Գլխավոր Լրահոս

Նիկոլ Փաշինյանն ու 10 հոգևորականներ հայտարարել են եկեղեցու «բարենորոգման գործընթաց» սկսելու մասին

Նիկոլ Փաշինյանն ու 10 հոգևորականներ հայտարարել են եկեղեցու «բարենորոգման գործընթաց» սկսելու մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և 10 եպիսկոպոսներ «Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ» հայտարարություն են տարածել։ Այդ մասին Փաշինյանը տեղեկացրել է հունվարի 4-ին՝ իր ֆեյսբուքյան էջում։

Փաշինյանը նշել է, որ հոգևորականների հետ ձևավորում են համակարգող խորհուրդ, որին վերապահում են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։

Հայտարարության հեղինակները շեշտում են, որ եկեղեցու ներկայիս կառավարումը հանգեցրել է հոգևոր կյանքի խաթարման և ներքին պառակտումների։ Ըստ փաստաթղթի՝ եկեղեցին ներքաշվել է քաղաքականության մեջ և ծառայեցվել «օտար շահերի», ինչը որակվել է որպես հակականոնական գործելակերպ։

Նախաձեռնությունը «բարենորոգման օրակարգի» հանրահռչակումից հետո նախատեսում է «եկեղեցու փաստացի պետի հեռացում և հանգստի կոչում», այնուհետև Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, ինչպես նաև եկեղեցու նոր կանոնադրության ընդունում, որով կսահմանվեն ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր։ Վերջին փուլում պետք է ընտրվի Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հեղինակները կոչ են անում եկեղեցու բոլոր հետևորդներին միավորվել այս նպատակի շուրջ։ «Արժեքահենք հասարակության տեսլականը հնարավոր չէ կյանքի կոչել առանց մեր արժեհամակարգային կենտրոնի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության տակ ստորագրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և բարձրաստիճան հոգևորականներ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Բացի այդ, Փաշինյանը հունվարի 6-ին, ժամը 13։30-ին մարդկանց հրավիրել է ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից։ Երթը կուղղվի դեպի Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի։ Այս երթն էլ, ըստ նրա, այդ «բարենորոգման գործողություններից մեկն է»։

«Հաջորդ խորհուրդը՝ արտահայտել աջակցություն մեր պետականությանը և արտահայտել մեր դիրքորոշումն առ այն, որ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին մեր պետության, ինքնիշխանության, անկախության դեմ որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպն անընդունելի է, և մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու։ Հենց այս խորհուրդն է հատկապես էական ակցիայի երթային բնույթի տրամաբանության համար»,- հայտարարել է Փաշինյանը։

***

Հայաստանի իշխանության և եկեղեցականների միջև հարաբերությունները սրվել են 2025-ի կեսերից։ Վարչապետը կաթողիկոս Գարեգին Երկրորդին գահընկեց անելու արշավ է սկսել։ Իշխանությունների վարած քաղաքականությանը դեմ արտահայտվող մի քանի եկեղեցականներ տարբեր մեղադրանքներով կալանավորվել են, իսկ նրանցից մեկը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ դատապարտվել ազտազրկման։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում