Գլխավոր Լրահոս

Հայաստանը շահագրգռված է ամբողջական ապաշրջափակմամբ․ Միրզոյան

Հայաստանը շահագրգռված է ամբողջական ապաշրջափակմամբ․ Միրզոյան

«Խաղաղությունը հաստատված է, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք ամբողջությամբ անհրաժեշտ ճանապարհը»,- ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Հանրային հեռուստատեսության եթերում։ Նա ամփոփել է 2025-ի արտաքին քաղաքական գլխավոր ուղղությունները՝ անդրադառնալով TRIPP նախագծին, խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հարաբերություններին ու այլ թեմաների։

TRIPP նախագծի մասին

Խոսելով խաղաղության համաձայնագրի ու TRIPP նախագծի մասին՝ Միրզոյանն ասաց, որ Հայաստանը շահագրգիռ է օր առաջ ունենալ ամբողջական ապաշրջափակում ու գործարկել TRIPP  ենթակառուցվածքները։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Փաստաթղթի կետերից մեկը նախատեսում է TRIPP-ի («Թրամփի ուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար») գործարկումը` տարածաշրջանային հաղորդակցությունները ապաշրջափակելու նպատակով։

«Առաջինը երկաթուղին կարող է լինել․ այդ երկաթուղով և՛  Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ ու կարտահանի-կներմուծի, և՛  Ադրբեջանը կարող է Հայաստանի տարածքով անցնել, նաև երրորդ երկրները, օրինակ՝ Պորտուգալիան և Կենտրոնական Ասիայի երկրները կարող են կապվել իրար հետ»,- ասաց Միրզոյանը։

Նա հավելեց, որ ամերիկյան կողմի հետ շատ ինտենսիվ աշխատանքներ են ընթանում՝ պայմաններ, իրավունքներ, պարտականություններ հստակեցնելու համար։

«Հուսամ՝ առաջիկա օրերին, շաբաթներին արդեն կունենանք նաև առաջին հնարավոր փաստաթուղթը և հետագայում արդեն կհասնենք նրան, որ հաջորդ տարվա երևի երկրորդ կեսին գետնի վրա շինարարություն էլ կունենանք»,- ասաց նախարարը։ 

Ադրբեջանի հետ իրականացվող համագործակցության մասին

Նոյեմբերի 6-ին և 8-ին Ռուսաստանից և Ղազախստանից երկաթգծով Հայաստան է ներմուծվել ընդհանուր 2000 տոննա ցորեն՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Դեկտեմբերի 19-ին էլ ադրբեջանական բենզինով բեռնված գնացքն է ժամանել Հայաստան։

Խոսելով այս համագործակցության մասին՝ Միրզոյանն ասաց․ «Այդ բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է Հայաստանի քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյկոտի կոչեր կան, բայց իմացա նաև, որ հերթեր կան այդ բենզինի ձեռքբերման համար»։

Միրզոյանի խոսքով՝ եթե խաղաղություն է հաստատվել և համագործակցություն պետք է ձևավորվի, ուրեմն Հայաստանի տարածքով պիտի անցնեն թե՛  ադրբեջանցիները, թե՛  Թուրքիայի բեռները, նաև՝ Հայաստանից պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, և՛  Հայաստանը պետք է իրենցից ապրանք գնի, և՛  իրենք պետք է Հայաստանից ապրանք գնեն։

Ռուսաստանի և Իրանի դիրքորոշման մասին

Նախարարը մերժեց պնդումները, թե Ռուսաստանն ու Իրանը դեմ են ենթակառուցվածքների ապաշրջափակմանը.։

«Ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որքանով ես եմ իրանցի գործընկերներից լսել, Իրանում որոշակի հարցեր առաջացրել է, հարցերին տրվել են պատասխաններ, և հիմա, և մենք, և Իրանը ենթակառուցվածքների ապաշրջափակման մեջ հնարավորություններ ենք տեսնում»,- ասաց նախարարը։

Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Միրզոյանի խոսքով, երբ ապաշրջափակման և հարևանների հետ հանդուրժելի հարաբերություններ կառուցելու մասին ենք խոսում, ապա այդ կարգավորումն ու  մթնոլորտի ձևավորումը պետք է ներառի նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։

«Շատ ինտենսիվ և շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, բայց ժամանակն է, որ մենք ունենանք մեծ, շոշափելի առաջընթացներ գետնի վրա»,- ասաց Միրզոյանը։ Նա նաև նշեց, որ ի թիվս այլ զարգացումների, տեղի ունեցավ Գյումրի-Կարս երկաթուղային հանգույցի գնահատման ուղղությամբ աշխատող փորձագիտական խմբի հանդիպումը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շատ դրական առաջընթաց ենք ունենալու։

Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին

Նախարարի խոսքով՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ, և Հայաստանը Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ չունի։ 

«Եթե այդպես լիներ, նորից վերադառնալով վարչապետի վերջին ասածներին, Հայաստանը Ռուսաստանի Դաշնությանը չէր առաջարկի վերականգնել երկաթուղու, օրինակ, բացակայող մասերը Գյումրու, Երասխի հատվածում և ներգրավվել այդ մեծ  տրանսպորտային շարժերի մեջ»։

Չլուծված խնդիրների մասին

Նախարարի խոսքով՝ կան նաև չլուծված խնդիրներ, որոնց թվում Բաքվի բանտերում պահվող անձինք են, նաև՝ շարունակաբար «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի տարածումը, որը նա համարեց Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ խոսույթ։

Վերջին տարիներին Ադրբեջանը արշավ է սկսել՝ նվիրված «Արևմտյան Ադրբեջան» հասկացությանը։ Այս եզրույթը վերաբերում է ոչ թե իր սեփական տարածքին, այլ Հայաստանի տարածքին։ 

«Հիմա խնդիրներ են սրանք, որոնք դեռ ենթակա են լուծման, խաղաղությունը հաստատված է, համագործակցության փորձերը կան, դրսևորումները կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք ամբողջությամբ անհրաժեշտ ճանապարհը»,- ասաց Միրզոյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում