Կառավարությունը սահմանեց ապահովագրական փաթեթի շրջանակն ու հատուցման կարգը

1.6 մլն մարդ հենց առաջին փուլից անցում է կատարելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին: Այդ մասին ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Կառավարության նիստում հաստատվեցին առողջության համընդհանուր ապահովագրությանն առնչվող մի շարք իրավական ակտեր: Մասնավորապես, գործադիրը տարեվերջի նիստում որոշեց ստեղծել համապատասխան հիմնադրամ: Բացի այդ, գործադիրը զեկուցվող հարցերի շարքում սահմանեց ապահովագրական փաթեթում ներառված ծառայությունների շրջանակը:
Ըստ հաստատված փաստաթղթերի՝ ապահովագրական փաթեթը ներառում է առողջության առաջնային պահպանման, արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում իրականացվող բժշկական օգնության ծավալները: Նախագծով սահմանվել են նաև այն դեպքերը, որոնք ենթակա չեն հատուցման ապահովագրական համակարգի կողմից:
Կառավարությունը հաստատեց նաև լաբորատոր հետազոտությունների, հիվանդանոցային և ամբուլատոր ծառայությունների գների հաշվարկման մեթոդաբանությունը: Սա հնարավորություն կտա հաշվարկել բժշկական ծառայությունների գները՝ հիմնվելով դրանց իրական ծախսերի և որակական ցուցանիշների վրա:
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը բժշկական կազմակերպությունների և դեղատների հետ կնքելու է օրինակելի ձևի պայմանագրեր: Սահմանվել է պայմանագիր կնքելու հատուկ ընթացակարգ և նվազագույն պահանջներ, որոնց պետք է բավարարեն բուժհաստատությունները համակարգում ընդգրկվելու համար: Այս պահանջները միտված են ապահովելու ծառայությունների որակը, հասանելիությունը և պաշտպանելու ապահովագրված անձանց իրավունքները:
Այն անձանց համար, ովքեր դեռևս ընդգրկված չեն ապահովագրական համակարգում, սահմանվել է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալ: «Նախագծով նախատեսվում է իրավական հիմքեր ստեղծել չապահովագրված անձանց համար՝ պետության կողմից փոխատուցման եղանակով որոշակի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար»»,- նշված է համապատասխան հիմնավորման մեջ: Բացի նվազագույն ծավալից, որոշակի վիճակ կամ կարգավիճակ ունեցող անձանց կողմից կարող են օգտագործվել նաև լրացուցիչ ծառայություններ:
Թեմա
Civilnet










