Գլխավոր Լրահոս

Երևանի ապօրինի աղբավայրերը. բնակիչների ահազանգն ու քաղաքապետի խոստումը

Երևանի ապօրինի աղբավայրերը. բնակիչների ահազանգն ու քաղաքապետի խոստումը

Գևորգ Թոսունյան

Երևանի «Վերածնունդ» բնակելի ավանի բնակիչների պատուհաններից դեպի սարերը բացվող տեսարանը վերջին երկու ամսում փոխվել է. այստեղ ձևավորվել է շինանյութի ապօրինի աղբավայր։

Բնակիչներն ահազանգում են, որ աղբը կուտակվում է ոչ միայն իրենց ավանի, այլև հարևան «Տիգրան Մեծ» և «Լույսեր» թաղամասերի մոտակայքում։

«Այդ աղբավայրին ավելի մոտ գտնվող բնակավայրեր ևս կան։ Վերածնունդ թաղամասից հեռավորությունը մոտ 700 մետր է։ Մեր դիտարկումներով՝ հիմնականում շինարարական աղբ են բերում ու դատարկում»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեցին բնակիչները։

Երևանում շինաղբի կուտակման ընդամենը երկու օրինական վայր կա՝ Սիլիկյան թաղամասին հարող նախկին քարհանքի տարածքը և Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի խճուղուն հարակից հատվածը։

Մայրաքաղաքում չդադարող շինարարությանը զուգահեռ ավելանում են նաև ապօրինի աղբավայրերը։ Վերջին տարիներին Երևանում ձևավորվել են բազմաթիվ փոքրակազմ աղբակույտեր, իսկ խոշոր աղբավայրերի թիվն արդեն հասել է յոթի։ Վերածնունդ ավանի հարևանությամբ գտնվողն այդ շարքում դեռևս ամենամեծը չէ։

«Սուրմալուի» պայթյունից հետո ստեղծված ապօրինի աղբավայրը

Ամենաթարմ ձևավորված խոշոր աղբավայրը հենց օրինականի հարևանությամբ է՝ Նուբարաշենում։ 2022-ի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շինություններ փլվեցին, ինչը 16 մարդու կյանք խլեց։ Դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում, Քննչական կոմիտեի պահանջով, քաղաքապետարանը փլատակների բեկորները տեղափոխեց Նուբարաշենի խճուղուն հարող առանձնացված հատված։ Այս տարածքը Նուբարաշենի օրինական աղբավայրի ու գերեզմանատան հարևանությամբ է և տեսանելի է մայրուղուց։

Ներկայում այս աղբավայրը զբաղեցնում է ավելի քան 12,000 քմ։ Այն գնալով մեծանում է։

2025-ի հունվարին Սուրմալուի պայթունի գործով քրեական վարույթն ավարտվեց։ Դրանից հետո ՍիվիլՆեթը հարցում է ուղարկել քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվում շինաղբը օրինական վայր տեղափոխելու ուղղությամբ։ Քաղաքապետարանից հիշեցրին, որ Քննչական կոմիտեն նախկինում արգելել էր թափոնների կոնսերվացումը՝ այդպես էլ հստակություն չմտցնելով, թե ի վերջո ինչ է նախատեսվում այս հարցում։

Արդյունքում, օգտվելով անորոշությունից, որոշ տնտեսվարողներ սկսել են տարածքն օգտագործել որպես շինաղբի ինքնակամ կուտակման վայր։ Ներկայում այստեղ հսկայական քանակությամբ նոր շինաղբ է ավելացել։

Տիգրան Ավինյանը խոստացավ ուսումնասիրել նոր գոյացող ապօրինի աղբավայրերի խնդիրը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 29-ին խոստացավ ուսումնասիրել նոր գոյացող աղբավայրերի խնդիրը, որոնք բացահայտել է ՍիվիլՆեթը։

«Բոլոր այն հատվածներում, որտեղ աղբի կուտակումներ են լինում, մենք փորձում ենք առավելագույնս արագ արձագանքել։ Ունենք մի փոքր խնդիր՝ պայմանավորված կենցաղային աղբի հետ, որը տարերայնորեն կուտակվում է տարբեր հատվածներում։ Ունենք մի ընկերություն, որի կարողությունները թույլ չեն տալիս աշխատանքներն իրականացնել ամբողջ ծավալով, իսկ այդ ընկերության հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027-ը։ Ինչ վերաբերում է ձեր մատնանշած նոր գոյացող աղբավայրերին, ես ինքս ավելի մանրամասն կուսումնասիրեմ խնդիրն ու կպատասխանեմ»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Հներն ու խոշորները

Շինաղբը ապօրինի կուտակվում է հետյալ վայրերում՝ Էրեբունի վարչական շրջանում Մուշական 5-րդ փողոցի վերջնամասում ու Ջրաշենում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղում) և Տիչինայի փողոցում՝ քարհանքի մոտ, Արաբկիրի վարչական շրջանում էլ Կորեայի ձորն է շինաղբի կուտակման վայր դարձել երկու տասնամյակ առաջ։ 

Խոշորներից վերջինը եկավ նոր իշխանության հետ։ Շենգավիթ վարչական շրջանում շինաղբի ապօրինի կուտակման վայր է Շիրակի փողոց 47/3 հասցեի հարակից տարածքը։ Այս տարածքը 2018-ից շինարարական աղբի կուտակման ապօրինի վայրի է վերածվել։

«Գործ չունեք, այնտեղ չգնաք, նրանք իրենց գժերի տեղ են դրել՝ մեքենաներին ու մարդկանց հարվածում են, վռնդում են անգամ քաղաքապետարանի աշխատակիցներին»,- մեզ հորդորում էին Շիրակի փողոցի վերջնամասում՝ Աէրացիա և Ներքին Չարբախ թաղամասերի միջև գտնվող տարածքի շինաղբի կուտակման վայրին հարակից ընկերությունների աշխատակիցները։ Շիրակի փողոց 47/3 հասցեի հարակից տարածքը 2018-ից շինարարական աղբի կուտակման ապօրինի վայրի է վերածվել։ 

Այստեղ շուրջ 13 հեկտար տարածք մենք արբանյակային լուսանկարների միջոցով նույնականացրինք՝ որպես ապօրինի աղբավայր։

ՍիվիլՆեթը ավելի վաղ պարզել էր, որ այս հողամասերը համայնքային նշանակություն ունեն, պատկանում են Երևան համայնքին։ 

Շիրակի փողոցի շինաղբի կուտակման ապօրինի վայրի վերացման դեմ քաղաքապետարանը տարիներ շարունակ պայքարում է, սակայն ապարդյուն։

Առաջինը, ինչ մենք իմացանք այս տարածքի մասին… այն հսկում են ագրեսիվ վարքագծով անձինք։ Նրանք հարձակվում են հարակից տարածքների աշխատակիցների վրա, եթե վերջիններս փորձում են թույլ չտալ, որ աղբը իրենց մոտ թափվի, նրանք նաև անհաշտ են համայնքային իշխանության հետ։ 

Քաղաքապետի խոստացած «մանրամասն ուսումնասիրությունը» պետք է տա գլխավոր հարցի պատասխանը՝ Երևանն արդյոք կկարողանա՞ մաքրվել տասնամյակների փոշուց, թե՞ նոր թաղամասերի բնակիչները ստիպված են լինելու հաշտվել պատուհանից բացվող աղբի տեսարանի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում