Կառավարությունը վերանայում է Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցության պայմանները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կառավարության դեկտեմբերի 25-ի նիստին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության նոր և լրամշակված ծրագրերի փաթեթը: Նախատեսվող փոփոխությունները ներառում են բնակարանային ապահովման այլընտրանքային լուծումներ, սոցիալական վճարների ժամկետների երկարաձգում և տնտեսական ինքնաբավության խթանման միջոցառումներ:
Նախարարն ասաց, որ տնտեսական ինտեգրումն ապահովելու համար ներդրվելու է նոր միջոցառում այն անձանց համար, որոնք արդեն իրացրել են բնակարանային հավաստագրերը, բայց չունեն աշխատանք: Ծրագիրը ներառում է բիզնես ուսուցում, 12-ամսյա մասնագիտական ուղեկցում և դրամաշնորհների տրամադրում՝ մինչև 2 միլիոն դրամ:
«Այս ծրագրի իմաստը փոքր բիզնես հիմնելու տրամաբանությունն է, որպեսզի նրանք կարողանան իրենց կենսագործունեությունը հոգալ»,- պարզաբանեց Արսեն Թորոսյանը: Լրացուցիչ 1 միլիոն դրամի փոխհատուցում կնախատեսվի նաև այն գործարարների համար, ովքեր կապահովեն 18-ամսյա կայուն գործունեություն: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ինքնազբաղվածության հնարավորություն ընձեռել Ղարաբաղից տեղահանված շուրջ 200 անձի։
Բացի այդ, կառավարությունն առաջարկում է բնակարան ձեռք բերելու հավաստագրերին այլընտրանք ստեղծել այն ընտանիքների համար, որոնք ունեն խոցելի կարգավիճակ և չեն կարողանալու վարկային միջոցներ ներգրավել:
«Նախագծի տրամաբանությունն այն է, որ այդ քաղաքացիները հավանաբար չեն կարողանալու աշխատել և հավելյալ միջոցներ գեներացնել»,- նշեց նախարարը: Այդպիսի ընտանիքներին, որոնք ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ բաղկացած են տարեց անձանցից, կտրամադրվի ամսական 40,000 դրամ վարձավճարի փոխհատուցում յուրաքանչյուր անդամի համար՝ 10 տարի ժամկետով: Միաժամանակ, մեկ տարով կերկարաձգվի Երևանի Մոլդովական 29/1 հասցեի հանրակացարանում բնակվողների ժամկետը:
Նախատեսվում է նաև մինչև 2026-ի դեկտեմբերի 15-ը երկարաձգել կեցության և այլ ծախսերի համար տրամադրվող 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ներկայացման ժամկետը: Զուգահեռաբար, տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը կերկարաձգվի մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը: Գործընթացը պարզեցնելու նպատակով կներդրվի էլեկտրոնային համակարգ, ինչը թույլ կտա փախստականի վկայական ստանալու կամ փոխանակելու դիմումները ներկայացնել առցանց տարբերակով:
Թեմա
Civilnet










