Գլխավոր Լրահոս

Մայր Աթոռը հակասահմանադրական է որակել եկեղեցու «բարենորոգմանն» ուղղված գործողությունները

Մայր Աթոռը հակասահմանադրական է որակել եկեղեցու «բարենորոգմանն» ուղղված գործողությունները

Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները։ Այդ մասին հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ արձագանքելով վարչապետի և տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Երեկ երեկոյան վարչապետի և տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը։

ա․ Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները։

բ․ Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայից դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի են։ Եկեղեցու կյանքին առնչվող խնդիրների քննարկումները կատարվում են բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում՝ կանոնական կարգավորումների համաձայն։ Տարակուսելի է, որ հիշյալ տասը եպիսկոպոսներն առ այսօր որևէ կերպ չեն արձագանքել Մայր Աթոռից իրենց ուղղված կոչերին ու հրավերներին, շարունակում են խուսափել իրենց հուզող հարցերի շուրջ Ամենայն Հայոց Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպումներից ու քննարկումներից։

գ. Հարկ է ընդգծել, որ Եկեղեցու կանոնակարգային հարցերը և բարենորոգումը վերապահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետությանը՝ իր բարձրագույն կառույցներով։

դ․ Նման անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձվածի՝ ցավալի հետևանքներով»»,- նշված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և 10 եպիսկոպոսներ «Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման» վերաբերյալ հայտարարություն են տարածել։ Այդ մասին Փաշինյանը տեղեկացրել է հունվարի 4-ին՝ իր ֆեյսբուքյան էջում։

Փաշինյանը նշել է, որ հոգևորականների հետ ձևավորում են համակարգող խորհուրդ, որին վերապահում են կազմակերպչական գործառույթները։

Բացի այդ, Փաշինյանը հունվարի 6-ին, ժամը 13։30-ին մարդկանց հրավիրել է ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից։ Երթը կուղղվի դեպի Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի։ Այս երթն էլ, ըստ նրա, բարենորոգման գործողություններից մեկն է։

«Հաջորդ խորհուրդը՝ արտահայտել աջակցություն մեր պետականությանը և արտահայտել մեր դիրքորոշումն առ այն, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր պետության, ինքնիշխանության, անկախության դեմ որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպն անընդունելի է, և մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու։ Հենց այս խորհուրդն է հատկապես էական ակցիայի երթային բնույթի տրամաբանության համար»»,- հայտարարել է Փաշինյանը։

***

Հայաստանի իշխանության և եկեղեցականների միջև հարաբերությունները սրվել են 2025-ի կեսերից։ Վարչապետը կաթողիկոս Գարեգին Երկրորդին գահընկեց անելու արշավ է սկսել։ Իշխանությունների վարած քաղաքականությանը դեմ արտահայտվող մի քանի եկեղեցականներ տարբեր մեղադրանքներով կալանավորվել են, իսկ նրանցից մեկը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, դատապարտվել է ազատազրկման։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում