Երևանի այգիների վարձակալների պարտքերը՝ Գագիկ Ծառուկյանի ընկերությունից մինչև Մհեր Սեդրակյան

Երևանի քաղաքապետարանը 2025-ին տարբեր տարածքների վարձակալությունից հավաքագրել է շուրջ 1,1 մլրդ դրամ։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 29-ին հրավիրած ասուլիսին։ Նրա խոսքով՝ այդ գումարի «առյուծի բաժինը»՝ մոտ 500 մլն դրամը, գոյացել է այգիների տարածքների վարձակալությունից։
«Երևանի քաղաքապետարանը որդեգրել է մոտեցում, որ այգիները, կներեք արտահայտության համար, «վետերոկի» մակարդակով վարձակալները չեն կարող պահել։ Այդ տրամաբանությամբ՝ բոլոր այն մասնավոր գործընկերների հետ, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել, մենք վերանայում ենք գինը։ Բոլոր այն տեղերում, որտեղ ունենք ներդրող, փոփոխություն ենք իրականացնում»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ սա վերաբերում է բոլորին։
«Այն դեպքերում, երբ մեր գործընկերները հրաժարվում են կամ տարբեր պատրվակներով փորձում են ժամանակ ձգել, նրանց սնանկացում է սպասվում։ Մենք գործն ուղարկելու ենք սնանկացման, և այդ ընկերությունները շատ ավելի մեծ խնդիրների են բախվելու, եթե չփակեն պարտքերը կամ չառաջարկեն ներդրումային ծրագիր»,- հայտարարեց քաղաքապետը։
Երևան համայնքին խոշոր պարտք ունի նաև գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությունը, որին կառուցապատման իրավունքով տարածք է տրամադրվել Օղակաձև զբոսայգում։ 2022-ի հուլիսից ի վեր ընկերության պարտքը կազմում է շուրջ 30 մլն դրամ։ Մեր ճշտող հարցին՝ արդյոք քաղաքապետարանն արդեն դիմել է դատարան «Մուլտի Ուելնեսի» սնանկացման պահանջով, Ավինյանը դժվարացավ հստակ պատասխանել։
«Չեմ կարող վստահ ասել՝ կոնկրետ որ դեպքով ինչ ենք արել, բայց եթե պարտքը կուտակվում ու ավելանում է, ինչ-որ փուլում, անկախ անձից ու ընկերությունից, Երևանի քաղաքապետարանը կդիմի սնանկացման դատարան»,- նշեց նա։
Սա միակ նմանատիպ դեպքը չէ. Երևանի բազմաթիվ այգիներ ու կանաչ գոտիներ 1990-ականներից ի վեր վարձակալության են հանձնվել ցածր գներով և առանց հանրային վերահսկողության։ ՍիվիլՆեթի հետաքննությունը վերլուծում է վարձակալության հարյուրավոր պայմանագրեր՝ բացահայտելով հիմնական շահառուներին, նրանց կապերը նախկին ու ներկա պաշտոնյաների, ինչպես նաև ռուսական կապիտալի ներկայացուցիչների հետ։
Վարձով մաշվող այգիներ. Երևանի կանաչ գոտիների 65%-ը տրված է անհամաչափ ցածր վճարով
ՍիվիլՆեթը վերլուծել է ավելի քան 100 վարձակալության պայմանագրերի տվյալները։ Մենք ուսումասնասիրել են 106 պայմանագրերի վարձակալության արժեք, այնուհետև Կադաստրի կոմիտեի բաց շտեմարանից առանձնացրել այդ հողամասերի կադաստրային արժեքը և հասկացել, թե վարձակալության վճարը կադաստրային արժեքի որ տոկոսն է կազմում։
Այս մասով համայնքը պարբերաբար անհասկանալի մոտեցում է որդեգրել. մինչև 2016-17-ը այգիների տարածքները վարձակալությամբ էին տրամադրվում առանց որևէ տրամաբանությամբ, երբեմն կադաստրային արժեքի մեկ տոկոսի չափով։ Այնուհետև գոտիավորումը սկսեցին նկատի առնել, ընդհանուր առմամբ պայմանագրերում վարձակալության հիմնական օբյեկտի (սրճարաններ և այլ օբյեկտներ) վարձակալության արժեքը տատանվում է 5-10 տոկոսի չափով։ Մենք պարզեցինք, որ ներկայում կադաստրային արժեքի 5-10 տոկոսի չափով վարձակալությունները կազմում են ուսումնասիրվածի (106 վարձակալության պայմանագիր) 9,3 տոկոսը։ Այս խնդիրը հետևանք է, որ վարձակալության պայմանագրերը վերջին տարիներին և դրանից առաջ ևս չեն վերանայվել կամ վերանայվում։ Նորերն էլ քիչ են կնքվում, ինչը դրական միտում է։
Արդյունքում՝ այդ պայմանագրերը կնքվել են, օրինակ՝ 2017-ին ու առ այսօր չեն վերանայվել։ 2020-ից հետո Երևանում ինտենսիվ աճել են գույքերի, այդ թվում՝ համայնքային գույքերի կադաստրային արժեքները, իսկ վարձակալության արժեքները նույնն են, ուստի նման իրավիճակ է ստեղծվել։
Մեր ուսումնասիրությունը վկայում է, որ Երևանի այգիների և հանրային կանաչ տարածքների զգալի մասը երկարաժամկետ վարձակալությամբ հանձնվել է անհամաչափ ցածր վճարով։ Այս վարձակալությունների տարեկան վճարները չեն արտացոլում գույքի կադաստրային արժեքը և համայնքի համար արդար եկամուտ չեն ապահովում։
Ընդհանուր ուսումնասիրված 106 պայմանագրերից 69-ը՝ կամ 64,9 տոկոսը, դասակարգվում են որպես ոչ բավարար եկամուտ ապահովող։ Այս դեպքերում տարեկան վճարները կազմում են կադաստրային արժեքի 1 տոկոսից էլ քիչ։ Ընդամենը 37 պայմանագիր՝ կամ 35,1%-ը, կարելի է գնահատել որպես բավարար, երբ տարեկան վճարը գերազանցում է կադաստրային արժեքի 3 տոկոսը։
Վարձակալություն՝ մինչև 2108-ը
Երևանի այգիներում նաև տրամադրվել է անհասկանալի եկար ժամկետներով վարձակալություններ։ ՍիվիլՆեթը հարյուրավոր պայմանագրերում բացահայտեց դրանցից մի քանիսը։ Այսպես, որոշ վարձակալություններ ձգվում են մինչև 22-րդ դարի սկիզբը։ Այս պայմաններում հանրային սեփականությունը գործնականում դուրս է գալիս վերահսկողությունից։
Դրանցից ամենացայտունը Վարդավառի զբոսայգու վարձակալությունն է․ մոտ 18 հեկտար տարածք մինչև 2108-ը հանձնվել է կառուցապատման իրավունքով «Բիդեք» ՍՊԸ-ին։ Այն տարեկան վճարում է ընդամենը 619,000 դրամ։ Սա նշանակում է՝ մոտ 34 դրամ տարեկան մեկ քմ-ի համար, իսկ ամսական ամբողջ տարածքի համար 51,580 դրամ։
Վարդավառի այգին գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում և ընդգրկում է Վարդավառի արհեստական լիճը։ Լիճը վերջին անգամ վերանորոգվել է խորհրդային տարիներին՝ 1975-1985-ին, 1990-ից հետո այն կտոր-կտոր կրճատվել ու հանրությունից զավթվել է։
«Բիդեք» ընկերությունը պատկանում է Էրեբունի համայնքի նախկին ղեկավար, մինչև 2018-ը Հայաստանում իշխանության եղած Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին՝ 75 տոկոսով։ Այս ստեղծվել է 2009-ի մայիսին, և մեկ ամիս անց Էրեբունի համայնքը նրա հետ կնքել է պայմանագիր։ Այդ ժամանակ Մհեր Սեդրակյանը համայնքի ղեկավարն էր։
Բացի այդ, այս ընտանիքը այգու տարածքում սեփականաշնորհել է մեծ տարածքներ՝ չնչին գներով կամ անվճար։
Այգում 2334 քմ տարածք էլ սեփականշնորհել է պատգամավորի եղբայր Վարդան Սեդրակյանը՝ ընդամենը 780,000 դրամով։ Մեկ այլ մեծ շինություն և դրան կից 2300 քմ հողամաս Մհեր Սեդրակյանը ստացել էր որպես նվիրատվություն։
Վարդավառի լիճը մեծ հաշվով շրջափակված է Սեդրակյանների գույքերով։ Լճին հարակից շուրջ 18,000 քմ հողակտորը՝ արտադրական նշանակության, Դավիթ Սեդրակյանի անունով է։
Մայրաքաղաքի կենտրոնում ամենաերկար վարձակալության ժամկետ ունեցող մյուս հողակտորը տրամադրվել է 2002-ին՝ Օղակաձև զբոսայգու առաջին հատվածում։ Շուրջ 500 քմ տարածք տրամադրվել է Նժդեհ Գեղագուլյան ֆիզիկական անձին՝ մինչև 2095-ը։ Այստեղ ներկայում սրճարանային հատված է։ Նժդեհ Գեղագուլյանը Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի թիկնազորի պետ Մեսրոպ Գեղագուլյանի որդին է (աղբյուրը՝ Հետք)։
Վարձակալության տարեկան արժեքը՝ 51,381 դրամ, ամսական՝ ընդամենը 4,281 դրամ։



Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Սարյան պուրակում, արդեն քառորդ դարից ավելի ծաղկի բիզնեսի համար վարձակալությամբ հողատարածք են ստացել Գոռ և Ալեքս Մեխակյանները։
Մեխակյան եղբայրները պուրակի տարածքում ունեն երկու առանձին վարձակալված հողամաս։ Դրանցից մեկը՝ 50 քմ մակերեսով, նրանք ստացել են դեռ 1999-ին՝ մինչև 2098-ը։ Երկրորդը՝ 222,5 քմ, փոխանցվել է նրանց 2002-ին, այս անգամ մինչև 2101-ը։ Երկու պայմանագրերն էլ նախատեսված են ծաղկի խանութի համար։ Վարձակալության արժեքը տարեկան 150,000 դրամ 1 փոքր տարածքի և 4,4 մլն դրամ` մեծ տարածքի համար։ Սրանք չեն արտացոլում տարածքի կենտրոնական դիրքը և եկամտաբերության հնարավորությունները։
Թեմա
Civilnet










