը նշել է, որ եթե վերգետնյա մետրոյի աշխատանքները սկսվեին, դա անմիջապես կհանգեցներ քննադատության և հարցերի այն մասին, թե «ինչու է այդքան գումար ծախսվում, երբ կան այլ առաջնահերթություններ և հրատապ կարիքներ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում