Ոչ միայն Ադրբեջանից Հայաստան ներմուծում է հնարավոր, այլ նաև արտահանում՝ Հայաստանից Ադրբեջան․ Գառնիում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս պահի դրությամբ բավականին մրցունակ գին ենք ստացել վրացական երկաթուղուց, հետևաբար հնարավորությունները շատ են: Ինչպես սովորաբար պրակտիկան է եղել, իրենք հայտարարել են, մենք հաստատել ենք, ես կարծում եմ, որ հերթական անգամ վրացական-ադրբեջանական կողմը հաջող գործարքի մասին կհայտարարեն»,- ասաց Պապոյանը
Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է արտահանել ալյումին, ալյումինի փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, կենդանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանքներ։
«Այսինքն ցանկ կա, հետազոտություն կա, աշխատանք կա, որը ցույց է տալիս, որ այդ ապրանքները մենք արտահանում ենք և Ադրբեջանը ներմուծում է, և հիմա այդ քննարկումների մեջ»,- հավելեց Պապոյանը։
Հոկտեմբերի 21-ին Աստանայում Ղազախստանի նախագահի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Նոյեմբերի 6-ին և 8-ին Ռուսաստանից և Ղազախստանից երկաթգծով Հայաստան է ներմուծվել ընդհանուր 2000 տոննա ցորեն՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Դեկտեմբերի 19-ին էլ ադրբեջանական բենզինով բեռնված գնացքն է ժամանել Հայաստան
Civilnet











