Գլխավոր Լրահոս

Ղարաբաղյան բանակցությունների մասին իշխանության պնդումը՝ 2025-ի ամենամեծ սուտ

Ղարաբաղյան բանակցությունների մասին իշխանության պնդումը՝ 2025-ի ամենամեծ սուտ

Ո՞րն է տարվա ամենամեծ սուտը։ Այս հարցը ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը հինգերորդ տարին անընդմեջ ուղղեց իր ընթերցողներին։ Քվեարկությունն ավարտված է, և ընթերցողների պատասխանները ձևավորել են վերջնական պատկերը։

Քվեարկության արդյունքներով 2025-ի ամենամեծ սուտ է ճանաչվել իշխանության ներկայացուցիչների հայտարարությունը, թե 1994-ից ի վեր քննարկված բանակցային բոլոր տարբերակները ենթադրել են ԼՂ-ի ընդգրկում Ադրբեջանի կազմում։ Հարցման արդյունքներով հենց այս պնդումն է առաջատար դարձել։

Մենք առանձնացրել էինք չորս պնդում՝ հնարավորություն տալով նշելու նաև սեփական տարբերակները։ 

  1. «1994-ից ի վեր բոլոր քննարկված տարբերակները ենթադրել են ԼՂ-ի ընդգրկում Ադրբեջանի կազմում»

  1. Տիգրան Ավինյան. «ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4,19 մլրդ դրամ, դուստր ընկերությունները 5,5 մլրդ վերադարձրել են»

  1. «Փաշինյանը Մարսելում տուն է առել», «Աննա Հակոբյանը 3,4 մլն դոլար է հափշտակել «Ժպիտների քաղաք» հիմնադրամից

  1.  44-օրյա պատերազմի հանձնաժողովի զեկույցի որոշ հատվածներ կհանրայնացվեն

Այս տարի հարցմանը մասնակցել է 103 ընթերցող։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն պնդումը, թե «1994-ի զինադադարի հաստատումից ի վեր քննարկված բոլոր տարբերակները այս կամ այն կերպ ենթադրել են Լեռնային Ղարաբաղի ընդգրկում Ադրբեջանի կազմում», հարցմանը մասնակցած ընթերցողների 48 տոկոսի (49 մասնակից) կողմից ճանաչվել է տարվա սուտ։ Ի դեպ, 2024-ին տարվա սուտ էր ճանաչվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նույնաբովանդակ հայտարարությունը, թե Լիսաբոնի գագաթնաժողովից հետո միջազգային հանրությունը երբեք չի քննարկել ԼՂ-ի՝ Ադրբեջանից դուրս լինելը։ 

Երկրորդ հորիզոնականում են հայտնվել վարչապետի ընտանիքին վերագրվող կեղծ «բացահայտումները», թե «Նիկոլ Փաշինյանը Մարսելում տուն է գնել», իսկ «Աննա Հակոբյանը 3,4 մլն դոլար է հափշտակել «Ժպիտների քաղաք» հիմնադրամից»։ Այս տարբերակին աջակցել է հարցման մասնակիցների 27,5 տոկոսը (28 քվե)։

Երրորդ տեղում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, ըստ որի՝ «ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4,19 մլրդ դրամ, դուստր ընկերությունները՝ 5,5 մլրդ վերադարձրել են»։ Այն ընտրել է քվեարկությանը մասնակցած ընթերցողների 15,5 տոկոսը։

Իշխանությունների մեկ այլ պնդում՝ այն մասին, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի որոշ հատվածներ կհանրայնացվեն, ստացել է հարցման մասնակիցներից ընդամենը հինգի աջակցությունը։

Մասնակիցներից երեքն առաջարկել են սեփական տարբերակները։ Դրանցից մեկը որպես սուտ նշել է տեղեկությունը, թե «2025-ի դեկտեմբերին գործունեությունը դադարեցրած Reopen Media-ն փակել է Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի նախագահի պահանջով»։

Որպես կեղծ պնդում է ներկայացվել նաև Հայաստանում շրջանառված տեղեկությունը, թե «Արևմտյան Ադրբեջանի բնակիչներին» Ադրբեջանում բաժանվել են ID փաստաթղթեր։

Մեկ այլ մասնակից որպես սուտ է նշել կաթողիկոսի եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին պնդումը։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններում օգտատերերը որպես տարվա սուտ նշել են նաև իշխանության «խաղաղության դարաշրջանի» մասին պնդումները։ 

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին և խոստանում է 2025-ին ևս շարունակել հետևել հանրային տարածքում շրջանառվող տեղեկատվությանը՝ օգնելով մեր ընթերցողներին տարբերել ճշմարտությունը ապատեղեկատվությունից։

Տեղադրություն

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում