Գլխավոր Լրահոս

Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» ու «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները։

Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Նա ստացել է 17 ձայն։ Այս տարի Սպերցյանը հավաքականի կազմում հինգ գոլի հեղինակ է դարձել, իսկ «Կրասնոդար»-ն իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։ Սպերցյանը մասնակցել էր 28 խաղի՝ խփելով 11 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։ Նա նաև 2025/26 մրցաշրջանի առաջին հատվածում առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է՝ 8 գոլով ու 12 գոլային փոխանցմամբ։

Քվեարկության արդյունքում 8 ձայն է ստացել «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Ինտեր»-ն այս տարի հասել էր ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որում պարտվել էր ֆրանսիական «ՊՍԺ»-ին 0-5 հաշվով, իսկ Իտալիայի առաջնությունում «Ինտեր»-ը երկրորդ տեղն էր զբաղեցրել։

Հայաստանի տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը։ 2024/25 մրցաշրջանում նա մարզում էր Չարենցավանի «Վան» ակումբը, որը զբաղեցրեց Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 5-րդ տեղը։ Հուլիսին Գևորգյանը տեղափոխվեց «Ալաշկերտ», որն այս պահին զբաղեցնում է Պրեմիեր լիգայի 4-րդ տեղը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ստացել է 9 ձայն, «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ 3 ձայն։ Մինասյանի «Արարատ-Արմենիա»-ն երկրորդն էր 2024/25 մրցաշարջանի Հայաստանի առաջնությունում, նաև հասավ գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Նոա»-ին 1-3 հաշվով։

Քվեարկությանը մասնակցում են ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու Fastex Պրեմիեր Լիգայի 2025/26 մրցաշրջանի մասնակից ակումբները։ Այս տարի քվեարկության և թեկնածուների ընտրության կարգում տեղի է ունեցել փոփոխություն։ Քվեարկողներն առաջարկված ցանկից պետք է ընտրեiն միայն մեկին, իսկ նախորդ տարիներին, ըստ հերթականության, ընտրում էին երեքին։ Լավագույնի հավակնորդներ են միայն հայազգի մարզիչներն ու ֆուտբոլիստները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում