Գլխավոր Լրահոս

2025․ Ժողովրդավարական հետընթացի տարի Հայաստանում

2025․ Ժողովրդավարական հետընթացի տարի Հայաստանում

Տիգրան Գրիգորյան

2025-ը ծանր և մտահոգիչ տարի էր Հայաստանի ժողովրդավարական զարգացման տեսանկյունից։ Տարվա ընթացքում մի շարք բացասական զարգացումներ և խորապես արմատավորված միտումներ լուրջ կասկածի տակ դրեցին երկրում ժողովրդավարական ամրապնդման հեռանկարները։ Ոչ պակաս մտահոգիչ էին նաև աճող հարցադրումները, թե որքանով է հասարակությունը ունակ դիմակայելու գնալով ավելի բացահայտ հակաժողովրդավարական գործելակերպին։

2025-ին Democracy Watch-ը հետևողականորեն փորձեց ուշադրություն հրավիրել այս զարգացումների վրա։ Փաստերի համադրությունը մեզ բերում է սթափեցնող եզրակացության՝ 2025-ը Հայաստանի համար ժողովրդավարական հետընթացի տարի էր։

Տարվա ամենաէական փոփոխություններից մեկը իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերափոխման ավարտն էր։ Քաղաքական ուժը, որը 2018-ին իշխանության էր եկել Թավշյա հեղափոխության ալիքի վրա՝ խոստանալով ժողովրդավարական բարեփոխումներ և հետխորհրդային կառավարման գործելաոճից հրաժարում, այսօր լիովին վերածվել է վարչական ռեսուրսների վրա հենվող դասական հետխորհրդային կուսակցության։ 2025-ի հիմնական հատկանիշը իշխանական կուսակցության կողմից պետական ռեսուրսների, իրավապահ մարմինների և դատական համակարգի համակարգված օգտագործումն էր ներքաղաքական նպատակներով։

Այս միտման առավել խնդրահարույց դրսևորումներից էին ապօրինի գաղտնալսումները, անձնական կամ ինտիմ բնույթի նյութերի օգտագործումը շանտաժի նպատակով, ինչպես նաև այդ նյութերի հրապարակումը այն դեպքերում, երբ շանտաժը չէր հասնում ցանկալի արդյունքի։ Նույնքան մտահոգիչ էին աղմկահարույց և քաղաքականապես զգայուն քրեական գործերը, որոնց շրջանակում իրավապահ մարմինների կողմից կեղծվել էին ապացույցներ, իսկ նման խախտումների բացահայտումից հետո որևէ հետևանք չեղավ։ Այս գործելաոճը խորացրել է անպատժելիության զգացումը և նպաստել հասարակության աճող անտարբերությանը իշխանության ակնհայտ չարաշահումների նկատմամբ։

2025-ի մեկ այլ բնորոշ առանձնահատկություն դարձավ քաղաքական դրդապատճառներով քրեական գործերի հարուցումը և արդարադատության խտրական կիրառումը ներքաղաքական նպատակներով։ Անաչառ արբիտրի գործառույթներ իրականացնելու փոխարեն՝ դատական համակարգը գնալով ավելի հաճախ է ընկալվում որպես քաղաքական մրցակցությունը կառավարելու և այլակարծությունը զսպելու գործիք։ Անկախ իրավապաշտպաններից շատերն այսօր արդեն խոսում են Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին։

Ինստիտուցիոնալ մակարդակում տարին շարունակվեց գործադիր իշխանության անհամաչափ ուժեղացմամբ՝ ի վնաս պետական իշխանության մյուս ճյուղերի։ Սրան զուգահեռ խորացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ կենտրոնացած անձնավորված կառավարման մոդելը, որի գագաթնակետը նրա «Ես եմ կառավարությունը» հայտարարությունն էր։ Իշխանության աճող անձնավորումը ուղեկցվում էր վարչապետի կողմից անընդունելի, երբեմն նաև հայհոյախառն բառապաշարի հաճախակի կիրառմամբ։ Ժամանակի ընթացքում այս հռետորաբանությունը «նորմալացվեց» հանրային խոսույթում՝ իջեցնելով քաղաքական հաղորդակցության չափանիշները և նպաստելով ժողովրդավարական մշակույթի ընդհանուր դեգրադացիային։

2025-ին ավելի ընդգծված դարձավ նաև խոցելի խմբերի թիրախավորումը։ Արցախից բռնի տեղահանվածները հաճախակի թիրախավորվում էին իշխող կուսակցության ներկայացուցիչների և նրանց հետ փոխկապակցված մեդիաների կողմից և ներկայացվում էին որպես քաղաքական կամ անվտանգային սպառնալիք, օտար տարրեր կամ գործիքներ արտաքին ուժերի ձեռքին։ Նման հռետորաբանությունն ոչ միայն արդեն իսկ խոցելի խմբի համար ոչ միայն խարազանում է, այլև ժողովրդավարական և մարդասիրական հիմնարար սկզբունքների խախտում։

Անկախ մեդիան նույնպես բախվեց աճող ճնշումների։ Բարձրաստիճան պաշտոնյաները ավելի ու ավելի հաճախ էին իրավական և հրապարակային միջոցներով հարձակվում Հայաստանի խիստ բևեռացված մեդիա դաշտում սակավաթիվ անկախ լրատվամիջոցների վրա։ Սա հատկապես ակնհայտ էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ՍիվիլՆեթի դեմ ներկայացրած հայցի շուրջ ընթացող դատական գործընթացներում, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից «Ազատություն» ռադիոկայանի հասցեին հնչող շարունակական բանավոր հարձակումներում։ Միևնույն ժամանակ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը՝ երկրի ամենախոշոր, հարկատուների միջոցներով ֆինանսավորվող լրատվամիջոցը, շարունակեց գործել որպես կառավարության խոսափող և ակտիվ ներգրավված մնաց ներքաղաքական քարոզչության մեջ։ Սա ևս վկայում է հետխորհրդային կառավարման նշյալ մոդելի մասին՝ հիմնված վարչական ռեսուրսների կիրառման վրա։

Տարվա ամենաանհանգստացնող միտումներից մեկը ինքնիշխանության պաշտպանության և հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու գաղափարների շարունակական գործիքայնացումն էր։ Թեև այս մտահոգությունները իրական և օրինաչափ են Հայաստանի անվտանգության միջավայրում, 2025-ին դրանք ավելի ու ավելի հաճախ էին օգտագործվում հակաժողովրդավարական և հակասահմանադրական քայլերը արդարացնելու համար։ Այս մոտեցումը լղոզում էր իրական ազգային անվտանգության մարտահրավերների և իշխանության անսահմանափակ կենտրոնացման միջև սահմանը՝ թույլ տալով ժողովրդավարական նահանջը ներկայացնել որպես կայունություն ապահովելու համար անհրաժեշտ փոխզիջում։ Նման մեթոդները լավ փաստագրված են ժողովրդավարական անկումների ուսումնասիրություններում, երբ իշխող էլիտաները իշխանության չարաշահումները արդարացնում են «ավելի բարձր» նպատակներին հղումով։

Հայաստանի առջև կանգնած ամենահիմնարար խնդիրներից մեկը թերևս կենսունակ ժողովրդավարական այլընտրանքի բացակայությունն է իշխող կուսակցությանը, որը գնալով ավելի ավտորիտար է դառնում։ Խորհրդարանական ընդդիմությանը չի հաջողվել իրապես դիստանցավորվել իր անցյալից կամ էապես վերանայել իր քաղաքական օրակարգը։ Ավելին՝ նրա դե ֆակտո առաջնորդները բացահայտ սպառնում են քաղաքացիական հասարակության և անկախ մեդիայի դեմ ճնշումներով՝ իշխանության վերադառնալու դեպքում։

Ամենամտահոգիչը, սակայն, հասարակության ակտիվ դիմադրության բացակայությունն է այս գործընթացներին։ Հայաստանյան հասարակությունը, որին դեռ բնորոշ են քաղաքական ապատիան ու էսկապիստական տրամադրությունները, վճռականորեն չի արձագանքել օրենքի գերակայության և ժողովրդավարական ընթացակարգերի նկատմամբ իշխանության ոտնձգություններին։ Առավել մտահոգիչ է քաղաքացիական հասարակության ներսում խորացող անջրպետը․ դրա որոշ հատվածներ այսօր կա՛մ լռելյայն աջակցում են, կա՛մ բացահայտ արդարացնում են իշխող ուժի կողմից իշխանության կենտրոնացումը, պետական ինստիտուտների չարաշահումը և հակաժողովրդավարական այլ քայլեր՝ հանուն «ավելի բարձր» նպատակների։

Սա ժողովրդավարական քայքայման ամենաակնհայտ ախտանիշներից է։ Ակադեմիական գրականության մեջ լայն կոնսենսուս կա այն հարցում, որ միայն անկախ հասարակական դերակատարների շարունակական, առօրյա դիմադրությունն է կարող կանխել գործադիրի կողմից անսահմանափակ իշխանության կուտակումը և կանխարգելել ժողովրդավարական փլուզումը։ Հայաստանում այժմ այս նախադրյալը գրեթե բացակայում է, ինչը լրջորեն վտանգում է երկրի ժողովրդավարական հաջողության հեռանկարները։

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում