Գլխավոր Լրահոս

Ինչու է Մոսկվան քննադատում Հայաստանում ԵՄ առաքելությունը, բայց ողջունում TRIPP-ը

Ինչու է Մոսկվան քննադատում Հայաստանում ԵՄ առաքելությունը, բայց ողջունում TRIPP-ը

Արշալույս Մղդեսյան

2023-ի սկզբին, երբ Հայաստան ժամանեցին եվրոպացի դիտորդները և սկսեցին դիտարկումները Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, Մոսկվան արձագանքեց կոշտ։ Ռուս դիվանագետները Եվրամիությանը մեղադրեցին «լրտեսություն» կազմակերպելու մեջ, պետական լրատվամիջոցները սկսեցին խոսել «ՆԱՏՕ-ի առաքելության» տեղակայման մասին, իսկ կրեմլամետ տելեգրամյան ալիքները նախազգուշացնում էին, որ «Հայաստանին ներքաշում են արևմտյան թակարդի մեջ»։

Երկու տարի անց, երբ ԱՄՆ-ն հայտարարեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային-տնտեսական լայնածավալ նախաձեռնության՝ Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) նախագծի մասին, Մոսկվայի տոնայնությունը շատ ավելի մեղմ էր։ Այդուհանդերձ, ոչ պաշտոնական հայտարարությունների մակարդակում զգուշավոր սկեպտիցիզմն ու քննադատական գնահատականները պահպանվեցին, թեև՝ մեղմացված տեսքով։

«Հայաստանը մեր դաշնակիցն է,– 2025-ի օգոստոսին հայտարարեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ – Եթե այս նախագիծն օգտակար է մեր գործընկերոջը, մենք, իհարկե, կաջակցենք»։

Նման հակապատկերը՝ կոշտ հռետորաբանությունը ԵՄ քաղաքացիական առաքելության հասցեին և համեմատաբար բարյացակամ վերաբերմունքը ԱՄՆ-ի կողմից առաջ մղվող ավելի մասշտաբային նախաձեռնության նկատմամբ, առաջին հայացքից ցուցադրում է Հարավային Կովկասում ռուսական արտաքին քաղաքականության պարադոքսը։

Սառեցում 2022-ի սեպտեմբերյան մարտերից հետո

Մոսկվայի դժգոհության արմատները թաքնված են 2022-ի սեպտեմբերյան իրադարձություններում, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք և մի շարք բարձունքներ զբաղեցրին սահմանի երկայնքով։

Երևանը օգնության խնդրանքով դիմեց իր դաշնակցին՝ Ռուսաստանին և նրա կողմից ղեկավարվող ՀԱՊԿ ռազմական բլոկին՝ ակնկալելով ռազմական աջակցություն։ Սակայն ռազմական աջակցություն չցուցաբերվեց։ 2022-ի սեպտեմբերյան իրադարձություններից հետո հայաստանյան ղեկավարությունն առաջին անգամ հրապարակավ կասկածի տակ դրեց՝ արդյո՞ք ՀԱՊԿ անդամակցությունը դեռևս կարելի է համարել անվտանգության լուրջ երաշխիք։

Հիասթափությունը հանգեցրեց կուրսի վերանայման։ 2023-ին Հայաստանը սառեցրեց մասնակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ մեկ տարի անց հայտարարեց այդ կուրսի անդառնալիության մասին։ «Մենք մեզ արդեն ՀԱՊԿ-ից դուրս ենք համարում… վերադարձն անհնար է»,– 2024-ի դեկտեմբերի 5-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Զուգահեռաբար Երևանը սկսեց կրճատել ռուս սահմանապահների ներկայությունը և իր տարածք թույլ տվեց նոր ձևաչափ՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA)՝ շուրջ 200 հոգանոց կազմով, որը կոչված էր դիտարկելու իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։

ԵՄ առաքելությունը տեղակայվեց 2022-ի վերջին՝ պիլոտային ռեժիմով, իսկ արդեն 2023-ի սկզբին ստացավ լիարժեք կարգավիճակ՝ երկամյա մանդատով։ Այս ֆոնին հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը շարունակեց աճել՝ ուղեկցվելով փոխադարձ տեղեկատվական գրոհներով և կոշտ պաշտոնական հայտարարություններով։

Սա հանգեցրեց Երևանի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցության կտրուկ կրճատմանը, իսկ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում սկսեց սեղմվել։ 2024-ի կեսերին Երևանը դադարեցրեց համատեղ պարեկությունը ռուս սահմանապահների հետ Ադրբեջանի հետ շփման գծում, կարգադրեց նրանց դուրսբերումը «Զվարթնոց» օդանավակայանից և հեռացրեց նրանց Իրանի ու Թուրքիայի հետ սահմանի անցակետերից։ Հայաստանը, անկախացումից ի վեր առաջին անգամ, ներգրավվեց Իրանի հետ սահմանի պահպանությանը՝ սկսելով համատեղ պարեկություն ռուս սահմանապահների հետ։ Նախկինում այս ռազմավարական հատվածը գտնվում էր Մոսկվայի միանձնյա վերահսկողության տակ։

Հարաբերություններում խորացող անվստահության ֆոնին Մոսկվան և նրա վերահսկողության տակ գտնվող մեդիան կենտրոնացան քննադատության ավելի կոշտ գծի վրա։ Ռուս պաշտոնյաներն ու լրատվամիջոցները բազմիցս ԵՄ առաքելությունն անվանել են Արևմուտքի «լրտեսական ենթակառուցվածք» տարածաշրջանում։ Հատկանշական է, որ ԵՄ առաքելության վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի գնահատականներն ու նարատիվները շատ դեպքերում գրեթե լիովին համընկնում էին, իսկ ռուսական և ադրբեջանական մեդիաները հոժարակամ տարածում էին միմյանց թեզերը։

Ինչո՞ւ ԵՄ առաքելությունը հարուցեց Մոսկվայի դժգոհությունը

Հենց սկզբից՝ 2023-ի հունվարից, EUMA-ն դարձավ Կրեմլի կատաղի քննադատության թիրախը։ 2023-ի հունվարին ՌԴ ԱԳՆ-ն դատապարտեց առաքելությունը՝ որակելով այն որպես «ապակայունացնող գործոն», որը «կուժեղացնի առճակատումը»։ 2024-ի հունիսին ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարեց, որ ԵՄ դիտորդները «լրտեսություն են իրականացնում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ»։

2025-ին ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս մեղադրանքները կրկնում էր արդեն պարբերաբար. «Նրանք լրտեսում են հարևան երկրներին և, բնականաբար, հաշվետու չեն Երևանին»։

Ռուսական հեռուստաալիքներն ու տելեգրամյան ալիքները որդեգրեցին այս նարատիվը՝ փաստացի EUMA-ն անվանելով «ՆԱՏՕ-ի առաքելություն»՝ քաղաքացիական առաքելության քողի տակ։ Կասկածների ալիքն ուժգնացավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ դիտորդների թվում կան Կանադայի ներկայացուցիչներ, որը ԵՄ անդամ չէ, բայց ՆԱՏՕ-ի անդամ է։ Մոսկվայի համար սա հարմար առիթ դարձավ խոսելու «ռազմական հետքի» մասին։

Իրականում, ինչպես նշում են վերլուծաբանները, Մոսկվայի դժգոհությունը պայմանավորված է ոչ այնքան երևակայական «լրտեսությամբ», որքան տարածաշրջանում ազդեցության աստիճանական կորստով։ Այս գործընթացն արագանում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի (EPF) կիրառման շնորհիվ։ Այս մեխանիզմի միջոցով Հայաստանն արդեն երկրորդ տարին է՝ ստանում է պաշտպանական աջակցություն, ինչը Բրյուսելին պասիվ դիտորդից վերածում է տարածաշրջանային անվտանգության ոլորտի ակտիվ խաղացողի։

Փորձագետների կարծիքով՝ EUMA առաքելությունը՝ համակցված Խաղաղության եվրոպական հիմնադրամի գործիքների հետ, խորհրդանշում էր Հայաստանի անվտանգության համակարգի դիվերսիֆիկացումը և հեռացումը այս ոլորտում ռուսական բազմամյա մոնոպոլիայից։ Փաստացի սա ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին դեպքն էր, երբ անվտանգության հետ կապված արևմտյան կառույցը հայտնվեց Հայաստանում նույնիսկ առանց Մոսկվայի լռելյայն համաձայնության։

Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Եվրոպական միության դիրքորոշումը, որն ակտիվ քաղաքական, ֆինանսական և ռազմական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային Ռուսաստանի դեմ արդեն գրեթե չորս տարի շարունակվող պատերազմում։

Երբ խաղի մեջ մտավ ԱՄՆ-ն

Մինչդեռ, երբ Վաշինգտոնը հայտարարեց տարածաշրջանում սեփական նախագծի մասին, Մոսկվայի արձագանքը շատ ավելի զուսպ էր։

TRIPP նախագիծը, որի մասին հայտարարվեց 2025-ի օգոստոսին՝ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդների կողմից հակամարտության խաղաղ կարգավորման մասին հռչակագրի ստորագրման ժամանակ, նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լոգիստիկ երթուղիների վերականգնում և արդիականացում՝ ԱՄՆ-ի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ։

Սակայն այս անգամ «միջամտության» մեղադրանքների փոխարեն ռուս պաշտոնյաներն ընտրեցին պրագմատիկ տոնայնություն։

«Մենք կուսումնասիրենք մանրամասները,– սեպտեմբերին հայտարարեց Երևանում ՌԴ դեսպանատունը։ – Եթե նախագիծը նպաստում է կայունությանը, Ռուսաստանը պատրաստ է համագործակցել»։

Տարածաշրջանում շատերը զարմացած են TRIPP-ի դեպքում Կրեմլի ավելի զուսպ արձագանքից։ Մոսկվան ակտիվորեն քննադատում է ԵՄ-ին «միջամտության» համար, սակայն նկատելիորեն զուսպ է Վաշինգտոնի նկատմամբ, թեև ամերիկյան նախաձեռնությունն անհամեմատ ավելի մասշտաբային է թվում։

TRIPP նախագծի նկատմամբ Ռուսաստանի համագործակցային դիրքորոշումը, որն ուղեկցվում է դրա իրականացմանը մասնակցելու Մոսկվայի պատրաստակամության մասին հայտարարություններով, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը բացատրում է «ԱՄՆ-ի գործոնով»։ Խոսքը նախևառաջ ռուսական ղեկավարության՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ երկխոսություն հաստատելու ձգտման մասին է՝ ուկրաինական հակամարտության լուծում գտնելու համար։ Այսպիսով, աշխարհագրությունն ու սակարկության առարկան զգալիորեն ընդլայնվում են։ «Տվյալ դեպքում Ռուսաստանը գործ ունի ԱՄՆ-ի հետ, որի հետ բանակցություններ է վարում Ուկրաինայի հարցով, և ակնհայտորեն տեսնում է փոխգործակցության այդ ձևաչափը նաև մեր տարածաշրջանի վրա պրոյեկտելու հնարավորություն։ Այստեղից էլ ավելի բարյացակամ վերաբերմունքը և կառուցողական տրամադրվածությունը»,– CivilNet-ի հետ զրույցում պարզաբանել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

Մոսկվայի հռետորաբանության համեմատությունը

Գիծ / ՇրջանակEUMA (ԵՄ առաքելություն) / ԱղբյուրTRIPP (ԱՄՆ նախագիծ) / Աղբյուր
Աշխարհաքաղաքական համատեքստ«ԵՄ առաքելության տեղակայումը միայն կուժեղացնի առճակատումը»։ (ՌԴ ԱԳՆ, 26.01.2023)«Հայաստանը մեր դաշնակիցն է. եթե նախագիծը նրան օգտակար է, մենք կաջակցենք»։ (Օվերչուկ, 15.08.2025)
Ներկայության բնույթը«ԵՄ առաքելությունը լրտեսում է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ»։ (Մ. Գալուզին, 4.06.2024)«Մենք դիրքորոշում կձևավորենք, երբ հայտնի դառնան մանրամասները»։ (Դեսպան Ս. Կոպիրկին, 30.09.2025)
Լեգիտիմություն / Մանդատ«Բրյուսելը ձգտում է դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից»։ (ՌԴ ԱԳՆ հայտարարություն, հունվ. 2023)«Ռուսաստանը պատրաստ է խորհրդակցությունների TRIPP-ի պարամետրերի շուրջ»։ (ՀՀ ԱԳՆ, 16 դեկտ. 2025)
ՏոնայնությունԱվելի ագրեսիվ, մեղադրական, դավադրապաշտական։Ավելի զուսպ, պրագմատիկ, համագործակցային։
Նախագծի բնութագիրը«ՆԱՏՕ-ի պարամիլիտար գործողություն՝ ԵՄ քողի տակ»։ (2024)«Տնտեսական-տրանզիտային նախաձեռնություն»։ (2025)

«Պարադոքսի» տրամաբանությունը

Փորձագետները գտնում են, որ դիրքորոշումների տարբերությունը բացատրվում է ոչ թե սկզբունքներով, այլ ազդեցության հարցով։

Եվրոպացի դիտորդները տեղակայվեցին գրեթե ակնթարթորեն՝ զբաղեցնելով այն խորշը, որին հավակնում էր ՀԱՊԿ առաքելությունը։ «Մոսկվայի համար, որն առաջարկում էր այնտեղ ուղարկել ՀԱՊԿ դիտորդներին (թեև Հայաստանը ռազմական օգնություն էր խնդրել), Երևանի ընտրությունը հօգուտ եվրոպական մոնիտորինգի ընկալվում է որպես ուղղակի մարտահրավեր իր ազդեցությանը»,– ասել է Գրիգորյանը՝ միաժամանակ հավելելով, որ TRIPP-ի նկատմամբ ավելի զուսպ վերաբերմունքը թելադրված է նաև ամերիկյան նախաձեռնության հանդեպ զգալի սկեպտիցիզմով։

«Կրեմլում մինչև վերջ չեն հավատում այս լայնածավալ նախագծի իրականացմանը և այն դիտարկում են որպես հեռավոր հեռանկար։ Իսկ ներկա փուլում Ռուսաստանը փորձում է ինտեգրվել նոր իրականությանը՝ օգտագործելով հաղորդակցությունների ապաշրջափակման առաջին քայլերը (Ադրբեջանով դեպի Հայաստան բեռների տարանցման արգելքի վերացման տեսքով) կիրառական խնդիրներ լուծելու համար, ինչպիսին է հացահատիկի տեղափոխումը։ Սա Մոսկվային թույլ է տալիս պահպանել դեմքը և ցուցադրել տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում առանցքային խաղացողի կարգավիճակը՝ առանց ուղղակի առճակատման մեջ մտնելու»,– պարզաբանել է նա։

Այլ կերպ ասած՝ երբ արևմտյան ներկայությունը փոխարինում է ռուսականին, Կրեմլն այն ընկալում է որպես սպառնալիք. երբ այն լրացնում է կամ մասնակցության հնարավորություն է թողնում, Մոսկվան հանգիստ համաձայնում է։

Որոշման վրա ազդել է նաև պահը։ 2025-ի կեսերին, երկու տարվա լարվածությունից հետո, Երևանն ու Մոսկվան սկսեցին վերականգնել աշխատանքային հարաբերությունները։ Ռուսաստանը, որը խրված է ուկրաինական պատերազմում և դիվանագիտական ելքեր է փնտրում, ըստ մեկնաբանների, չի ցանկանում նաև նոր սրացումներ հարևանների և գործընկերների հետ, որոնք կշեղեն նրան ուկրաինական ուղղությունից՝ ռուսական ղեկավարության արտաքին քաղաքական գլխավոր առաջնահերթությունից։

Մյուս գործոնը, ինչպես նշում են դիտորդները, Մոսկվա-Վաշինգտոն գծում փոխված մթնոլորտն է։ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ռուս պաշտոնյաների հռետորաբանությունը ԱՄՆ-ի հասցեին դարձել է նկատելիորեն ավելի զուսպ, իսկ շփումները առանձին տարածաշրջանային ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցով, սկսել են ներկայացվել որպես պոտենցիալ աշխատանքային, այլ ոչ թե կանխավ կոնֆլիկտային։ Սա լրացուցիչ նվազեցնում էր TRIPP նախագծի վրա որպես «ամերիկյան միջամտություն» հրապարակավ հարձակվելու խթանը։

Այս տրամաբանությունը կիսում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը. ըստ նրա՝ կարևոր դեր է խաղում նաև ամերիկյան առաջնորդի անհատականությունը։ Փորձագետն ընդգծել է, որ տվյալ պահին հենց Եվրոպան է դարձել Ռուսաստանի գլխավոր գաղափարական հակառակորդը։ «Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի մոտեցումը՝ հիմնված «ազդեցության գոտիների» հայեցակարգի և արժեքային օրակարգից հրաժարվելու վրա, հոգեբանորեն ավելի հասկանալի և հարմարավետ է ռուսական ղեկավարության համար»,– ասել է նա CivilNet-ի հետ զրույցում։

Եվս մեկ գործոն, որին մատնանշում են դիտորդները՝ երկու կողմերն էլ փորձում էին հրապարակավ չմերժել TRIPP-ի շրջանակներում միասին աշխատելու պատրաստակամությունն ու հնարավորությունը։ Հայաստանի իշխանություններն ընդգծում էին, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ողջ գործընթացում Ռուսաստանի մասնակցությունը դիտարկում են ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես ենթակառուցվածքային լուծման մաս։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը Մոսկվայի հետ կքննարկի «համագործակցության հնարավոր ուղղությունները» «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարօրության» նախագծի շուրջ և, մասնավորապես, ռուսական երկաթուղային ենթակառուցվածքների օգտագործման հարցերը։

Ընտրողական դժգոհության արվեստը

Հայաստանում ԵՄ առաքելության և ԱՄՆ նախագծի նկատմամբ Մոսկվայի արձագանքների հակապատկերը ցույց է տալիս, թե ինչպես է փոխվում ռուսական քաղաքականությունը. գաղափարական թշնամանքը տեղի է տալիս պրագմատիզմին։

Երբ Կրեմլը սպառնալիք է զգում իր վերահսկողությանը, նա Արևմուտքին մեղադրում է լրտեսության և «տարածաշրջանը սասանելու» մեջ։ Բայց եթե նախագիծը հնարավորություն է տալիս պահպանել ազդեցությունը կամ մասնակցությունը, հռետորաբանությունը մեղմանում է։

Այս առումով Հայաստանը, ինչպես նշում են դիտորդները, չի կարող հաշվի չառնել Ռուսաստանի դժգոհությունների այս ընտրողականությունը, քանի որ Մոսկվայի կարմիր գծերը որոշվում են ոչ թե դաշնակցային պարտավորություններով, այլ ավելի շուտ ազդեցության ոլորտների պահպանման հնարավորությամբ։

Հետաքրքիրն այն է, որ ներկայումս Ռուսաստանը, դատելով նրա արձագանքից, ավելի մեծ սպառնալիք է տեսնում Բրյուսելում, քան Վաշինգտոնում։ Ոչ թե այն պատճառով, որ Եվրոպան ավելի ուժեղ է, այլ այն պատճառով, որ նա գործում է այնտեղ, որտեղ Մոսկվան սովոր է իշխել միայնակ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում