Իրանում արդեն հինգերորդ օրն է՝ շարունակվում են բողոքի ցույցերը թանկացումների դեմ։ Դրանց ընթացքում, առնվազն, վեց մարդ է զոհվել։
Ինչպես հաղորդում են իրանական Fars լրատվական գործակալությունը և Hengaw իրավապաշտպան խումբը, երկրի հարավ-արևմուտքում գտնվող Լորդեգան քաղաքում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ընթացքում զոհվել է երկու մարդ։ Եվս երեք մարդ զոհվել է Ազնա քաղաքում, իսկ մեկ մարդ՝ երկրի արևմուտքում գտնվող Քուհդաշտ քաղաքում։
Հինգշաբթի սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում են անկարգությունների ընթացքում հրկիզված ավտոմեքենաներ։
Բազմաթիվ ցուցարարներ կոչ են անում դադարեցնել երկրի գերագույն հոգևոր առաջնորդի իշխանությունը։ Ոմանք պահանջում են նաև միապետության վերադարձ։
Հունվարի 1-ին հաղորդումներ են ստացվել երկրի տարբեր շրջաններում անկարգությունների մասին, որոնք պայմանավորված են ազգային արժույթի՝ թումանի կտրուկ արժեզրկմամբ։
BBC-ի պարսկական ծառայության կողմից վավերացված տեսանյութերը ցույց են տալիս բողոքի ցույցեր Լորդեգան քաղաքում, մայրաքաղաք Թեհրանում և երկրի հարավում՝ Ֆարս նահանգի Մարվդաշտ քաղաքում, որոնք տեղի են ունեցել հինգշաբթի։
Fars գործակալությունը, հղում անելով տեղեկացված պաշտոնյայի, հայտնել է, որ Լորդեգանում զոհվել է երկու մարդ։ Հաղորդման մեջ չի նշվում՝ զոհերը ցուցարարներ էին, թե անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։ Նշվում է նաև, որ հարևան Լորեստան նահանգի Ազնա քաղաքում զոհվել է երեք մարդ՝ առանց հստակեցման, թե նրանք ոստիկաններ էին, թե ցուցարարներ։
Պետական որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ չորեքշաբթի երեկոյան Լորեստան նահանգի Քուհդաշտ քաղաքում բախումների ժամանակ սպանվել է անվտանգության ուժերի մի աշխատակից, որը կապված էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ։ Ցուցարարները պնդում են, որ սպանվածը իրենց շարքից էր և գնդակահարվել է անվտանգության ուժերի կողմից։
Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ևս 13 ոստիկան և ԻՀՊԿ անդամ վիրավորվել են քարերի նետման հետևանքով։
Չորեքշաբթի ողջ երկրում փակվել են դպրոցները, համալսարանները և պետական հաստատությունները այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարել են բանկային ոչ աշխատանքային օր։ Սա, ըստ ամենայնի, նպատակ ուներ ճնշելու անկարգությունները։
Պաշտոնապես դա հիմնավորվել է ցուրտ եղանակի պատճառով էներգիայի խնայողության անհրաժեշտությամբ, սակայն շատ իրանցիներ դա ընկալել են որպես բողոքի ցույցերը զսպելու փորձ։
Բողոքի ցույցերը սկսվել են Թեհրանում դեկտեմբերի 28-ին։ Սկզբում դրանք կազմակերպել էին խանութների սեփականատերերը, որոնք զայրացած էին իրանական արժույթի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հերթական կտրուկ արժեզրկումից։
Երեքշաբթի բողոքի ակցիաներին միացել են համալսարանների ուսանողները, և դրանք տարածվել են մի շարք քաղաքներում, որտեղ ցուցարարները փողոցներում հակակղերական կարգախոսներ են վանկարկել։
Ներկայիս բողոքի ցույցերը դարձել են ամենամասշտաբայինը 2022-ից ի վեր, երբ երկրում սկսվեցին զանգվածային ցույցեր՝ պայմանավորված 22-ամյա Մահսա Ամինիի մահվամբ։ Նա մահացել էր բարոյականության ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո՝ հիջաբ կրելու կանոնները խախտելու մեղադրանքով։ Սակայն այս ցույցերը դեռ չեն հասել չորս տարի առաջվա մասշտաբներին։
Սրման կանխարգելման նպատակով Թեհրանի այն շրջաններում, որտեղ սկսվել էին ցույցերը, այժմ գործում են անվտանգության ուժեղացված միջոցառումներ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր կառավարությունը կլսի ցուցարարների «օրինական պահանջները»։ Միևնույն ժամանակ, գլխավոր դատախազ Մոհամմեդ Մովահեդ-Ազադը զգուշացրել է, որ անկայունություն ստեղծելու ցանկացած փորձ կարժանանա, նրա խոսքով, «վճռական արձագանքի»։
ԼՐԱՑՎԱԾ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտարարել է, որ եթե Իրանը կրակ բացի և բռնի կերպով սպանի խաղաղ ցուցարարներին, Միացյալ Նահանգները կմիջամտի։
«Մենք ամբողջովին պատրաստ ենք և պատրաստ ենք գործողությունների»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։
Civilnet











