Վենեսուելան ԱՄՆ կարտահանի մինչև 2 մլրդ դոլարի նավթ

Կարակասն ու Վաշինգտոնը համաձայնության են եկել Միացյալ Նահանգներ մինչև 2 մլրդ դոլարի վենեսուելական հում նավթի արտահանման շուրջ, երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, առանցքային այս բանակցությունը նախատեսված է մատակարարումները Չինաստանից վերահասցեագրելու համար և միաժամանակ Վենեսուելային կօգնի խուսափել նավթի արդյունահանման ավելի խորը կրճատումներից։
Պայմանավորվածությունը վկայում է, որ Վենեսուելայի կառավարությունը արձագանքում է Թրամփի պահանջին՝ բացել երկրի նավթարդյունաբերությունը ամերիկյան նավթային ընկերությունների համար, հակառակ դեպքում՝ առերեսվել ավելի լայն ռազմական միջամտության ռիսկի։ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է, որ ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը ԱՄՆ-ին և ամերիկյան մասնավոր ընկերություններին տրամադրի «լիակատար հասանելիություն» Վենեսուելայի նավթային ոլորտին։
Վենեսուելան ունի միլիոնավոր բարել նավթ՝ բեռնված տանկերներում և պահեստարաններում, որոնք չի կարողացել Թրամփի՝ դեկտեմբերի կեսերից սահմանած շրջափակման պատճառով։ Այդ շրջափակումը ԱՄՆ-ի աճող ճնշման մաս էր նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության նկատմամբ, որն ավարտվեց շաբաթ օրը ամերիկյան ուժերի կողմից նրա ձերբակալությամբ և առևանգմամբ։
Թրամփը սոցիալական ցանցերում գրել է, որ Վենեսուելան ԱՄՆ-ին «կփոխանցի» 30-ից 50 մլն բարել «պատժամիջոցների ներքո նավթ»։
«Այս նավթը կվաճառվի շուկայական գնով, և այդ գումարները կվերահսկվեն իմ կողմից՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, որպեսզի ապահովվի դրանց օգտագործումը Վենեսուելայի և ԱՄՆ ժողովրդի շահերի համար»,- հավելել է նա։
Թրամփի խոսքով՝ գործարքի իրականացման պատասխանատուն ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթն է, իսկ նավթը կվերցվի նավերից և անմիջապես կուղարկվի ԱՄՆ նավահանգիստներ։
Երեքշաբթի ավելի վաղ Reuters-ին աղբյուրները հայտնել էին, որ սկզբնական փուլում փակված նավթի մատակարարումը ԱՄՆ կարող է պահանջել սկզբնապես Չինաստանի համար նախատեսված բեռների վերաբաշխում։ Վերջին տասնամյակում, հատկապես այն բանից հետո, երբ 2020-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Վենեսուելայի նավթային առևտրում ներգրավված ընկերությունների նկատմամբ, Չինաստանը Վենեսուելայի խոշորագույն գնորդն էր։
«Թրամփը ցանկանում է, որ սա արագ տեղի ունենա, որպեսզի կարողանա դա ներկայացնել որպես մեծ հաղթանակ»,- Reuters-ին ասել է նրա աղբյուրը նավթարդյունաբերությունում։
Վենեսուելայի կառավարությունը և պետական PDVSA ընկերությունը մեկնաբանություններ չեն տվել։
Chevron-ը վերահսկում է Վենեսուելայի նավթի հոսքերը դեպի ԱՄՆ
Թրամփի հայտարարությունից հետո ԱՄՆ-ում նավթի գները նվազել են ավելի քան 1,5%-ով, քանի որ ակնկալվում է, որ համաձայնությունը կավելացնի Վենեսուելայից ԱՄՆ արտահանվող նավթի ծավալները։
Այդ հոսքերը ներկայում ամբողջությամբ վերահսկվում են Chevron ընկերության կողմից, որը PDVSA-ի հիմնական համատեղ ձեռնարկության գործընկերն է և գործում է ԱՄՆ թույլտվության ներքո։ Chevron-ը վերջին շաբաթներին Վենեսուելայից ԱՄՆ է արտահանել օրական 100,000-ից 150,000 բարել նավթ և միակ ընկերությունն է, որը շրջափակման պայմաններում շարունակել է նավթի բեռնումն ու առաքումը առանց ընդհատումների։
Առայժմ հստակ չէ, թե Վենեսուելան արդյոք կունենա՞ հասանելիություն մատակարարումների արդյունքում գոյացող եկամուտներին։ Պատժամիջոցների պատճառով PDVSA-ն դուրս է մնացել համաշխարհային ֆինանսական համակարգից, նրա բանկային հաշիվները սառեցված են, և ընկերությունը չի կարող գործարքներ իրականացնել ԱՄՆ դոլարով։
Վենեսուելան իր հիմնական հում նավթատեսակը՝ Merey-ն, վաճառում է Brent-ից մոտ 22 դոլար էժան գնով՝ Վենեսուելայի նավահանգիստներում առաքման պայմանով, ինչը գործարքի ընդհանուր արժեքը հասցնում է մինչև 1,9 մլրդ դոլարի։
Երկուշաբթի երդմնակալությունն անցած ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը ևս ԱՄՆ պատժամիջոցների ներքո է՝ 2018-ին ժողովրդավարությունը խաթարելու մեղադրանքով։
Civilnet










