Հայաստանի 2025 թվականի լավագույն մարզիկներ են ճանաչվել ծանրորդ Վարազդատ Լալայանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու ըմբիշ Մալխաս Ամոյանը։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:
Վարզդատ Լալայանն ու Մալխաս Ամոյանն այս տարի դարձել էին թե աշխարհի, թե Եվրոպայի չեմպիոն։ Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության աշխարհի բացարձակ գավաթակիր էր դարձել, նաև նվաճել ոսկի՝ Եվրոպայի առաջնությունում։
Լավագույն կին մարզիկ է ճանաչվել 20-ամյա ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը, որն այս տարի ոսկի է նվաճել ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում, նաև բրոնզե մեդալ՝ աշխարհի երիտասարդների առաջնությունում։
Լավագույն թիմը Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն է, որն այս տարի նվաճել է ՈւԵՖԱ-ի Եվրո-2026-ի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։
Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ է ճամաչվել Համլետ Մանուկյանը, որն այս տարի դարձել էր սպորտային մարմնամարզության մեծահասակների աշխարհի գավաթի բացարձակ հաղթող ու նաև Եվրոպայի չեմպիոն։
Լավագույն մարզիչ է ճանաչվել ծանրամարտի մեծահասակների արդեն նախկին մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։ Դեկտեմբերին Ծանրամարտի ֆեդերացիան հայտնել է, որ Փաշիկ Ալավերդյանին կփոխարինի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը։
Լավագույն երիտասարդ մարզիկը Գասպար Տերտերյանն է, որը դարձել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն։
Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկը շախմատիստ Սարգիս Սարգսյանն է։ Նա դարձել էր սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի անհատական առաջնության չեմպիոն
Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն անվանակարգում հաղթել է կարատեիստ Սուրեն Հարությունյանը։ Նա հաղթել է նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում։ Սուրեն Հարությունյանն աշխարհի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր։ Այն անկախությունից ի վեր Հայաստանի առաջին մեդալն էր Կարատեի աշխարհի առաջնությունից։
Civilnet











