«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գույքի վերաբերյալ ուսումնասիրություն է սկսվել Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է «Ազդարար» հրապարակային ծանուցումների պաշտոնական համակարգում։
Ըստ ծանուցման՝ իրականացված ստուգումների արդյունքում արդեն կազմվել է ուսումնասիրության նախնական ամփոփագիր։ Դատախազությունը պատգամավորին հրավիրել է վարչություն՝ ծանոթանալու հավաքված նյութերին։
Իշխան Սաղաթելյանը ծանուցագիրը ստանալուց հետո ունի մեկամսյա ժամկետ՝ դիրքորոշում ներկայացնելու և ստացված տվյալների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար։
Փաստաթղթում նաև շարադրված են հասցեատիրոջ իրավունքները, որոնք վերաբերում են հայտարարագրի տվյալներին և դրանց հավաստիությանը:
Դեկտեմբերի 9-ին էլ Իշխան Սաղաթելյանը ՀՀ քննչական կոմիտե էր հարցաքննության կանչվել «Սրբազան պայքարի» գործի շրջանակում։
«Այդ գործից կա անջատված մաս, ու տեղի է ունենում լայնածավալ քննություն։ Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք կամ բացատրություն տալուց` հայտարարելով, որ դա քաղաքական գործ է, իրավական պրոցես տեղի չի ունենում»,- իր ֆեյսբուքյան էջում ասել էր Սաղաթելյանը։
Civilnet











